Ադրբեջանական կողմը 2021թ. հոկտեմբերի սկզբներից սկսած միտումնավոր թույլ է տալիս 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների կողմից եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածության խախտում և արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում իրականացնում է սադրիչ գործողություններ: Այս մասին հայտնում են Արցախի ԱԱԾ-ից՝ մանրամասնելով, որ դրանք մեկնարկել են Մարտակերտ քաղաքում քաղաքացիական խաղաղ բնակչի սպանությամբ և շարունակվել շփման գծի տարբեր հատվածներում:
«Եթե նախկինում կրակոցները հաճախ կրել են նախազգուշական նպատակ և ուղղված չէին հայ զինծառայողներին, ապա վերջին օրերին կտրուկ փոփոխվել է կրակոցի ուղղությունը` որպես թիրախ ընտրելով արդեն մարդկային կյանքերը: Երեկ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախային գնդակոծության է ենթարկվել նույն գյուղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով դրա մոտակայքում տեղակայված հայկական դիրքը: Դիմահար կրակոցներն արձակվել են այն աստիճան բացահայտ, որ դրանք արձանագրվել են հայկական կողմում տեղադրված տեսախցիկների կողմից (տեսանյութը կցվում է)»,- գրված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տեսանյութն ապացուցում է ոչ միայն հակառակորդի սադրիչ վարվելակերպը, այլև ակնհայտորեն վկայում, որ հայկական կողմը հավատարիմ է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությանը և որևէ վտանգ չի ներկայացնում ադրբեջանական զինվորականների համար:
«Միաժամանակ կրկին խնդրում և հորդորում ենք զերծ մնալ արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ չստուգված, հեռախոսազանգերի միջոցով որոնված թերի կամ իրականությանը բացարձակապես չհամընկնող տեղեկությունները հանրայնացնելու անընդունելի և անտրամաբանական մոտեցումներից: Անհրաժեշտ է գիտակցել այն պարզ ճշմարտությունը, որ ցանկացած սուտ կամ կեղծ տեղեկություն ուղիղ հարված է սահմանային մեր բնակավայրերի խաղաղ բնակիչների անվտանգությանը, նրանց հոգեկան առողջությանը, նպաստում է խուճապ և առավել վտանգավոր այլ հետևանքներ առաջացնելուն:»,- հայտնում են ԱՀ ԱԱԾ-ից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: