Բլեֆ է. իշխանությունը չի կարող հակված լինել պատերազմում իր կատարծ սխալները բացահայտելու հարցում. քաղաքագետ

78

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով իշխանությունները որոշել են քննիչ հանձնաժողով ստեղծել Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմով: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաեւ կղեկավարի քննիչ հանձնաժողովը:

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական թիմը հրաժարվում է հանձնաժողովի ձեւավորման՝ ավելի վաղ հայտարարված տարբերակից: Այն է՝ ստեղծել քննիչ հանձնաժողով, որում ներգրավված կլինեն նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ: Նման հավաստիացումներ արտահերթ ընտրություններից  հետո՝ հուլիսի 26-ին, արել էր Ալեն Սիմոնյանը, որն այժմ զբաղեցնում է խորհրդարանի նախագահի պաշտոնը: Ի դեպ, Սիմոնյանը հայտնել էր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացված որոշման մասին:

«Տեսանք, որ նույնիսկ դա տեղի չունեցավ, քանի որ շատ սուր է պարտության պատասխանատվության հարցը եւ պետք է ամբողջությամբ վերահսկելի լինի հանձնաժողովի աշխատանքը՝ անգամ արտախորհրդարանական ուժերի ներկայությունը համարեցին վտանգավոր»,- ասում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ ընդգծում, որ Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարան անցած թիմերը հակված են չբացահայտել պատերազմի հանգամանքները :

«Ես անլուրջ եմ համարում այդ միջոցառումը, որովհետեւ քաղաքական ազդեցությունը խորհրդարանի, որը որ կազմված է այն ուժերից, որոնք պատասխանատու են այդ պարտության համար, շատ մեծ է լինելու: Դրա համար հանձնաժողովը ֆորմալ փաստաթուղթ է արտադրելու, որտեղ ես բացառում եմ, որ ի հայտ գա մեր պարտության պատասխանները: Այսօրվա խորհրդարանը կազմված է այն ուժերից, որոնք որ պատասխանատու են մեր պարտության համար, բացառված է, որ հնարավոր կլինի ճշմարտություն բացահայտել 44-օրյա պատերազմի վերաբերյալ:»,- հիմնավորում է քաղաքագետը:

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ խորհրդարանական ուժերը  պատասխանատու են պարտության համար եւ  ակնկալել, որ անկեղծ բացահայտումներ կանեն իրենց սեփական գործողությունների վերաբերյալ, ողջամիտ չէ:  «Այդ հանձնաժողովը երկրում որեւէ նշանակություն չի ուենալու Ես չեմ ակնկալում ճշմարիտ զեկույց այդ հանձնաժողովից 44-օրյա պատերազմի պատճառների, ընթացքի եւ արդյունքերի վերաբերյալ: Բլեֆ է, իշխանությունը չի կարող հակված լինել իր կատարծ սխալները բացահայտել»,- ասաց նա եւ պատասխանելով հարցին, որ իշխանությունները պատրաստվում են ընդգրկված փորձագիտական շրջանակներ ներառել քննիչ հանձնաժողովում նշեց. «Կախված նրանից, թե ովքեր են այդ փորձագետներն այդ ժամանակ էլ կխոսենք»:

Անդրիաս Ղուկասյանը իր պնդումները հիմնավորում է այն հանգամանքով, որ այս իշխանության օրոք արդեն իսկ ստեղծվել է մեկ այլ հանձնաժողով, որը որեւէ հարցի պատասխան չի տվել հասարակությանը:

«Մենք ունեցել ենք նմանատիպ հանձնաժողով 2016 թվականի ռազմական գործողությունների վերաբերյալ եւ դա մեզ ի՞նչ արդյունք տվեց: Հասարակությունը պատասխանները չստացավ, նման հանձնաժողովները ստեղծվում են, որ հանրայնացվեն կարեւոր հարցերը, եթե նման բան տեղի չի ունենում, ապա անիմաստ են նման գործընթացները»,- եզրափակեց նա:

Նարեկ Կիրակոսյան