Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արդեն մեկ ամիս է չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալի: Հանձնաժողովը նախագահում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը: Տեղակալի պաշտոնում, ըստ Դոնթի բանաձևի, թեկնածու առաջադրելու իրավունք ունի Ռոբերտ Քոչարյանի շուրջ ձևավորված «Հայաստան» խմբակցությունը:
Ընդդիմադիր խմբակցությունն այդ պաշտոնի համար առաջադել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Հանձնաժողովը, որտեղ որոշիչ քվե ունեն ՔՊ-ական պատգամավորներն, արդեն 5-րդ անգամն է ինչ մերժում են Ղազինյանի թեկնածությունը: «Հայաստան» խմբակցությունից համառորեն առաջադրում են կրկին նրա թեկնածությունը:
Նիստերն անցնում են լարված մթնոլորտում: Քոչարյանի ղեկավարած դաշինքի անդամները կեսից լքում են նիստերը:
Իշխանությունը Ղազինյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում չի ընտրում մի քանի պատճառով: Վերջինս Նիկոլ Փաշինյանին Հայրենիքի փրկության շարժման ցույցերի օրերին վիրավորանքեր է հասցրել՝ մասնավորապես, անվանելով «փնթի, անբարոյական, անինքնասեր», իսկ ԱԺ-ում «շշամարտի» ժամանակ ջրով լի շիշն, ըստ ՔՊ-ականների, նետել է Փաշինյանի ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանը ոչ միայն չի հերքում, որ Ղազինյանին այս պատճառներով չեն ընտրում պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, այլ նաեւ հավելում է. «Իսկ Եռաբլուրի սխալ պատկերացումները, Եռաբլուրում ոտքերը խոնարհելը, ծնկի իջնելը երկրի ղեկավարի կողմից դիտվեց որպես մարդասպանի այց, դա նորմա՞լ է, շիշը ես գնահատում եմ հումորով՝ նռնականետման չհանձնած զաչոտ»:
Նշենք, որ Արթուր Ղազինյանը մարտի 20-ին ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի լուսանկարը՝ ծնկած պատերազմում զոհվածի գերեզմանին եւ գրել. « Սերիական մարդասպանները միշտ այցելում են իրենց զոհերի գերեզմաններին»
Արթուր Ղազինյանը չգիտի՝ 6-րդ անգամ էլ «Հայաստան» խմբակցությունը կառաջադրի իր թեկնածությունը, թե՝ ոչ, բայց նշեց՝ Անդրանիկ Քոչարյանին չեն ենթարկվելու: «Ընդդիմությունը չի կարող ենթարկվել Անդրանիկ Քոչարյանի պահանջներևին եւ փոխել թեկնածուին եւ նախագահի տեղակալի կարգավիճակը հանձնել թեկնածուին»,- ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք իր համար կյանքի նպատակ է դարձել այդ պաշտոնը զբաղեցնել, որ շարունակում է հանդուրժեշ իշխանության բացասական վերաբերմունքը, Ղազինյանը նշեց. «Ես դա պաշտոն չեմ համարում, ես սա համարում եմ սկզբունքայնություն: Եթե ես ուզեի այս հարցը լուծված կլիներ»:
Արթուր Ղազինյանը խոսքով՝ իշխնությունը իր թեկնածությանը դեմ է, ոչ թե այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի Եռաբլուր այցի լուսանկարը մեկնաբանել է «Մարդասպանն այցելել է զոհերին», այլ կարծում է՝ պատճառը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու իր առաջարկն է։ «Եթե իշանությունները որոշեն ստեղծել քննիչ հանձնաժողով, այդ հանձնաժողովը չի կարող ղեկավարվել Անդրանիկ Քոչարյանի կողմից», — ասաց Արթուր Ղազինյանը:
Եթե ընդդիմությունը ևս մեկ անգամ առաջադրի նույն թեկնածուին, ապա հանձնաժողովը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը կառաջարկի ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն անել, որով կսահմանվի՝ եթե նույն անձը երկու անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը, այս դեպքում «Հայաստան» խմբակցությունը պետք է առաջադրի նոր թեկնածու: Այս մասին նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: