Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 6—ին Հռոմում հանդիպել է Իտալիայի արդարադատության նախարար Մարտա Կարտաբիային։
«Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է նոր խթան հաղորդելու Հայաստան-Իտալիա հարաբերություններին»,-նշված է ՀՀ ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:
Շեշտելով, որ արդարադատության բարեփոխումները Հայաստանի կառավարության օրակարգի ամենակարևոր ուղղություններից են՝ Կարեն Անդրեասյանն իտալացի գործընկերոջը ներկայացրել է վերջին երեք տարիների ընթացքում այդ ոլորտում իրականացված աշխատանքներն, ինչպես նաև՝ անդրադարձել Հայաստանի հակակոռուպցիոն օրակարգին, մարդու իրավունքների պաշտպանությանը, ոստիկանության, քրեակատարողական համակարգի և այլ ոլորտների բարեփոխումներին:
Կարեն Անդրեասյանը Մարտա Կարտաբիայի հետ զրույցում շեշտել է, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է ստեղծել նոր և թափանցիկ ինստիտուտներ՝ միջազգային, այդ թվում` եվրոպական գործընկերների աջակցությամբ։ Այդ համատեքստում, նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Իտալիային «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրի ներդրման համար, որով ԵԱՀԿ-ն օգնում է ՀՀ կառավարությանը ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե։ Ծրագրի հիմնական դոնոր պետությունը Իտալիայի Հանրապետությունն է:
Հայաստանի արդարադատության նախարարը Մարտա Կարտաբիային Հայաստան այցելելու հրավեր է արել։
Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների Արդարադատության ակադեմիաների միջև համագործակցության խորացմանը նպաստող հուշագրի ստորագրման արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Իտալիայի արդարադատության ինստիտուտի նախագահ Ջորջիո Լատանցին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: