Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունը և ընդգծել, որ արդարադատության բարեփոխումների օրակարգում Միացյալ Նահանգները Հայաստանի առանցքային գործընկերներից է։
Դեսպան Թրեյսին Նախարարության հետ համագործակցությունը որակել է գերազանց, զրույցի ընթացքում կարևորել է նաև Պարեկային ծառայության գործունեությունը և նշել, որ տպավորված է Ծառայության աշխատանքից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, որը վերաբերել է դատաիրավական, հակակոռուպցիոն, ոստիկանության և քրեակատարողական ոլորտների բարեփոխումներին, դատաիրավական ոլորտի թվայնացման գործընթացին ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացմանը։
Առանձնահատուկ կարևորվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ Արդարադատության նախարարության կազմում գործող «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունը, և քննարկվել է Հիմնադրամին ցուցաբերվող աջակցության շարունակական ապահովման հնարավորությունը։
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: