Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան սահմանափակել են Moderna-ի օգտագործումը 30 տարեկանից ցածր տղամարդկանց համար

102

Երեկ Ֆինլանդիան, հետևելով Շվեդիայի և Դանիայի օրինակին, դադարեցրել է Moderna պատվաստանյութի օգտագործումը երիտասարդ տղամարդկանց շրջանում: Այս մասին հաղորդում է reuters.com –ը։

Ֆինլանդիայի առողջապահական ինստիտուտի տնօրեն Միկա Սալմինենի խոսքով՝ 1991 թվականից հետո ծնված տղամարդկանց Moderna-յի փոխարեն  Ֆինլանդիան կտրամադրի  Pfizer։

«Հետազոտությունը, որն իրականացվել է Ֆինլանդիայի, Շվեդիայի, Նորվեգիայի և Դանիայի մասնակցությամբ, ցույց է տվել, որ մինչև 30 տարեկան տղամարդիկ, ովքեր պատվաստվել են Moderna Spikevax-ով, սիրտանոթային հիվանդություններ ունենալու ավելի բարձր ռիսկային գոտում են գտնվում»։

Շվեդիայի և Դանիայի առողջապահության պատասխանատուները չորեքշաբթի հայտարարել էին, որ դադարեցնելու են Moderna պատվաստանյութի օգտագործումը բոլոր երիտասարդների և երեխաների համար։

Նորվեգիայի առողջապահության պատասխանատուները հայտարարություն են արել՝  խորհուրդ տալով 30 տարեկանից ցածր տղամարդկանց ընտրել Pfizer պատվաստանյութը։

Ֆիննական ինստիտուտը հայտնել է, որ Սկանդինավյան ուսումնասիրությունը կրապարակվի մի քանի շաբաթվա ընթացքում։ Նախնական տվյալները ուղարկվել են Եվրոպական դեղամիջոցների գործակալությանը  հետագա գնահատման համար:

Եվրոպական դեղամիջոցների գործակալության անվտանգության հանձնաժողովը հուլիսին եզրակացրել էր, որ սրտի նման բորբոքային հիվանդությունները կարող են առաջանալ շատ հազվադեպ դեպքերում ` Spikevax- ով կամ Pfizer/BioNTech Comirnaty- ով պատվաստումից հետո։ Ավելի հաճախ՝ այն հանդիպում է երիտասարդ տղամարկանց մոտ երկրորդ դեղաչափը ստանալուց հետո։

Moderna-յի ներկայացուցիչը նույն օրն ասել է, որ տեղյակ է շվեդական և դանիական կառավարությունների որոշումներից՝ նշելով․

«Սրանք սովորաբար թեթև դեպքերն են, և մարդիկ սովորական բուժումից և հանգստից հետո կարճ ժամանակում կարողանում են վերականգնվել։  Միոկարդիտի ռիսկը զգալիորեն մեծանում է նրանց մոտ, ովքեր վարակվում են COVID-19- ով, և պատվաստումը դա կանխելու լավագույն միջոցն է»:

Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Իտալիան չի պլանավորում կասեցնել Moderna պատվաստանյութի օգտագործումը։  Նա նաև հավելել է, որ Եվրոպական երկրները պետք է սերտորեն համագործակցեն ` ավելի համակարգված աշխատելու համար։

«Մենք պետք է վստահենք միջազգային իշխանություններին ՝ հատկապես Եվրոպական դեղամիջոցների գործակալությանը, քանի որ այս հարցի վերաբերյալ գործակալությունն արդեն հստակ դատողություններ է կատարել»։