Ցմահ դատապարտյալ Արամ Պետրոսյանը սեպտեմբերի 13-ից հացադուլ է հայտարարել: Նա պահանջում է, որ հիմնարկի ղեկավարությունը կատարի քրեակատարողական օրենսգրքի պահանջը, և իրեն տեղափոխի կիսաբաց ռեժիմ: Արամ Պետրոսյանը առողջական խնդիրներ ունի: Այսօր հացադուլի տասներրորդ օրն է:

2019 թվականի հուլիսից ուժի մեջ մտած քրեակատարողական նոր օրենսգրքով ցմահ դատապարտյալը դրական վարքագիծ ունենալու դեպքում 15 տարին կրելուց հետո կարող է տեղափոխվել կիսափակ ուղղիչ հիմնարկ, իսկ 18 տարի ազատազրկումից հետո նա կարող է անցնել արդեն կիսաբաց ռեժիմի, այլ կերպ ասած՝ գաղութային կյանքի, երբ դռները չեն կողպվում, և դատապարտյալը ազատ ելումուտ է անում, աշխատում է, կարող   է ընտանիքի հետ լինել, բջջային հեռախոս ունենալ, և միայն գիշերն անցկացնել հիմնարկի հատուկ կացարանում:

Սակայն Քրեակատարողական ծառայությունը դժկամությամբ է բավարարում ռեժիմի փոփոխության վերաբերյալ ցմահ դատապարտյալների դիմումները: Անգամ եթե արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տալիս, և դատապարտյալներին տեղափոխում են կիսաբաց ռեժիմ, հայտնվում է վերահսկող դատախազը և հետողորմյա է անում արդարադատության նախարարության որոշումը, կրկին խստացնելով ցմահների պահման ռեժիմը:

Այդպես է եղել և Արամ Պետրոսյանի հետ: Հունիսի 11-ից փոխել էին նրա պահման պայմանները, տեղափոխելով կիսաբաց ռեժիմ: Սակայն հուլսի 29-ին դատախազությունը կասեցրել է ռեժիմի փոփոխության վերաբերյալ որոշումը, և Արամ Պետրոսյանին կրկին բերել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին կորպուսի խուցը: Որևէ գրավոր որոշում, հիմք, կամ պատճառաբանություն դատապարտյալին չեն ներկայացրել: 

Դատապարտյալների շրջանում լուրեր են տարածվում, թե ներքին համաձայնություն կա իրենց կիսաբաց ռեժիմի տեղափոխել միայն երեք տարի անց: Այս խոսակցությունները 22 տարուց ավելի անազատության մեջ անցկացրած մարդկանց, որոնք վերջին հույսը ազատության օդը գոնե հեռվից շնչելու, ռեժիմի փոփոխությունն էր, հանել են հունից: Արամ Պետրոսյանին դրանք դրդել են ծայրահեղ քայլի՝ հացադուլի:

Նույն անհիմն ձևով կասեցրել են նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից Ցոլակ Մելքոնյանի, Արմեն Տեր-Սահակյանի, Արտակ Ալեքյանի պահման ռեժիմի փոփոխության վերաբերյալ որոշումները, և նրանց կրկին վերադարձրել են խցեր:

«Վերահսկող դատախազը՝ ինչ-որ Իսախանյան, եկել է երկորդ կորպուս՝ կիսաբաց ռեժիմի դատապարտյալներին վախեցնում, «ուգրաժատ» էր անում՝ խելոք մնացեք, թե չէ, կփակեմ», — պատմում է «Արմավիր» ՔԿՀ դատախարտյալներից մեկի հարազատը: Իսկ ցմահ դատապարտյալ Արտակ Ալեքյանի եղբայրը՝ Ռազմիկ Ալեքյանը Forrights.am-ին պատմեց, որ հունիսին, երբ եղբորը տեղափոխել են կիսաբաց պայմաններ, նա «Արմավիր» ՔԿՀ-ի համար սկսել է մատուռ կառուցել:

«Նա էսկիզներ էր արել, ես անձամբ քարեր էի բերել փոքր մատուռ էինք ուզում սարքենք: Ես արդեն «ստանոկներ» էի տարել, արհեստանոց կար: Նա 22 տարի է կալանավայրում, բայց չի չարացել: Հավեսով ուզում էր արդեն աշխատել, բայց 20 օր էլ չմնաց կիսաբացում: Հազիվ հասցրեցինք տեղափոխել ամեն ինչը, որոշում եկավ կասեցման: Սթրեսի մեջ են մարդիկ: Չէր կարելի մարդկանց հույս տալ ու այդպես կոտրել»,- նշեց Ռազմիկ Ալեքյանը:

Արտակ Ալեքյանի պաշտպան  Ռուբեն Սարգսյանը հայտնեց, որ որևէ հիմք, կամ պատճառաբանություն չկա: «Ես չունեմ նաև որոշումը: Երկուշաբթի ես պետք է ստանամ որոշումը: Ոչ մեկին ոչ մի փաստաթուղթ չեն տվել: Վերահսկող դատախազը գնացել, տեսել է նրանց, հետները խոսել է, իրենց բանավոր ասել են, որ ռեժիմները կրկին փոխվում են: Բայց այդ մարդկանց համար հույս էր, որ իրենց կյանքը կլավանա: Ինչ մարդը չորս պատերի մեջ մնա և երեք ժամով դուրս գա զբոսանքի, ինչ շփվի մյուսների հետ, աշխատի, ավելի ազատ լինի», — ասաց փաստաբանը:

Նա տեղեկացրեց, որ Արտակ Ալեքյանը հացադուլավոր Արամ Պետրոսյանի խցակիցն է: Արամ Պետրոսյանի մոտ այսօր դատախազ է եկել և ընդամենը ձևականորեն հորդորել է դուրս գալ հացադուլից, վերջինս սակայն չի կատարել դատախազի խորհուրդը:

Արամ Պետրոսյանը դիմել էր մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Ի՞նչ է արել պաշտպանի գրասենյակը: Արդյո՞ք այցելել են ցմահին:

ՄԻՊ գրասենյակից հետևյալ պատասխանը ստացանք. «Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 18-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին է զանգահարել ցմահ դատապարտյալ Արամ Պետրոսյանը։ Նա նշել է, որ հացադուլ է հայտարարել ՔԿՀ ռեժիմի փոփոխության պատճառով։ Բանավոր բողոքը Պաշտպանի աշխատակազմ է մուտքագրվել սեպտեմբերի 22-ին, մինչև այդ կապ է հաստատվել նաև ՔԿՀ-ի բժիշկների հետ, քննարկվել է բողոք ներկայացրած անձի առողջական վիճակին առնչվող հարցեր։ Կիրականացվի նաև այց ՔԿՀ։ Առանձնազրույցի արդյունքում կձեռնարկվեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում անհրաժեշտ քայլեր»:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest