Կորոնավիրուսը քրեակատարողական հիմնարկներում. մահվան դեպքեր չեն արձանագրվել

30

Forrights.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից  տրամադրել են Covid 19 հիվանդության իրավիճակի վերաբերյալ տվյալներ։

2020 թվականից առ այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց շրջանում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման հետևյալ դեպքերը՝

2020 թվական՝ 

  12 կալանավորված անձ

  27 դատապարտյալ

2021 թվական՝

 3 կալանավորված անձ

 3 դատապարտյալ

Քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ 2020 թվականից առ այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց շրջանում Covid 19-ի արդյունքում մահվան դեպքեր չեն գրանցվել։

Ինչ վերաբերում է պատվաստմանը, 2021 թվականի ընթացքում անազատության մեջ պահվող անձանց շրջանում պարբերաբար իրականացվել են հարցումներ և կազմվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման ցանկություն հայտնած անձանց ցուցակներ։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, համագործակվելով ՀՀ առողջապահության նախարարության և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի հետ, առկա պատվաստանյութերի միջոցով տեղում կազմակերպել է վերջիններիս Covid 19-ի դեմ պատվաստման գործընթացը։ 

2021 թվականի հոկտեմբերի 4-ի դրությամբ՝ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել է անազատության մեջ պահվող թվով 124 անձ՝ 46 կալանավորված և 78 դատապարտված անձ։

Անազատության մեջ պահվող անձանց համար պարբերաբար իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների և պատվաստանյութերի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ՝ համաձայն պետական լիազոր մարմնի կողմից տրամադրվող տեղեկատվության։

Քրեակատարողական ծառայության համակարգի ծառայողների և անազատության մեջ պահվող անձանց առողջության պահպանման, այդ թվում՝ պատվաստման գործընթացը գտվում է Քրեակատարողական ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում։

ԱՆի Թորոսյան