Ադրբեջանը Իրան է վերադարձրել բեռնատարների երկու վարորդներին, որոնք ձերբակալվել էին Հայաստանից Ղարաբաղ մտնելու փորձի ժամանակ։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։ Տեղեկացնում է azatutyun.am-ը։
«Ադրբեջանի Հանրապետությունը, ելնելով հումանիզմի, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքներից ու ցուցաբերելով բարի կամք, համաձայն համապատասխան պայմանավորվածության, հոկտեմբերի 21-ի առավոտյան Իրանին վերադարձրեց այդ երկրի երկու քաղաքացու», — ասված է հաղորդագրությունում:
Գերատեսչությունը նշում է, որ իրանցի վարորդները բերման են ենթարկվել «Ադրբեջանի մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով ապրանքներ տեղափոխելու, ինչպես նաև երկրի պահպանվող պետական սահմանն առանց փաստաթղթերի հատելու և անցակետերը շրջանցելու համար»:
Երկու իրանցի վարորդներին Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել էին սեպտեմբերի 15-ին Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: