ՊԲ-ն ցրելու մասին Արցախի նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

65

Արցախի Հանրապետության նախագահի կողմից Պաշտպանության բանակի՝ ադրբեջանական կողմի պահանջով, իբր, ցրման մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում «Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչություն» ՀԿ խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանի հայտարարությունն չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի ճշգրտող հարցմանն ի պատասխան՝ ասել է ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Արցախի պաշտպանության բանակը եղել և մնում է Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորներից մեկը: Հենց այս պահին մեր զինվորները կանգնած են դիրքում՝ թշնամուն դեմ հանդիման: Պաշտպանության բանակը ցրելու վերաբերյալ որևէ հարց Արցախի իշխանության օրակարգում չկա: Պաշտպանության բանակին վերաբերող բոլոր քննարկումները կապված են վերակազմավորման, վերազինման, արդիականացման և այլ հարցերի հետ: Մենք բազմաթիվ անելիքներ ունենք մեր ապագան կառուցելու համար, և բանակն այդ գործում առանցքային տեղ ունի»,- ասել է Լուսինե Ավանեսյանը։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում քննարկման ժամանակ «Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչություն» ՀԿ խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանը հայտարարել էր. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ մտադիր է ցրել բանակը: Ես հարցրեցի նրան. «Ո՞վ է քեզ նման իրավունք տվել», ինչին նա պատասխանեց. «Ադրբեջանցիներն են պահանջում»: