«Փրկեք մեզ դատախազ Իսախանյանի ճիրաններից». տեսակցություն ցմահ դատապարտյալ, հացադուլավոր Արմեն Տեր-Սահակյանի հետ

464

Ցմահ դատապարտյալներ Արամ Պետրոսյանը, Ալիկ Գրիգորյանը և Արմեն Տեր-Սահակյանը անժամկետ հացադուլի մեջ են: 22 տարի և ավելի կալանավայրում անցկացնելուց հետո նրանք պահանջում են դատախազությունից դադարեցնել անմարդկային վերաբերմունքը իրենց նկատմամբ, չեղյալ  համարել իրենց կիսաբաց ռեժիմը կրկին փակ ռեժիմով փոխարինելու վերջերս ընդունված որոշումները: 

ԱՆ համապատասխան հանձնաժողովը մեղմացրել էր 4 ցմահ դատապարտյալների պահման ռեժիմը, սակայն նրանք ընդամենը մեկ ամիս  կարողացան անցկացնել համեմատական ազատության պայմաններում: Պատիժների օրինականությունը վերահսկող դատախազ Գ. Իսախանյանը կասեցրեց տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները և դատապարտյալներին կրկին վերադարձրեց խցեր: Հացադուլավորներից մեկին՝ Արմեն Տեր-Սահակյանին, հանդիպելու համար այցելեցինք «Նուբարաշեն» ՔԿՀ: 

 Դու ստեղ չագուչ ես խփում, ես քեզանից չեմ նեղանալու, դու չես կարա հելնես իշխանության դեմ»

ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով, բանդայի կազմակերպման և սպանությունների համար դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը կալանավայրում է 25 տարի: Իր ու իրեն մահապատժի դատապարտած դատավոր Գագիկ Պողոսյանի հետ երկխոսությունը հիշելով է նա սկսում զրույցը իրեն այցելող լրագրողների հետ: Համոզված է, որ Պողոսյան Գագոն չի իր դատավճիռը կայացնողը, այլ իր քաղաքական հակառակորդ Վանոյից վրեժ լուծող Քոչարյանը: 

 «Իմ դատավորն ասում էր՝ քո սռոկը տասը տարի ա, Արմեն ջան, բայց կարող ա, 15 տարի էլ տամ: Պողոսյան Գագոն, ասում էի՝ Պողոսյան ջան, դու ինձ մահապատիժ ես տալու, ասում էր՝ օրենսգիրքը կտրաքի, քեզ ով կարա մահապատիժ տա, ասի՝ ինձ Բագրամյան 26-ը արդեն տվել ա, դու ստեղ չագուչ ես խփում, ես քեզանից չեմ նեղանալու, դու չես կարա հելնես իշխանության դեմ»: 

Արմեն Տեր-Սահակյանին կիսաբաց ռեժիմ տանելու վերաբերալ քրեակատարողական հիմնարկը երկու անգամ որոշում է կայացրել՝ 2020 և 2021 թվականին: Անցյալ տարի Տեր-Սահակյանը հինգ ամիս է ապրել կիսաբաց ռեժիմում: Այս տարի՝ մոտ մեկ ամիս: Այդ ընթացքում հասցրել է կարգի բերել սենյակը, որն իրեն տվել էին: «Մաքուր, նորմալ սենյակ սարքեցի, մտածեցի, որ երկար կմնամ էդ սենյակում: Դաժե իրենց ասեցի՝ գրեք, որ ես օգնել եմ սենյակը կարգի բերելու: Չգրեցին: Դիմել էի աշխատանքի համար՝ որ այգի տան, այգեգործությամբ զբաղվեմ, ասեցին՝ հաստիք չկա: Բայց ես ձրի էի ուզում տիրություն անեմ այգուն, 60 տարեկան մարդ եմ, ես սիրում եմ ծառ-ծաղիկի հետ գործ ունենամ: Դա էլ մերժեցին: Ու հետո էլի բերեցին ստեղ»: 

 Եթե հարցը փողը չի, ու ինքը «հների» զակազն ա կատարում, թող ասի, ում զակազն ա

 Երկու անգամ էլ Արդարադատության նախարարության տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները կասեցնողը միևնույն դատախազն  է եղել՝  Գ. Իսախանյանը: Տեր-Սահակյանը բերդում մի անգամ է տեսել Իսախանյանին: «Նա կյանքում չի տեսել, մենք ոնց ենք ապրում: Մենակ հարցնում էր՝ նասկի ստացել եք, մայկա ստացել եք, ու մի հատ չէր հարցնի՝ ինչ՞ի համար եք նստած, ո՞նց եք ապրում: Ու ինքը որոշում է, թե իմ վարքը ոնցն է: ՔԿՀ-ն կարող է գնահատական տա, ես լավն եմ, վատն եմ, ռիսկային եմ, թե չէ, ու նրանց որոշումը ոչ ոք չպետք է փոխի, որովհետև նրանք են իմ հետ 25 տարի աշխատել: Մեր ռեժիմը փոխելու իմաստը չենք հասկանում, — դիմում է Արմեն Տեր-Սահակյանը վարչապետ Փաշինյանին,  — թող ասի, ինչքան ա ուզում, մենք էլ իմանանք, էդ փողը ունենք, թե չունենք, նոր ռեժիմի փոփոխության համար դիմենք: Եթե հարցը փողը չի, ու ինքը «հների» զակազն ա կատարում, թող ասի, ում զակազն ա: Ինչ է ուզում Իսախանյանը 25 տարվա կալանավորից: Իրենք ամեն գնով ուզում են մեզ ճնշած պահել: Սա կոռուպցիա է»: 

2020 թվականին Արմեն Տեր-Սահակյանին կրկին փակ խուց վերադարձնելը դատախազ Իսախանյանը պատճառաբանել էր նրանով, որ դատապարտյալը օրինակելի վարք չի ցուցաբերել, զազրախոսության համար տույժ ունի: Տեր-Սահակյանը պնդում է, որ տույժը իրեն հետին թվով են տվել: 

«Անցյալ տարվա հունիսին ինձ կանչեցին, ասեցին՝ կիսաբացի դիմում գրի, ես գրեցի, ամսի 14-ին բերեցին ցույց տվեցին, թե իբր՝ ես ամսի 13-ին զազրախոսության համար տույժ ունեմ: Զազրախոսությունը այն  խախտումն է, որը ցանկացած պահի կարող են դնել: Ինքը եթե կարող է բերի քրեական օրենսգրքով նախատեսված մի որևէ խախտում, ես ինքս կգնամ»:

«Դա մարդու  իրավունքների խախտում է՝ ում գործն է, ես գիրք կկարդամ, թե չեմ կարդա»

Դատապարտյալի ռեժիմը փոխելիս հաշվի են առնում դատապարտյալի մասնակցությունը սոցիալական, հոգեբանական, իրավական և դաստիարակչական աշխատանքներին՝ արդյոք զբաղվել է նա սպորտով, թե ոչ, քանի անգամ է հաճախել գրադարան, և այլն: Այս կանոնները Տեր-Սահակյանը հնացած է համարում. «Դա մարդու  իրավունքների խախտում է՝ ում գործն է, ես գիրք կկարդամ, թե չեմ կարդա, շախմատ կխաղամ, թե չէ, սպորտով կզբաղվեմ, թե չեմ զբաղվի, դրանք իմ ցանկությունն են, ոչ ոք ինձ չի կարող պարտադրել, բայց մի անգամ ինձ  մերժել են սպորտզալ չգնալու համար: Հիմա ես երեք դաընթացների եմ մասնակցում՝ անգլերեն, կամպյուտրի, պատմության, բայց կարող է, ես ուզում եմ բանվոր աշխատեմ, այգեպանությամբ զբաղվեմ, դա իմ ապրելակերպն է, ես պետք է որոշեմ, թե ինչով եմ զբաղվելու: Դատախազը իրավունք չունի դրանով որոշի ես ուղղվել եմ, թե չէ: Ես բանվորություն եմ ուզում սովորել, որ դուրս գամ, իմ ընտանիքը կարողանամ պահել»: 

 «18 թվին ամբողջ Հայաստանը գլխարկին գրեց՝ «Դուխով»: Ուրեմն, սաղ Հայաստանի ռիսկայնությունը բարձր էր»

Պրոբացիոն ծառայությունը Արմեն Տեր-Սահակյանին համարում է բարձր ռիսկայնության դատապարտյալ: Անհայտ պատճառաբանությամբ այս սուբյեկտիվ գնահատականը, ըստ Տեր-Սահակյանի, կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում: 

«Ես նրանց հարցնում եմ՝ ես ի՞նչ հանցագործություն եմ արել, որ դուք իմ ռիսկայնությունը բարձր եք գրել: 18 թվին ամբողջ Հայաստանը գլխարկին գրեց՝ «Դուխով»: Ուրեմն, սաղ Հայաստանի ռիսկայնությունը բարձր էր: Իրանց պետք է բոլորին բերել փակե՞լ, թ՞ե վտարել: Եղբայր, ի՞նչ արժե քո ռիսկայնության բարձր-ցածր գրելը, գինը ինչքա՞ն է: Սաղին նույնն են ասում: 100 երգից մեկը գիտեն՝ ռիսկայնությունը բարձր, այն էլ էն դեպքում, երբ ռիսկայնությունը չափում են հատուկ գործիքով, որը Հայաստանը չունի: Օդից վերցնում, գրում  են՝ ռիսկայնութունը բարձր: Այսինքն՝ դու ինձ մտցնում ես տուպիկ, որ ես քեզ դուրսը տեսնե՞մ: Թող մնա պրոբացիան, եթե ես վաղաժամկետ ազատվեմ, կգնամ, կմտնեմ պրոբացիայի հսկողության տակ, բայց քանի դեռ ես այստեղ եմ, ՔԿՀ-ն պետք է որոշի, ես ռիսկային եմ, թե չէ»: 

Հ. Գ.Արմեն Տեր-Սահակյանի  ռեժիմի փոփոխության որոշումը ընդունվել է, սակայն համապատասխան որոշումը ստացել է միայն երեկ՝ հոկտեմբերի 8-ին: Նա և մյուս հացաուլավորները դատական կարգով բողոքարկելու են այն: Նրանք հույս ունեն, որ դատարանը կփրկի իրենց Իսախանյանի ճիրաններից: Երեք հացադուլավորներից ամենածանրը Արամ Պետրոսյանի վիճակն է: Նա արդեն 26 օր է՝ հացադուլի  մեջ է: Առողջական ծանր խնդիրներ ունի: Մինչ օրս դատախազությունը չի տրամադրել նրան իր պահման ռեժիմի փոփոխության վերաբերյալ որոշումը:   

Սյուզան Սիմոնյան