Քննչական կոմիտեն կոծկում է ահաբեկիչներին․ Ճակոյի եղբորորդիների գործը ուզում են փակել

58

2018 թվականի  մայիսին, երբ ամբողջ Հայաստանում արմատական փոփոխությունների և արդարության սպասման, գողական բարքերի դեմ պայքարի մթնոլորտն էր տիրում, Մարինե Օսիպյանի կյանքում կատարվեց իրադարձություն, որը ոչ  մի  կերպ չէր համապատասխանում այդ տրամադրությանը։

Նա պատմում է, որ քրեական աշխարհում հեղինակություն վայելող «Եզդի Ճակո»-ի եղբոր որդիները՝ Արտակ և Մուրադ Ամոյանները, իր և երեխաների մոտ մարդկանց են ուղարկել, որոնք ահաբեկել են իրենց, ինչպես նաև իր ամուսնու եղբոր ընտանիքի անդամներին,  սպառնացել են մորթել, գումար են շորթել, սպառնալիքների տակ ապօրինաբար պահել են անազատության մեջ։ 

Հանցագործներն իրենց արարքը պատճառաբանել են նրանով, որ Մարինեի ամուսնու՝ Հայկ Խաչատրյանի, որը Ռուսաստանում արտագնա աշխատանքների է  մեկնել և որի հետ իրենք ֆինանսական հաշիվվներ ունեին, իրենց փող է պարտք։ Իրենք էլ գումարը որոշել էին ստանալ Հայկի եղբորից և կնոջից: 

Զարմանալի է, սակայն քննիչներն իրենց որոշումներով խրախուսել են այս հանցավոր մտածողությունը։ Երեք տարի գործով ձևական և անարդյունավետ քննություն իրականացնելուց հետո օրերս նրանք հայտնել են Մարինե Օսիպյանին, որ պատրաստվում են դադարեցնել Ճակոյի եղբոր տղաների  նկատմամբ քրեական հետապնդումը: 

 Մարինե Օսիպյանը, որի անչափահաս որդին գործով տուժող է ճանաչվել, պատմում է.

«Եկան, մտան տուն, Կարենի հետ ինչ-որ ռազբորկա էր գնում: Հետո ուզեցին Կարենին տանել տանից: 7-8 տղաներ էին, մեկը Առնակ Մանուչարյանը, համատիրության  նախագահն էր ՀՀԿ-ի ժամանակ, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընկերն էր։ Հարցնում եմ՝ ի՞նչ ա եղել, բա թե՝ մենք իրան պետք ա տանենք, Հայկը փող ա պարտք: Տարբեր թվեր են ասում ՝ 6-ից 10 մլն ռուբլի»:  

Մարինեն թույլ չի տվել, որ ամուսնու եղբայրը դուրս գա տանից: Անկոչ հյուրերը, որոնց հետ մի կին է եղել Ռուզաննա անունով, որոշել են  փակել դուռը և թույլ չեն տվել ոչ մեկին տանից դուրս գալ: «Մինչև որ Հայկը Մուրադի փողը հետ կվերադարձնի, նոր բաց կթողենք, թե չէ, սաղիդ կվերացնենք։ Էդ տղաներըգնացին, Ռուզաննան մնաց ու ասում էր, որ նրանք դրսում են ավտոներով, հսկում են մեզ», — ասում է Մարինեն։ Նրա անչափահաս երեխաներին և  ընտանիքի մյուս անդամներին մինչև առավոտ պահել են տանը: Առավոտյան Մարինեն խնդրել է, որ իրեն թույլ տան դուրս հանել երեխաներին:  «Ասեցի՝, գոնե երեխեքին հանենք, սթրեսի մեջ են: Էդ Ռուզաննան՝ բա չէ, թող մնան, որ իրա պապան իմանա, որ էդ փողերը շուտ ուղարկի»: 

Մարինեին հաջողվել է  երեխաների հետ փախչել տանից։ Դրսում նա տեսել է իրենց հսկող մեքենաները։ Իմանալով, որ իր եղբորն էլ են բռնել ու բերել Վիլնյուսի փողոցում գտնվող այդ տունը, հետ է գնացել։ 

«Ստիպված հետ գնացի երեխաներիս հետ: Մեծ վիճաբանություն եղավ, կռիվ, ես դանակը վերցրեցի, իրանք խլեցին, Ռուզաննան հարձակվեց վրես, ձեռս կծեց, որ դանակը քցեմ: Ամբողջ օրը ռազբորկեք, և այլն: Երրորդ օրը նոր Ռուզաննան գնաց: Նրանք տանից 500 հազար ռուսական ռուբլի տարան, ասեցին՝ պարտքի դիմաց», — վերհիշում է կինը:

Նա և ընտանիքի մյուս անդամները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱԱԾ, գործ է հարուցվել Քր․ Օր-ի 133 և 182 հոդվածներով՝ «Ազատությունից ապօրինի զրկելը» և «Շորթում»։ Այնուհետև գործը փոխանցվել է քննչական կոմիտեին:  

Քննիչները պարզել են, որ Ալբերտ Բուռնաչյանը և Առնակ Մանուչարյանը, Ռուզաննա Սեդրակյանը, նաև «գործով չպարզված այլ անձինք», գործելով նախնական համաձայնությամբ 2018 թվականի մայիսի 19-ին, ժամը 23.30-ի սահմաններում ներխուժել են Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի 81-րդ շենքի Կ․ Խաչատրյանի թիվ 6 բնակարան, որտեղ այդ պահին գտնվել է Կ․ Խաչատրյանը, նրա մայրը, եղբոր կինը և 4 անչափահաս երեխաներ։ 

«Այդ անձինք տեղեկացրել են, թե իբր՝ Հայկ Խաչատրյանը Արտակ և Մուրադ Ամոյաններին պարքտ է 10 մլն ՌԴ ռուբլի գումար։ «Այնուհետև նշված գումարը չվերադարձնելու դեպքում սպառնացել են մորթել ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում անչափահասներին, որից հետո Ալբերտ Բուռնաչյանը և Առնակ Մանուչարյանը ևդեռևս չպարզված անձինք գնացել են բնակարանից, իսկ Ռուզաննա Սեդրակյանը մնացել է, վերցրել է տան բանալիները և ներսից կողպել է տան դուռը՝ մինչև 2018 թվականի մայիսի 21-ը ներառյալ թույլ չտալով որևէ անձի դուրս գալ տանից, նրանց ապօրինի զրկելով ազատությունից։ Այդ ընթացքում Ալբերտ Բուռնաչյանը և Առնակ Մանուչարյանը կրկին այցելել են բնակարան և ընտանիքի անդամներինկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով Կարեն Խաչատրյանից վերցրել են վերջինիս պատկանող առանձնապես խոշոր չափերի 3 մլն 880 հազար դրամի համարժեք 500 հազար ՌԴ ռուբլի գումարը և կրկին անգամ սպառնացել են մորթել ընտանիքի բոլոր անդամներին, Հայկ Խաչատրյանի կողմից գումարն Ամոյաններին չվերադարձնելու դեպքում, որից հետո բոլորը հեռացել են բնակարանից», — գրված է ՀԿԳ ավագ քննիչ Մնոյանի որոշման մեջ։  

Մեղադրյալների նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրանց բերման են ենթարկել, կալանավորել են, ապա ազատել են կալանքից գրավի դիմաց։ 

«Մի քանի օր առաջ ինձ կանչեցին, հայտնեցին, որ գործը փակում են: Ասեցի՝ բայց մեզ պահել են անազատության մեջ, սպառնացել են, փող են տարել։ Քննիչ Մնոյանը ինձ պատասխանեց, որ դա ապօրինի ազատազրկում չի, որովհետև դու ներսուդուրս ես արել: Էդ 500 հազարն էլ որ տարել են, իրենց փողն էր, վերցրել են պարտքի դիմաց: Վերջ», — նշեց Մարինեն Forrigts.am-ի հետ զրույցում:

Քննիչ Մնոյանը երեք տարի վարույթ է վարել, սակայն տուժողի իրավահաջորդներին որևէ տեղեկություն նախաքննության ընթացքի մասին չի հայտնել: Մարինե Օսիպյանը ընդամենը իմացել է, որ Ամոյանների նկատմամբ հետախուզում են հայտարարել, նրանց բերել են, կալանավորել են, ապա գրավի դիմաց ազատ են արձակել: Միակ փաստաթուղթը, որ տվել են իրեն՝ որդուն տուժողի իրավահաջորդ ճանաչելու որոշումն է։ 

Մարինե Օսիպյանը երկու օր առաջ փորձել է հանդիպել ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, բողոք ներկայացնի, իր կասկածները հայտնի, որ քննիչներին կաշառել են: Արգիշտի Քյարամյանը նրան չի ընդունել: Մարինեին ասել են, որ դիմում գրի: Թե երբ կընդունեն իրեն, չեն հայտնել: 

«ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ ընդունված չի»։

Սյուզան Սիմոնյան