«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Կարեն Հովհաննիսյանն այսօր  հացադուլ է հայտարարել: Նա մեկ պահանջ ունի՝ դադարեցնել անմարդկային վերաբերմունքն իր նկատմամբ, պատժել իր դահիճներին՝ այն իրավապահներին, որոնք իրեն հաշմանդամ են դարձրել, նրանց, ովքեր 2 տարի առաջ իրեն կտտանքների են ենթարկել, նաև նրանց, ովքեր ամեն ինչ անում են, որ խոշտանգումների փաստը չբացահայտվի: 

«Պանտերա» պահնորդական ծառայության նախկին աշխատակից Կարեն Հովհաննիսյանը՝ հիշեցնենք, արդեն մոտ երեք տարի կալանքի տակ է: Նրան դատում են 2018 օգոստոսի 30-ին Երևանում, Արարատյան փողոցի տներից մեկում 28-ամյա Մարինե Դանիելյանին առանձին դաժանությամբ սպանելու համար, սակայն ինքը չի ընդունել իր մեղքը: Երեք տարի առաջ Շենգավիթի ոստիկանությունում նրան ծեծի են ենթարկել, խոստովանություն կորզելու նպատակով:  Կտտանքները շարունակվել են «Նուբարշեն» ՔԿՀ-ում, որտեղ նա երկարատև հացադուլ էր հայտարարել: Բերդի շխատողները նրան ծեծի են ենթարկել, ու խոշտանգումների են ենթարկել, որից հետո Կարեն Հովհաննիսյանը երկրորդ կարգի հաշմանդամություն է ձեռք բերել:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը և փատաբան Սարգիս Խաչատրյանը օգոստոսի 5-ին համատեղ ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ հայտարարեցին, որ կալանավոր Կարեն Հովհաննիսյանին խոշտանգումների է ենթարկվել ոստիկանության, ապա նաև ՔԿՀ աշխատողների կողմից:

Եւ  միայն այս բարձրաձայնումից հետո Կարեն Հովհաննիսյանին խոշտանգման ենթարկելու փաստով Հատուկ քննչական ծառայությունը սեպտեմբերին քրեական գործ հարուցեց /Քր. Օր.309.1 հոդվածով/:

Ինչո՞ւ այսքան ուշ գործը հասավ հատուկ քննչական ծառայություն, այն դեպքում, երբ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին կալանավորը Կենտրոնի քննչական վարչությունում հանգամանալից ցուցմունք է տվել խոշտանգման վերբերյալ: Քննիչը պարտավոր էր այդ մասով առանձնացնել նյութերը և ուղարկել ՀՔԾ: Այս հարցը օրերս դատախազության առաջ բարձրացրել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության փաստաբան Մոնիկա Մարգարյանը:

Նա բողոք է ներկայացրել, պահանջելով պատասխանատվության ենթարկել  հսկող դատախազի և քննիչին անգործության համար:

«Քննիչը խոշըտանգման դեպքով քրգործ հարուցելու հարցը չի  լուծել, դատախազն էլ անգործություն է ցուցաբերել: Գործը հարուցվել է միայն Ժաննա Ալեքսանյանի  ասուլիսից հետո: Իրենք շատ կոպիտ սխալ են թույլ տվել: 2019 թվականի մարտին է եղել խոշտանգումը: Հիմա նոր, դեպքից երկու տարի անց գործ են հարուցել: Ընդ որում, խոշտանգման գործով այս մի ամսվա ընթացքում ես չեմ նկատում գործի քննության անհապաղություն, արագ գործելու ձգտում», — ասում է փաստաբանը:

Forrights.am-ին նա նաև հայտնեց, որ Կենտրոնի քննչականում ևս մի գործ է քննվում Կարեն Հովհաննիսյանի վերաբերյալ: Նա բողոքել էր, որ իրեն պատշաճ բուժօգնություն չեն տրամարել: Դեռևս փետրվարին հարուցված այդ գործով /Քր. օր. 130 հոդված/, դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն էր նշանակված, որը մինչև հիմա չէր կատարվում: «Ձգձգելով փորձաքննությունը, արվում  է ամեն ինչ, որպեսզի խոշտանգման հետքերը հնարավորինս վերանան: Քննիչն ինձ բանավոր ասել է, որ փորձաքննությունը չի իրականացվում, քանի որ քրեակատարողական հիմնարկց հրաժարվում են Կարեն Հովհաննիսյանին տեղափոխել հիվանդանոց, հետազոտություններ իրականացնելու նպատակով, իբր՝ կալանավորը այնպիսի վիճակում է, որ նրան չեն կարող հիվանդանոց տեղափոխել: Սա անահավանական է, բա ինչպե՞ս են նրան դատարան տանում սպանության գործով դատաքննության», — հարցնում է փաստաբանը:  

Օրերս Կարեն Հովհաննիսյանին փորձագետներ են այցելել:  «Գնացել են նրա մոտ, ասել են՝ դե, դու հրաժարվում ես գնալ հիվանդանոց: Կարենը ասել է, որ ինքը չի հրաժարվել: Փորձագետները  նրան տեղում հետազոտել են առանց գործիքների, առանց սարքավորումների: Եթե անհրաժեշտություն կար Կարեն Հովհաննիսյանին հիվանդանոցում հետազոտելու, դա պետք է պարտադիր արվեր, համապատասխան տեխնիկական  միջոցներով»:

Կարեն Հովհաննիսյանը հուսալքված է: Նրան հացադուլի դրդող վերջին կաթիլը եղել է այն, որ քննիչները փորձում են ներկայացնել, թե իբր՝  ինքը հրաժարվում է փորձաքննություններից:

Կարենի կինը՝ Արևիկ Շախբարյանը բողոքել է գլխավոր դատախազին և արդարադատության նախարարին:

Նա մեզ հետ հեռախոսազրույցում նշեց. «Դատախազությունը փորձում է ցույց տալ, որ Կարենը առողջական խնդիր չունի, որ նա ձևացնում է, թե հիվանդ է: Ամուսինս մահանում է աչքիս առաջ, օրեցօր ավելի վատանում է նրա վիճակը: Ատամները հերթով թափվում են: Մենակ լեզուն տեսնելով բավական է հասկանալ, որ մարդը ներսից քայքայվում է: Ես էլ չեմ գնում տեսակցության գնալ, որովհետև նա չի կարողանում անվասալյանի վրա գոնե կես ժամ դիմանալ, որ երեխաներին  տեսնի», — ասում է Արևիկը: Նա անընդհատ տարբեր պաշտոնյաների խնդրում է, որ ամուսնուն տանեն բուժումների, քանի որ քրեակատարողական հիմնարկում ստացած բուժումները ոչ մի արդյունք չեն տալիս:

Արևիկ Շախբարյանը բազմազավակ մայր է: Կարեն Հովհաննիսյանն իր 4 երեխաների միակ կերակրողն է եղել: Երեկ Արևիկը վերջին անգամ խոսել է Կարենի հետ, խնդրել է, որ հացադուլ չմտնի: Ապարդյուն:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest