Հադրութից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով տրամադրել բնակարանային վարձերը և ներկայացնել՝ ինչ ծրագրերն ու նախագծեր կան իրենց բնակարաններով ապահովելու վերաբերյալ։
«Հադրութցիներին ընդհանրապես հաշվառում չեն կատարում, չգիտեն՝ով որտեղ ա։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 2500 հադրութցի արդեն լքել ա ՀՀ տարածքը։ Մի քանի օր առաջ Արցախի օպերատիվ շտաբից ասել են, որ 500-ով էլ ա ավելացել։ Այսինքն, Հադրութի 3000-ից ավելի բնակիչ Հայաստանից գնացել ա՝ նման վերաբերմունքի համար»,- լրագրողների հետ զրույցում պատմում է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Հադրութցիները 45 օր առաջ կառավարությանը նամակ են հղել՝ ցանկանալով իմանալ, թե ի՞նչ են մտածում Արցախից տեղահանված բնակչության համար, որոնք ՀՀ-ում են գտնվում։ Այսօրվա հավաքի նպատակն է պարզել, թե ինչու՞ մինչև հիմա կառավարությունից ոչ մի պատասխան չի եղել, և թե ինչ ծրագրեր ու նախագծեր ունեն «մեր հետագա ճակատագրի վերաբերյալ»։
«Մենք տեղահանված ենք, ունենք ՀՀ քաղաքացիության անձնագիր, բայց ՀՀ քաղաքացի չենք համարվում, մենք այսօր չգիտենք, թե ովքեր ենք, և ինչ կարգավիճակի մեջ ենք գտնվում։ Ունենք պարտականություններ, բայց ոչ մի իրավունք չունենք։ Շուտով ձմեռ ա գալիս, բնակարանային հարցի լուծման ոչ մի տեղաշարժ չկա։ Վերջին երկու ամիսը սոցվճարներն էլ են դադարեցրել»։
Քիչ առաջ հադրութցիները հանդպիեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի հետ, որի ընթացքում խոսել են բնակարանային վարձի հետ կապված ծրագրերի մասին։
«Հանդիպման ժամանակ խոսել են 50,000 դրամների մասին, ասել են՝ էս շաբաթվա մեջ որոշումը կլինի։ Ասել են որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները միասին են տրամադրելու։ Նշել ենք նաև, որ մեր բնակարանային վարձերի հետ կապված հստակ ծրագիրը գծեն։ Բայց ոչ մի հստակ բան չեն ասել էլի, ոչ մի հստակ ժամկետ չեն նշել»։
Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության շենքից պատրաստվում են գնալ Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբ։
«Գնում եմ՝ իմ գումարը պահանջեմ, որ տանեմ, տանս վարձը տամ։ Գնալու ենք, էնքան նստենք մինչև մեր հարցերը լուծվեն»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: