-Տղեդ ծնվի, նոր կգնաս։

-Չէ, գնամ կռվեմ, կգամ, տղուս կտենամ։ Չեմ թողնի՝ թշնամին գա, հասնի իմ տուն ու իմ ընտանիքին։

24-ամյա Մարտիկ Սարգսյանն արդեն մեկ տարի է՝ անհետ կորած է համարվում։

Մարտիկը

Մենք 8 տարի իրար սիրել ենք, բայց ընդամենը ապրել ենք իրար հետ 11 ամիս։ Հետո պատերազմն սկսվեց, ու Մարտիկը գնաց։ Մեր առաջնեկին էինք սպասում, արդեն մի քանի օր էր մնացել, որ ծնվի։ Էրեխու ծնվելուց մի քանի օր հետո նոր իմանում եմ, որ Ղարաբաղում ա եղել։ 

Ինքը Արարատի մարզի N զորամասում էր ծառայում որպես պայմանագրային զինծառայող։ Պատերազմն սկսվելուն պես նրանց տեղափոխել են Ջրական։

Սեպտեմբերի 27-ից

Պատերազմի ընթացքում անընդհատ կապի մեջ ենք եղել, գրում էր, զանգում էր, բայց ես չեմ իմացել, որ ինքը Ղարաբաղում ա եղել․ ինձ ասել ա՝ Հայաստանում ա, ամեն ինչ նորմալ ա, բան չկա։

Վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 18-ի երեկոյան։ Ասեց՝ «լավ նայի քեզ, առավոտը կզանգեմ, կխոսանք», ու ուղիղ մի տարի ա՝ ամեն առավոտ սպասում եմ, որ զանգի։ 

Հոկտեմբերի 19-ի լուսադեմին ա դեպքը տեղի ունեցել Իշխանաձորում։ Հրամանատարը պատմել ա, որ ԱԹՍ-ի հարվածից իրենց մեքենան պայթել ա։ Էդ ժամանակ ոչ մի բան չեմ իմանում ես։ Երկու օր հետո՝ հոկտեմբերի 21-ին մեր տղեն ա ծնվում՝ Արեգը, հենց պատերազմի ընթացքում։

Ինձ բոլորը խաբում, ասում էին՝ ամուսինդ գիտի, որ ծնվել ա, բայց եթե իմանար, ուրիշի հեռախոսով կզանգեր ինձ, էրեխուն կտենար։

Էնքան շատ էր սպասում էրեխու ծնվելուն, ու շատ էր ուրախացել, որ տղա ա լինելու։ Անունն էլ հենց ինքն էր որոշել՝ Արեգ։ Բայց ոչ տեղյակ եղավ, որ ծնվել ա, ոչ էլ տեսավ էրեխուն։

ՀԵՏՈ

Դրանից հետո շատ ենք ման եկել։ ԴՆԹ անալիզ ենք հանձնել, համապատասխանում չի եղել։ Կարմիր խաչ ենք դիմել՝ մտածելով՝ գուցե գերի լինի, գրասենյակ ենք դիմել, ամեն տեղ դիմել ենք։ Ոչ մի տեղից ոչ մի ապացույց էլ չունենք, որ գերի կարող ա լինի։ Ոչ զոհերի ցուցակում կա, ոչ հաստատված գերիների։

Զինակիցների մեծ մասը զոհվել են, իսկ ովքեր ողջ են, չեն հիշում, որ մի բան պատմեն մեզ։ Իրենց ջոկատից մենակ Մարտիկն ա համարվում անհետ կորած։ 

Մինչ օրս զորամասից ոչ ոք չի եկել, որ հետաքրքրվի իրենց զինվորով։ Ոչ էլ իր տղուն են տեսել, որ ծնվել ա, չեն հարցրել՝ «ո՞նց են պահում էդ երեխուն, կարող ա՞ ի վիճակի չեն»։

24 տարի սկեսրայրս աշխատել ա զորամասում, որտեղ որ ամուսինս էր աշխատում։ Ինքն ամեն շաբաթ գնում ա զորամաս, որ նորություն իմանա, բայց իրենցից ոչ մեկ մինչ օրս ոչինչ չի ասել։

Հոկտեմբերի 21-ին էլ մեր Արեգի մի տարեկանն ա լրանում, ու հայրը դեռ չի տեսել։ Հրաշքի սպասումով ենք, որ շուտով կգտնենք, ու կգա տուն։

ԱՆի Թորոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest