Հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքերով Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվեց երեք առանցքային քաղաքներում՝ Գյումրիում, Գորիսում եւ Մեղրիում: Գյումրիում անցողիկ շեմը հինգ ուժ է հաղթահարել՝ «Բալասանյան դաշինքը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Զարթոնքը», «Ապրելու երկիրը» և Հանրապետականը։ Սակայն այս ուժերից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չի կարող, քանի որ ստացած քվեներով ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ որևէ ուժի բաժին չի հասնի։ Այստեղ ձեւավորվելու է կոալիցիոն իշխանություն:
Գորիսում առաջատարը Առուշ Առոշանյանն է, իսկ Մեղրիում հաղթել է Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը:
Իշխանությունները հաղթել են Դիլիջան եւ Տեղ համայնքերում: Նախնական արդյունքերի պարզ լինելուց հետո իշխանությունները հայտարարեցին, որ սա նաեւ իրենց հաղթանակն է, քանի որ կարողացել են ապահավել ժողովրդավար ընտրություններ:
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը չի կիսում այս տեսակետը: Նա նշում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմի վարկանիշը նվազել է:
«Իշխող կուսակցության վարկանիշը հունիսից հետո բավականին ընկել է եւ շարունակում է ընկնել: Երկրորդ պատճառն էլ այն է, որ ՏԻՄ ընտրությունները համապետական ընտրություններից տարբերվում են, քաղաքացիները շատ կոնկրետ հանգամանքեր հաշվի առնելով են ընտրություն կատարում: ՏԻՄ ընտրության ժամանակ պոպուլիզմը նվազագույն դեր է կատարում, մարդիկ իրենց խնդիրները լուծելու ակնկալիքներ են ունենում, դրա համար էլ իշխող քաղաքական ուժի հռետորաբանությունը, պոպուլիզմը նախկիններին ասֆալտին փռելը չեն աշխատում»,- ասաց նա:
Մեկ այլ քաղաքագետ՝ Ստեփան Գրիգորյանի խոսքով էլ, տեղի են ունեցել ժողովրդավարության տեսանկյունից դրական ընտրություններ:
«Ես կարծում եմ, որ ժողովրդավարության դրսեւորում է: Ինչու մերժեցին, օրինակ Գյումրիում երկրորդ տեղը զբաղեցրեցին: Ես համարում եմ, որ հենց ժողովրդավարության արտահայտումն է: Ով ասեց, որ իշխող ուժը բոլոր ռեգիոններում պետք է իշխող լինի: Սա ժողովրդավարության տեսանկյունից, իսկ եթե նայենք իշխող ուժի տեսանկյունից, ապա իրենք պետք է հասկանան, թե իրենց անհաջողություններն ինչի հետ են կապված: ՔՊ-ն երեք քաղաքաներում երկրորդ տեղն է զբաղեցնում, ես չեմ կարծում, որ մերժեցին»,- ասաց նա:
Արմեն Բաղդասարյանը հակադարձում է՝ հիշեցնելով իշխանության չարաշահումների մասին:
«Ես չեմ կարծում, որ այդպես է, որովհետեւ մենք ականատես եղանք խախտումների: Վարչական ռեսուրսի կիրառում եղավ, Գորիսում, թեկուզ ընտրությունների օրը, որ այդքան ոստիկաններ կուտակվեցին: Այնպես չէ, որ շատ մաքուր ընտրություն էր»,-ասաց նա:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: