Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պետք է դուրս մղվեն մեր հասարակությունից. ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորել է աղջիկ երեխաների միջազգային օրը

29

Արդեն 10 տարի հոկտեմբերի 11-ը նշվում է որպես աղջիկ երեխաների միջազգային օր: Օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ուղերձի մեջ, մասնավորապես, ասված է.

«Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով ու երջանկությամբ, տալիս են կյանքի դժվարությունները հաղթահարելու անսպառ մոտիվացիա։

Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի  զոհը, որ մեր կարծրատիպերի պատճառով ձախողվի նրանց կյանքի ճանապարհը:

Սա աղջիկ երեխաների այս միջազգային օրվա սկզբունքային նշանավորում է: 

Պետք է նրանց համար ստեղծենք հավասար պայմաններ, հնարավորություն տանք աղջիկ երեխաներին մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանը:

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, կրթությունից դուրս մնալը, բռնության ենթարկվելու արատավոր երևույթները պետք է ամբողջությամբ դուրս մղվեն մեր հասարակությունից։

Պետք է գիտակցենք, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր բաժին պատասխանատվությունն այս բոլոր հարցերում»: