Էրդողանի հայտարարությունը նշանակում էր՝ ՀՀ-ն Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ մեղադրանքեր չի ներկայացնի. քաղաքագետ

61

Հարցազրույց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

Պարոն Ղուկասյան, հայտարարվում էր, որ Հայաստանում կայանալիք ընտրություններից հետո խաղաղության դարաշրջան է սկսվելու: Սակայն, իրավիճակն ավելի լարվեց: Ինչու՞:

-Դա սովորական խաբեություն էր, որը հաճախ կիրառվում է ընտրությունների ժամանակ: Տարածաշրջանում խաղաղության մասին խոսել հնարավոր կլինի այն ժամանակ, երբ Ադրբեջանում տեղի կունենա իշխանափոխություն, այնտեղ ժողովրդավարական ղեկավարություն կձեւավորվի, իսկ երկրորդն էլ, երբ Հայաստանը դուրս կգա Ռուսաստանի հսկողության գոտուց: Այս երկու նախապայմանը հարկավոր է, որ տարածաշրջանում հաստատվի խաղաղություն: Մինչ այդ մենք մանիպուլացիայի ականատես ենք լինելու՝ ինչպես ֆուտբոլային դիվանագիտությունն էր:

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում ասում է, որ ընտրություններից հետո սահմանազատում է լինելու, որը չեղավ: Սա ինչ-որ առումով կնվազեցներ հայ-ադրբեջանական ամենօրյա լարվածությունը, որը լինում է անգամ կենցաղային շփումների ժամանակ: Մենք այժմ տեսնում ենք, որ Գորիս-Կապան ավտոճանապարհով երթեւեկելը վտանգավոր է: Ի՞նչ պետք է անի ՀՀ-ն, որ չի անում:

-Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածի՝ չորս տեղերում, պետք էր վաղուց վերակառուցումներ իրականացնեին: Տաթեւ-Կապան ճանապարհն էլ պետք է վաղուց կառուցված լիներ, որ Սյունիքում կոմունիկացիաներ լինեին: Սյունիքի ռազմավարական նշանակության մասին խոսակցությունները, որոնք Հայաստանում աննկարագրելի շատ են, Սյունիքի կոմունիկացիաների ներկա իրավիճակի հետ երբեք չեն համապատասխանել:

Այս ճանապարհը երկու շաբաթ է ինչ խնդրահարույց է դարձել Իրանի քաղաքացիների համար, որոնք ապրանք են ներկրում ՀՀ: Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարեց, որ զբաղվում է խնդրի կարգավորմամաբ, բայց ոչ մի փոփոխություն չկա: Սա ինչի՞ կարող է հանգեցնել:

Իրանի վարորդների դեմ ոտնձգությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հեռավար ծրագիրն է: Թուրքիան փորձում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ ձեւավորել հակաիրանական կոալիցիա ու պատրվակ է ման գալիս ռազմական կոնֆլիկտ ստեղծելու համար: Իրանը չտրվեց այդ սադրանքին: Ադրբեջանից Նախիջեւան տանող ճանապարհը Իրանի տարածքով է անցնում եւ տասնյակ ադրբեջանական վարորդներ գտնվում են Իրանի տարածքում, Իրանի համար խնդիր չէ անել այն ինչ անում է Ադրբեջանը: Իրանը խուսափում է կոնֆլիկտից, քանի որ այստեղ մեծ խաղադրույքներ կան, միաժամանակ առաջարկում է Հայաստանի այլընտրանքային ճանապարհն արագ կառուցել:

Պարոն Ղուկասյան, հայ-թուրքական հարաբերությունների մասին: Նախորդ շաբաթ Էրդողանը հայտարարեց՝ Փաշինյանն իր հետ հանդիպել է ցանկանում: Սա մեկնաբանվեց որպես մատնություն, սակայն, Երեւանի պաշտոնական պարզաբանումից հետո տպավորություն ստեղծվեց, որ Էրդողանի հայտարարությունը Փաշինյանի համար ոչ մատնություն էր, ոչ անակնկալ: Ինչու հանրայնացվեց Փաշինյանի առաջարկը:

Թուրքիային պետք էր աշխարհին ցույց տալ, որ Հայաստանն իրեն ագրեսոր չի համարում, չի համարում մեղավոր կողմ պատերազմում: Դրա համար Թուրքիային հարկավոր էր աշխարհին ցույց տալ, որ Հայաստանն է իրենց հետ բանակցություններ վարում, ՀՀ վարչապետն էլ դա հաստատեց: Ես շատ քիչ հավանական եմ համարում, որ սա իրական բանակցությունների մասին է: Սա նաեւ նշանակում էր, որ Հայաստանը մտադիր չէ Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ ներկայացնել մեղադրանքեր, ինչը տեսնում ենք, որ այս պետությունների համար կարեւոր է, քանի որ, օրինակ, Ֆրանսիան մեղադրում է: Հայաստանն այստեղ սպասարկում է Թուրքիայի շահերը Ռուսաստանի քաղաքականության ներքո:

Նարեկ Կիրակոսյան