«Մեր աղբյուրը հայտնել է, որ ընտրակաշառք է բաժանում Առուշանյանի հայրը, բայց ես դրա ապացույցը չունեմ» ․Դանիել Իոաննիսյան

58

Առուշանյանը ոչ մեկի ընտրակաշառք չի բաժանել։ Առուշանյանը հոգացել է շտաբի ծախսերը։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Սյունիքի մարզում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Գորիս համայնքում հաղթեց գործող քաղաքապետի՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը։

Նույն օրը՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում հարուցվել էր քրեական գործ, ըստ որի Առուշ Առուշանյանի հայրը՝  Գագիկ Առուշանյանը, հոկտեմբերի 16-ին ընտրակաշառք է բաժանել: Ոստիկանությունը հետախուզել էր «Առուշանյան դաշինքի» շտաբը։

Առուշանյանների փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ հարուցվել է քրեկան գործ, որի շրջանակում հարցաքննվում են  բազմաթիվ քաղաքացիներ, հիմնականում Առուշանյան դաշինքի ավագանու անդամները, համակիրերը՝ առավոտից իրիկուն հարցաքննության են կանչվում։ Հարցաքննվել է մոտ 50 մարդ։

«Ոստիկանության հարցադրումը հետևյալն է՝ Գագիկ Առուշանյանի կողմից ընտրակաշառք բաժանվե՞լ է, թե ոչ, այդ բնույթի հարցեր են, բոլորը հերքում են դա, չի կարող լինել մեկը, ով կասի՝ նման բան է տեղի ունեցել։ Թող գնան հակառակորդ թիմում պարզեն այդ ամեն ինչը։ «Առուշանյան դաշինքը» փայլուն, մաքուր, թափանցիկ, արդար հաղթանակ ա տարել։ Այս ամեն ինչի նպատակը սև գիծ քաշելն է այս փայլուն հաղթանակի վրա, որպեսզի որևէ ձև իրենց խայտառակ պարտությունը արդարացնեն այս ճանապարհն են բռնել»,- մեզ հետ զրույցում ասաց Մելքոնյանը։

Դաշինքի շտաբում իրականացված խուզարկության արդյունքում ոստիկանները հայտնաբերել էին մի ցուցակ, մեր այն հարցին, թե ի՞նչ ցուցակ է եղել դա, Մելքոնյանը պատասխանեց, որ իր ցուցմունքում պատրաստվում է մանրամասնել, թե դա ինչ ցույցակ է եղել։ Անդրադառնալով դրա բովանդակությանը Մելքոնյանն ասաց․

«Կանչում են մարդկանց, ասում են հետևյալը՝ Առուշանյանը ձեզ ընտրակաշառք բաժանել է, թե ոչ։ Բնական է, որ Առուշանյանը ոչ մեկի ընտրակաշառք չի բաժանել։ Առուշանյանը հոգացել է շտաբի ծախսերը։ Կար բացված 18 շտաբ, այդ շտաբերը պե՞տք է մաքրվեին, թե ոչ, իհարկե այո, թուղթ ու գրիչ է պետք եղել, սուրճ ու շաքարավազ։ Օրենքով սահմանված կարգով այդ շտաբերի  ծախսերն է հոգացել, երբ բարեհաճեն մեզ հրավիրել հարցաքննության Առուշանյանը կտա մանրակրկիտ ցուցմունք։Ենթադրենք շտաբի մի անդամի տրամադրել է 60․000 դրամ, որպեսզի այդ միջոցներով շտաբի համար գնեն սուրճ, թեյ, միրգ, ջուր, գրիչ, հավաքարար պահեն, այդ 15 օրում բազմաթիվ մարդիկ են գնացել- եկել շտաբ և մաքրելու կարիք է եղել։ Այդ թուղթը, որ գտել են, դրա վրա այդ նշումներն են արված, մտածում են, որ դա ընտրակաշառք է, բայց իրականում օրենքով սահմանված ծախսերն են »։

Մելքոնյանը հավելեց, որ եթե գտնվի մեկը, որ ասի՝ Առուշանյան դաշինքից որևէ մեկը մեկ լումա է տվել իրենց ընտրելու համար, իրենք պատրաստ են ամենախիստ պատասխանատվության ենթարկվել։

Բերման ենթարկված քաղաքացիներից 3-ի հետ ես եմ  մասնակցել հարցաքննության, նրանք հերքել են, որ Առուշանյանը ընտրակաշառք է բաժանել, մնացածից տեղեկություններ չունեմ , կարծում եմ, որ եթե հոգիները չեն ծախել, ապա բոլորը պետք է հերքած լինեն, քանի որ նման բան չի եղել։ Չգիտեմ,գուցե մի սրիկա հայտնվի, որ ինչ-որ բան կասի, բայց ամեն ինչ քննությամբ կպարզվի։ Չնայած չեմ էլ հավատում դրան, որ այդ աստիճան սուտ կկարողանա ասել,- հավելեց Մելքոնյանը։

Գագիկ Առուշանյանը նույնպես հերքել էր իրեն առաջադրված մեղադրանքը։

«Գլուխները պատին են տալիս, սա հերթական շանտաժն Է, ուզում են սևացնել։ Սա իրենց փոքրոգությունն է, չի կարելի։ Չկա գեթ մեկ մարդ ով կասի՝ ինձ ընտրակաշառք են առաջարկել, չի կարող նման բան լինել,-azatutyun.am-ին ասել էր նա։

 «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոանիսյանը Forrights.am-ին ասաց,որ   իրենց տվյալներով ևս «Առուշ Առուշանյան» դաշինքի  օգտին ընտրակաշառք է բաժանվել։

«Մենք չունենք ճշգրիտ տվյալներ, թե ով է դա կազմակերպել, բայց ամսի 16-ի երեկոյան մեր աղբյուրներից մեկը հայտնել է, որ դա անում է Առուշ Առուշանյանի հայրը, բայց ես դրա ապացույցը չունեմ։ Ամեն դեպքում մենք բավարար հիմանավոր կասկածներ ունեինք, նույնիսկ վստահություն ունեինք, որ ընտրակաշառք է բաժանվում և նորմալ է, որ իրավապահները դրա հետ կապված գործողություններ են իրականացնում, ի վերջո իրավապահները հենց ստեղծված են հանցագործությունների դեմ պայքարելու համար,- ասաց Իոաննիսյանը ։

Անդրադառնալով՝ ընտրակաշառքի այլ ահազանգերի առթիվ քրեական գործեր չհարուցելու հանգամանքին Իոանիսյանը նշեց, որ Տեղ համայնքում ընտրակաշառք բաժանելու հետ կապված արժանահավատ  տեղեկություններ իրենք չունեն, բայց Տեղ համայնքում տեղի են ունեցել այլ խախտումներ՝ ընտրողների վրա ճնշումներ և այլն, որոնք պետք է պատշաճ քննության արժանանան, բայց չեն արժանանում։

Ի դեպ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը իր զեկույցում նշել էր, որ Սյունիքի մարզի Գորիս և Տեղ համայնքներում թե՛ երկարաժամկետ դիտարկման ընթացքում, թե՛ քվեարկության օրը արձանագրվել են ընտրողների և թեկնածուների նկատմամբ ճնշումների, սպառնալիքների, վարչական ռեսուրսի էական չարաշահումների և ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգեր։ 

Մեր հարցին, թե արյդոք Առուշ Առուշանյան դաշինքի օգտին բաժանված ընտրակաշառքի վերաբերյալ ունեցած տվյալները արժանահավատ են, Իոաննիսյանը պատասխանեց, որ այո, այդ դեպքում տվյալներն արժանահավատ են։

Խոսելով իրավապահ համակարգի գործողությունների մասին Իոաննիսյանն ասաց․

«Դեռ շուտ է գնահատական տալը, ամեն դեպքում խնդրահարույց է այն, որ Տեղ համայնքի մասով ոչինչ չի իրականացվում։ Հետագայում կտեսնենք, թե Գորիս համայնքի հետ կապված ինչ են անում։ Այն, որ մենք ինֆորմացիա ունենք չի նշանակում, որ այն ամենն ինչ անում է ոստիկանությունը՝ իրավաչափ է։ Ամեն դեպքում այն, որ ոստիկանությունը ինչ-որ բան անում է նորմալ է, բնական է, բայց կոնրետ գործողություները ինչքանով են իրավաչափ դժվար է ասել»,- եզրափակեց Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին դատախազությունը հայտարարեց, որ Սյունիքի մարզում տեղի ունեցած ՏԻՊ ընտությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում և ահազանգ։  Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝ 3-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, որոնցից մեկի առթիվ հարուցվել է քրեկան  գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասի և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ասպրամ Փարսադանյան