ՀՀ գլխավոր դատախազության դատավարական ղեկավարման ներքո, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի, ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից համատեղ իրականացվող բազմածավալ քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել և հիմնավորվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներում որպես կապալառու, կամ խորհրդատվական ծառայություն իրականացնող ներգրավված մի քանի ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների կողմից պարտավորությունների կատարման պատրանք և փաստաթղթային հիմքեր ստեղծելու, հարկային պարտավորությունները անհիմն նվազեցնելու, ծառայությունների մատուցման և համագործակցության կեղծ պայմանագրերի հիմքով ստացված առանձնապես խոշոր չափերի գումարների հանցավոր ծագման աղբյուրը և բնույթը խեղաթյուրելու, առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ծրագրի իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներ դուրս բերելու և այդ կերպ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու հանցավոր սխեմա: Վերջինս կիրառման արդյունքում պատճառված ընդհանուր վնասը՝ ներառյալ նաև հաշվարկված տույժ-տուգանքները, կազմում է ավելի քան 2.7մլրդ ՀՀ դրամ:
Հանցավոր մեխանիզմի իրացմանը ներգրավվել են նաև ՀՀ ՊԵԿ տեսուչներ:
Նշված հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել՝
- «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն, ճանապարհաշինարարական վերոնշյալ խոշոր ծրագրում նրգրավված «Սթոնս» ՍՊ ընկերության փաստացի ղեկավար Սեդրակ Առուստամյանին և ընկերության աշխատանքները վերջինիս հետ համակարգող Գուրգեն Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով,
- մյուս համակարգող Սուրեն Ավագյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով,
- «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով,
- «Սթոնս» ՍՊ ընկերության 2 աշխատակցուհիներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-դ մասի 1-ին կետով,
- ևս մեկ անձի՝ պոլիգրաֆիական արտադրանքի տպագրությամբ զբաղվող Ա/Ձ աշխատակցուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննության ընթացքում, որպես «Սթոնս» ՍՊ ընկերության՝ վերոնշյալ ղեկավարների և աշխատակիցների կողմից կատարված հանցավոր գործողությունների արդյունքում առաջացած վնասի հատուցման երաշխիք՝ ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին փոխանցվել է 1 մլրդ. դրամ:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականցնող ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը հաստատել է նշված դրվագով մեղարդական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի 7 անձի, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:
Վերոնշյալ դրվագով ՀՀ ՊԵԿ տեսուչների մասով նախաքննությունն ավարտվել էր ավելի վաղ, նրանց և ևս մեկ անձի վերաբերյալ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան էր ուղարկվել ավելի վաղ:
«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին առնչվող քրեական գործով բազմաթիվ այլ դրվագներով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը, հետևողական դատախազական հսկողության և ղեկավարման ներքո, շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: