Սեւանցի Արթուր Պողոսյանը զորակոչվել էր 2019թ. հունվարին, ծառայում էր Ջրականում: Հետո նա սերժանտական դասընթացների է մասնակցել Վանաձորում: Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Արթուրը եղել է հետախույզ:
Մինչ այդ նա դիմել էր ոստիկանական ակադեմիա, սակայն չէր ընդունվել: Ծնողները խորհուրդ են տվել դիմել ուրիշ տեղ, սակայն որդին որոշել է ուսման հարցը լուծել զինծառայությունն ավարտելուց հետո:
Մայրը՝ Քրիստինա Կանչոյանը, հիշում է, որ պատերազմը սկսվելուց օրեր անց՝ հոկտեմբերի 4-ին, նահանջում են, մեկնում Հադրութ, որովհետեւ թշնամու հրետակոծության տակ են հայտնվել, որը կարկուտի պես տեղացել է իրենց վրա:
«Ինքը հիմնականում շատ բաներ չի պատմել, ինձ խնայել է, ինքն ուրիշ ձեւի երեխա էր, դժվարություններից չէր վախենում: Ինչ էլ պատմել է՝ հորն է պատմել: Միշտ ասել է, որ ապահով վայրում է, բայց երբ իրենց Ջրականից Հադրութ էին տեղափոխել, հայտնվել էին շրջափակման մեջ: Իմ որդին խաղաղասեր էր, անհամբեր սպասում էր, թե երբ է ավարտվելու պատերազմը, անընդհատ հարցնում էր՝ մա՛մ, ի՞նչ են ասում, ե՞րբ է ավարտվելու այս պատերազմը: Իսկ երբ Ջրականից նահանջում են, մի զինվոր վիրավոր է լինում, նրան վիրակապում է, հաջողվում է այդ տղայի կյանքը փրկել: Բայց մի անգամ էլ ասաց, որ այդ մահերն իրենց համար սովորական են դարձել, այնքան զինվորներ են զոհվում իրենց աչքի առջեւ… »,- հեկեկալով պատմում էր Քրիստինան:
Արթուրը զոհվել է հոկտեմբերի 28-ին, վերջին անգամ էլ այդ օրն է զանգել:
«Զանգեց, ասաց՝ ես լավ եմ, լավ եղեք: Այդ ժամանակ ես մի քիչ անհանգստություն զգացի, բայց ինքն այնքան ուժեղ էր, որ սուտ խոսել չգիտեր: Նույնիսկ, երբ կրակոցներ էի լսում իր հետ հեռախոսով խոսելիս, ինքը հանգստացնում էր, ասում, որ լավ է լինելու: Երբեք չի դժգոհել »,- հիշում է Քրիստինան:
Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Արթուրը նախքան պատերազմի սկսվելը տեղյակ է եղել այդ մասին, զգուշացվել է:
«Քանի որ Արթուրը հետախույզ էր, իրեն տարել են հատուկ ճամբար: Ասում էր՝ մա՛մ, մենք այստեղ գործով ենք եկել, բայց ասում են, որ կարող է պատերազմ լինել: Իրենք լուրջ չէին ընդունում պատերազմը, մտածում էին, որ եթե լինի էլ, 2016թ. քառօրյայի նման կլինի, կսկսի եւ շուտ էլ կավարտվի: Իրենց էլ են ամեն ինչ ներկայացրել ուրիշ ձեւով: Իրենք տեսել են հնարավոր պատերազմի լրջությունը, բայց իրենց այլ բան են ներշնչել: Չգիտեմ, սուտը շատ է եղել: Կարծում եմ, որ Արթուրը տեղյակ է եղել այդ ամեն ինչի մասին: Ես լավատես եմ, հավատում էի, որ պատերազմը շուտ կավարտվի, կդադարեցնեն: Ինչե՜ր քաշեցին մեր տղաները պատերազմի ժամանակ: Մի տեսանյութ էր ուղարկել տղաս, թե ինչպես են գետնին պառկած քնում Հադրութում, մի դպրոցում: Եվ ասում էր, որ լավ է, գոնե գլխներին ծածկ ունեն, չէ՞ որ մինչ այդ դրսում են քնել, բացօդյա: Իրենք մեկ ամիս դիմակայել են, ինչի միջով ասես՝ անցել են: Տարբեր զենքերով են կրակել տղաների վրա: Ինձ պատմել են, որ Արթուրն օգնել է վիրավոր ընկերներին »,-ասում է Քրիստինան:
Թեեւ Արթուրը զոհվել է հոկտեմբերի 28-ին, սակայն նրա զոհվելու մասին լուրը ծնողներն իմանում են նոյեմբերի 11-ին՝ նրա ծննդյան օրը: Մայրն այդ օրը կապ է հաստատում որդու հրամանատարի հետ, ասում, որ ուզում է որդու ծննդյան օրը շնորհավորել, չի կարողանում կապ հաստատել: Այդ ժամանակ էլ հրամանատարից անսպասելի ձեւով իմանում է, որ իր որդին զոհվել է:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: