ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի ներկայացված Հայաստանի գանգատում օգտագործված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արտահերթ զեկույցներն ու փաստահավաք աշխատանքի արդյունքում ձեռք բերված այլ ապացույցներ։
Մարդու իրավունքների պաշտպանի փակ զեկույցներից ևս մեջբերումներ են պարունակում գանգատում, իսկ այդ փակ զեկույցները հասանելի են դատարանին դիմումին կցված տարբերակով։
Գանգատն ունի առանձին մասեր, որոնք վերաբերում են հայկական կողմի գերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային ու դաժան վերաբերմունքին։ Այստեղ հղումներ կան նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի վերջերս հրապարակած զեկույցին, որում ցույց է տրված կոնկրետ ապացույցներով Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու հարցում։
Գերիներին ու քաղաքացիական անձանց իրավունքներին առնչվող հատվածում առկա է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցին ևս մեկ հղում, որտեղ մանրամասն ներկայացվում է, որ Ադրբեջանում հայկական կողմի գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող որևէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար և չեն կարող ապացույց լինել միջազգային, այդ թվում` դատական ատյաններում:
Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Հայաստանի գանգատում մանրամասն շարադրված է Ադրբեջանում հայատյացությունը, իսկ որպես ապացույց ներկայացված է նաև Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հրապարակած համատեղ արտահերթ զեկույցը ։ Այն հիմնավորում է էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը տեռորիստական մեթոդներով: Զեկույցն ապացուցում է, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը տարիների թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք է:
Զեկույցը նաև ապացուցում է, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճախ թիրախում ունենալով երեխաների:
Գանգատում Ադրբեջանի ոճրագործությունների և էթնիկ զտումների քաղաքականության ապացուցման մասում օգտագործված են Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների արտահերթ փակ զեկույցները, որոնք վերաբերում են էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանություններին ու վայրագություններին։
2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջակա գյուղերի նկատմամբ ադրբեջանական ԱԹՍ-ների հարվածների ու հրետակոծությունների առնչությամբ փաստահավաք աշխատանքների վերաբերյալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը ևս արտացոլված է գանգատում (, անգլերեն՝ https://bit.ly/39RzTpz)։
Գանգատում առանձին տեղ է հատկացված հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ադրբեջանական զինված ծառայողների կողմից 2020 թվականի պատերազմի ընթացքում։ Այս բաժնում ևս հղում է կատարված Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փաստագրած տեսանյութին, որը վերաբերում է Արցախի Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին ցինիզմով անարգելուն ու վանդալիզմի ենթարկելուն։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ այս դեպքը թե´ էթնիկ, թե´ կրոնական հիմքով բացահայտ ատելությամբ կատարված արարք է: Ընդ որում, խոսքը ոչ թե առանձին ինչ-որ դեպքի մասին է, այլ սա Ադրբեջանում տարիների ատելության ու թշնամանքի համակարգված քաղաքականության արդյունքն է, որ շարունակվում է նաև ներկայում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: