«Կառավարությունը երեկ գրավոր ընթացակարգով որոշում է ընդունել՝ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ նշանակելու վերաբերյալ: Երեկ որոշում ընդունելը պայմանավորված էր ժամկետների պահպանման անհրաժեշտությամբ»,- կառավարության հերթական նիստին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ ՏԻՄ ընտրություններ կլինեն երեք օր՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 և դեկտեմբերի 5։

Արդյունքում, Հայաստանում կունենանք 79 համայնք, ներառյալ՝ Երևանը, Գյումրին և 5 համայնքներ, որոնք ազգային փոքրամասնություններով են բնակեցված և միավորման որևէ գործընթացի մեջ չեն ընդգրկվել: Առաջին որոշմամբ՝ 441 համայնք միավորվելու է 38 համայնքային փնջերում:

Երեկ կայացված երկրորդ որոշմամբ՝ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում նույնպես կանցկացվի ընտրություն, բայց քանի որ ընտրողների թիվն այս համայնքներում 4000-ից քիչ է, այս երկու համայնքներում կիրականացվի մեծամասնական ընտրակարգով ընտրություն, երկուսն էլ ազգային փոքրամասնություններով բնակեցված, բայց խոշորացվող համայնքներ»: Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ համամասնական ընտրակարգով ընտրություններ լինելու են այն քաղաքներում, որտեղ ընտրողների թիվը գերազանցում է չորս հազարը։ Վարչապետի խոսքով՝ այստեղ առանձնահատկությունն այն է, որ սրանով, ըստ էության, խոշորացման այս փուլը ամփոփվում է։ Այս ընտրություններով ոչ թե խոշորացումն է կայացվում, այլ պարզապես խոշորացումից հետո ընտրությունները տեղի են ունենում նոր կարգով: «Համայնքների մեծամասնությունում տեղի են ունենալու համամասնական ընտրություններ, ինչը նշանակում է, որ ընտրողները քվեարկություն են կատարելու քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական ցուցակների միջև, որտեղ առաջին համարը, ենթադրվում է, որ քաղաքապետի թեկնածուն է, բայց ընտրությունների արդյունքներից կախված՝ կարող է և՛ ընտրվել քաղաքապետն ընտրողների քվեարկության արդյունքում, և՛ կարող է նաև ավագանիում տեղի ունենալ»,- ամփոփեց վարչապետը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest