Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Նա տեղեկացրել է, որ մտադիր են բողոքարկել վճռաբեկ դատարանի որոշումը և ընդգծել՝ Աղվան Հովսեփյանը մեղադրանքը չի ընդունում, այն որակում է որպես ապօրինի։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը կալանավորվել էր սեպտեմբերի սկզբին։ Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազի եւ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում մասնակցել է մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը, նաեւ՝ ստացել 190.000.000 ՀՀ դրամ կաշառք, խարդախության եղանակով կատարել 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն, օրինականացրել է(փողերի լվացում) հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: