Բանկի աշխատողների պահանջով մարդուն փողոցից բռնել, տարել են հոգեբուժարան

122

«Առաջին օրը ինձ կապեցին, զոռով սրսկեցին: Դե, երևի,թմրադեղ էր: Ես զուգարան էի գնում, գլորվում էի, չէի կարում, վատացա էդ ասեղից, չէի կարում ման գամ: Չգիտեմ, ինչ են սրսկել, իրենք բացած են բերել դեղը: Ասեցին՝ հանգստացնող դեղ է: Էդ մի անգամ են սրսկել: Հետո ես էլ թույլ չեմ տվել, որ ինձ սրսկեն: Ինչ-որ փաստաթուղթ են բերում, պահանջում են, որ ստորագրեմ: Ես չեմ ստորագրում: Բժիշկներն ասում են՝ սպասի դատի, բայց իրենք էլ չգիտեն, ինչ դատի մասին է խոսքը: Ինձ ասում են՝ ստորագրի, նորմալ կլինի, շուտ կհելնես, եթե չստորագրես, դատ  կլինի: Դա էդ թուղթն ա, որ ես համաձայն եմ, որ մնամ ստեղ: ես ոչ մի բան չեմ ստորագրում:

Սեպտեմբերի 23-ին քաղաքացի Էդիկ Մարտիրոսյանին օրը ցերեկով փողոցից ոստիկանները ստիպողաբար նստեցրել են մեքենա և տարել են հոգեբուժարան՝«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն:

Արդեն 20 օրից ավել է, նրան պահում են հոգեբուժարանում:

Չունենալով Էդիկ Մարտիրոսյանի համաձայնությունը՝ նրան հոգեբուժարանում պահելու վերաբերյալ, չունենալով հարկադիր բուժման մասին դատարանի որոշում, քաղաքացուն արդեն 20 օր է, պահում են հոգեբուժարանում:

Այդ մասին Forrights.am կայքին և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությանը հայտնել է Էդիկ Մարտիրոսյանի ընկերներից մի երիտասարդ, խնդրելով օգնել, քանի որ Մարտիրոսյանը չունի հարազատներ և հոգեկան առողջության խնդիրներ:

Մենք հեռախոսակապ հաստատեցինք քաղաքացու հետ: Կարողացանք խոսել ընդամենը 5 րոպե, քանի որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնի կանոններով, հիվանդների հեռախոսները պահվում են բուժանձնակազմի մոտ և ընդամենը 5 րոպեյով են նրանց տրամադրվում:

 «Սեպտեմբերի 23-ին են ինձ այստեղ բերել՝ ոստիկաններն ու բժիշկները, Բաղրամյան փողոցից: Բերդի պալաժենի ա ստեղ: Իմ վերաբերյալ ոչ մի բան չկա: Ես ոչ մի բան չեմ արել: Ես առողջ մարդ եմ: Կանգնած, շաուրմա էի պատվիրում, ոըտեղ շաուրմայանոց կա, եկան, կանգնեցին, խոսակցություն, բան, ուզեցին հրահրել, որ ես իրանց խփեի, բայց ես ոչ մի բան չարեցի, բերեցին ստեղ»,- պատմեց քաղաքացին:

Նա թույլ չի տվել որևէ բուժական միջամտություն, հրաժարվել է դեղեր ընդունելուց և որևէ փաստաթուղթ ստորագրելուց: 

«Լրագրողներ հանուն մարդու իրավուքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը դիմեց Մարդու իրավունքների պաշտպանին, հայտնելով, որ մարդուն արդեն 20 օր է, առանց որևէ հիմքի պահում են հոգեբուժարանում:

Իրավապաշտպանը պարզել է, որ քաղաքացուն բերման են ենթարկել հոգեբուժարան բանկերից մեկի աշխատողների պահանջով:

«ՄԻՊ գրասենյակը պարզել է, որ բանկի աշխատողների հետ վիճաբանություն է տեղի ունեցել: Նրանք ոստիկաններ են կանչել և ասել են, որ Էդուարդ Մարտիրոսյանը ագրեսիվ վարք է դրսևորել: Մարդուն հարկադրաբար 20 օր պահել են հոգեբուժարանում, առանց հիմքի, ինչի հետևանքով այդ տղան իր աշխատանքն է կորցրել: Նա աշխատում  է քաղաքային այգիներից մեկում: Նա չգիտի, ինչ է անելու, երբ դուրս գա, մնացել է առանց աշխատանքի», — ասում է Ժաննա Ալեքսանյանը:

«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից Forrights.am-ի հարցերին հրաժարվեցին պատասխանել: Հերթապահ բժիշկն ասաց, որ մեր հարցերը պետք է ուղղենք բուժող բժշկին, որը առավոտյան է գալու:

Օրը ցերեկով առանց համաձայնության բերել եք հոգեբուժարան, և չե՞ք տալիս ոչ մի բացատրություն: Մեր հարցին հերթապահը պատասպանեց. «Նրան բերել է նրա բուժող բժիշկը, հետո դիմել ենք դատարան: Երբ որ լինի դատարանի որոշումը, նոր կսկսենք նրա բուժումը», — ասաց բժիշկը: Այսինքն՝ փողոցից ցանկացած մեկին կարող եք բռնել, բերել, հետո նոր մի 20 օր անց դատարանի որոշում բերե՞ք:

«Ոչ, ցանկացած մեկին չեն բերում: Եթե բերել են, ուրեմն, նա խնդիր է ունեցել: Հոգեբուժական բրիգադան գալիս է, տեղում վիճակը գնահատում է, այնուհետև բերում է հիվանդանոց», — պատասխանեցին «Նուբարաշենից»:

Սպասում ենք ոստիկանության և ՄԻՊ գրասենյակի արձագանքին: ՄԻՊ գրասենյակից մեզ հայտնեցին, որ երեկ այցելել են  Նուբարաշենի հոգեբուժարանում գտնվող Էդիկ Մարտիրոսյանին, լսել նրան, խոսել են նաև ադմինիստրատիվ կազմի հետ, շարունակելու են գրավոր հարցեր ուղղել իրավիճակն ամբողջությամբ պարզելու համար: ՄԻՊ-ը նաև պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում փաստաբան տրամադրել հարկադրաբար հոգեբուժարան բերված 40 ամյա տղամարդուն:

Հոգեբուժարանը դիմել է դատարան էդիկ Մարտիրոյանի հարցով, սակայն դատական նիստը ձգձգվում է և չի նշանակվում: Հասկանալի չէ, թե ինչու պետք է այս դեպքում մարդը մնա հոգեբուժարանում, կորցնի իր աշծատանքը և ավելորդ տառապանքներ կրի: Մենք կշարունակենք հետևել իրադարձությունների զարգացմանը:

Սյուզան Սիմոնյան