ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի `զրպարտչական տեղեկատվությունը հերքելու և 2 մլն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջներով։ Այս մասին նշվում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։
Դատական հայցի հիմք է հանդիսացել դեռևս երկու շաբաթ առաջ «Ժողովուրդ» օրաթերթի «Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. նա ստորագրեց իր մեղադրական եզրակացությունը» վերտառությամբ հոդվածը,որտեղ թերթը հրապարակել է,որ Սասուն Խաչատրյանը բնակարան ունի Մոսկվայում և «բազում բնակարաններ, մեքենաներ և այլ անշարժ գույքեր», որոնք գրանցված են այլ անձանց անուններով:
Ի պատասխան` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հերքում էր տարածել` լրատվամիջոցին մեղադրելով զրպարտության և ապատեղեկատվություն տարածելու մեջ` միաժամանակ հայտնելով, որ հիշյալ տեղեկությունները լրատվամիջոցի կողմից չհերքելու դեպքում նման պահանջով հայցադիմում կներկայացվի դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայցը երեկ արդեն ներկայացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
Ըստ տեղեկության` Սասուն Խաչատրյանը պատրաստվում է հայցը բավարարվելու դեպքում լրատվամիջոցից որպես փոխհատուցման գումար պահանջած 2 մլն ՀՀ դրամը բարեգործական նպատակով ծառայեցնել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: