Դատարանը հետաձգեց Չարչյանին գրավով ազատ արձակելու միջնորդության որոշումը

61

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին հետաձգեց Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը` նշանակելով  դատաբժշկական փորձաքննություն:

Դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ դատաբժշկական  փորձաքննության արդյունքները ստանալուց հետո նոր կքննարկի գրավով  ազատ արձակելու մասին միջնորդությունը:

Գրավի դիմաց Չարչյանին ազատ արձակելու փաստաբանների միջնորդության քննարկումը հետաձգվել է մինչև հանձնաժողովի կողմից եզրակացություն ստանալը։ Դատավորը նշեց՝ խափանման միջոցի վերաբերյալ օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար էական նշանակություն ունի Չարչյանի առողջական վիճակի մասին մասնագիտական կարծիք ստանալը, որից հետո արդեն կքննարկվի գրավը որպես խափանման միջոց ընտրելու հարցը։

Մինչև որոշման հրապարակումը փաստաբան Էրիկ Ալեքսանյանը խոսեց պրոֆեսորի վատառողջ լինելու մասին, դատարանին հանձնեց նաև բժշկական փաստաթղթեր։

«Մենք, հարգելի դատարան, խնդրում ենք պարոն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվի գրավով՝ ստեղծված իրավիճակի պայմաններում: Ստեղծված այն իրավիճակի տեսանկյունից, որ ունենք նոր հիվանդություններ, ես կցանկանայի, որպեսզի մինչ դատախազը սույն դատական նիստին ներկայանալը և այս հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը այցելեր պարոն Չարչյանին և տեսներ նրա առողջական վիճակը: Շնչառությունը գտնվում է շատ վատ վիճակում, գրեթե չի վերկենում անկողնուց», — նշեց Ալքսանյանը: