«Խփել էին տղուս, նկարել ու ուղարկել»

953

-Տղա ջան, զգույշ կլինես։

-Հա, մեր ջան, զգույշ եմ։ Արխային մնա, պատերազմը կվերջանա, կգամ տուն։

Հովսեփ Գալստյանի վերջին խոսակցությունն էր մոր հետ սեպտեմբերի 29-ին։

Հովսեփը

Իմ որդին նվնվալու բնավորություն չուներ։ Ինքը 13 տարեկանից որպես տան տղամարդ իմ կողքին կանգնած ա եղել, ինչ աշխատանք ասես, արել ա, որտեղ ասես, եղել ա, իր զոհված տեղը ինքը խաղող ա քաղել, նուռ ա քաղել։ Ես զարմացել եմ՝ ինքը ո՞նց կարար էդտեղ խփվեր։
Հովսեփս Մարտակերտում ա ծառայել։ Դիպուկահար էր, ծառայությունն ավարտել էր գերազանց, և շատ շնորհակալագրեր ուներ։

Սեպտեմբերի 27-ին

Մեզ Քաշաթաղում էին վերաբնակեցրել 1997 թվականից, Վարդաբացում էինք ապրում։ Պատերազմն սկսվելու օրը մենք գյուղում ենք եղել, Հովսեփս Շուշիում աշխատում էր։ Սեպտեմբերի 27-ին զանգեց, ասեց՝ էրեխեքին ուղարկում եմ տուն, ես գնամ։ Ու գնաց՝ առանց տուն գալու։ Եթե անգամ տուն էլ գար, միևնույն է պետք է գնար․ Ջրականը մեր տանը շատ մոտ էր։  Մեր տանից երևում էր՝ ոնց էին խփում, հարևանիս ասեցի՝ «էս կրակը, որ լցվում ա մեր երեխեքի գլխին, ո՞նց կպրծնեն սրա տակից»։

Վերջին անգամ սեպտեմբերի 29-ին եմ խոսել իր հետ։ 5-6 օրվա ընթացքում ինքը դիվերսանտների հետ մտել էր թուրքերի մեջ, իրենց համազգեստն էր հագել, ու ահաբեկիչների հրամանատարին էր խփել։ Սեպտեմբերի 28-ից ինքը թուրքերի աչքի առաջ էր, որ պիտի վնասեին իրեն, քանի որ ինքն ուներ վիդեո, որի մեջ հրամանատարի «բռոնի ժիլետը» ցույց ա տալիս։

Հոկտեմբերի 2-ի իրիկունը նստած էինք, աղջիկս ասեց «մամ, հլը նայի՝ Հովսեփից ինչ ա եկել մեզ»։ Խփել էին տղուս, նկարել ու ուղարկել…

Նկարը ուղարկելուց հետո ես զանգեցի մեր մոտի շտաբին, պատմեցի նկարի մասին, ասեցին՝ «ֆոտոշոփ ա, մի հավատա»։ Հետո ստուգեցին, տեսան, որ ֆոտոշոփ չէր։ Ում համարով զանգել էր, հետ զանգեցի, երկու անգամ խաբեցին ինձ, երրորդ անգամ ասեցին․ «տիկի՛ն, կներես, չեմ կարողանում քեզ ասեմ, բայց Հովսեփդ էլ չկա»։ Խփելուց հետո էլ դիակը տարել էին հետները, իր մարտական ընկերները չէին կարողացել 3 օրվա ընթացքում դին հանել։

Իրան գտան Ջրականում փետրվարի 25-ին։ ԴՆԹ անալիզ ենք տվել, ու ընդամենը 4 ոսկոր գտան իմ տղուց։

Մենք՝ ընտանիքը

Հովսեփից հետո զանգեցի ախպորս, ասեցի «արի մեզ բեր, էլ ստեղ մնալ պետք չի մեզ», ու եկանք Նորաշեն։ Ինձ իմ հարազատներն են օգնել, պետությունից ոչինչ չեմ ունեցել, համայնքի ղեկավարն ա օգնել մենակ։

Ամեն ինչ թողեցինք, եկանք, անասուն, տուն, ամեն ինչ։ Ընդամենը մեր հագած շորերով դուրս ենք եկել տանից։ Մենք չենք պատկերացրել, որ էդքան երկար կլինի։ Քառօրյային էլ ենք էնտեղ ապրել, մեր համար սովորական բան ոնց որ լիներ էդ կրակոցները։

Առաջին աստիճանի մարտական խաչով պարգևատրված Հովսեփ Գալստյանի ընտանիքն այժմ բնակվում է Նորաշեն գյուղում՝ խարխլված տանը, որը տրամադրել է հարևանը։ Ընտանիքում կան մանկահասակն ու անչափահաս երեխաներ։ Քաշաթաղում թողնելով ամեն ինչ՝ բազմանդամ ընտանիքն այժմ պետությունից ոչ մի աջակցություն չի ստանում։ Մայրը՝  Անահիտ Ավետիսյանն, ունի առողջական խնդիրներ։ «Ապրում ենք էստեղ, մինև տեսնենք՝ ինչ կլինի»,- ասում է Հովսեփի մայրը։

ԱՆի Թորոսյան