Զինակոչիկի աջ աչքը համարվում է «կույր աչք», իսկ ձախը կիսով չափ է տեսնում, բայց ճանաչվել է ծառայությանը պիտանի

165

Տեսողական լուրջ խնդիրներ ունեցող 24-ամյա Սամվել Շահնազարյանին  Կենտրոնական բժշկական հանձնաժողովը ճանաչել է ծառայության համար պիտանի:  Սամվել Շահնազարյանը, ի ծնե ունի տեսողական խնդիրներ, որոնք բացահայտվել են 2 տարեկան հասակում։  «Ինձ մոտ ախտորոշվել է հեռատեսություն, բարդ աստիգմատիզմ, ամբլիոպիա, շլություն։ Մանկուց բժիշկները պարզել են, որ աջ աչքս համարվում է «կույր աչք»՝ չափազանց թույլ է տեսողությունը, իսկ ձախը կիսով չափ է տեսնում»,- այս մասին  Forrights.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Շահնազարյանը։

Սամվելը նշում է, որ  մանկուց տարբեր բժշկական կենտրոններում է ստացիոնար բուժում ստացել, ինչպես նաեւ եղել է դիսպանսեր հսկողության մեջ: «Մշտապես կրել եմ ակնոց, առավելագույն կորեկցիայի նպատակով երկար տարիներ կրել եմ նաև օպտիկական լինզաներ։ Սակայն տեսողությունս և/կամ դրա ածանցյալ հետևանքները որևէ նիշով չեն կարգավորվել: Օտարերկրացի ակնաբույժները ևս կոնսիլիում են հրավիրել՝ տեսողական խնդրին լուծում տալու համար, սակայն գտել են, որ վիրահատությունը վիճակը չի բարելավի։ Ըստ էության, խնդիրները տարիների ընթացքում ավելի են խորացել, իսկ ակնոցը յուրաքանչյուր տարի ավելի բարձր համարներով է նշանակվում։ Պարզ ասած, ձախ աչքս թույլ տեսողություն ունի նույնիսկ ակնոցով, իսկ աջն ուղղակի ծույլ աչք է համարվում»,-ասում է նա։

Առողջական այս խնդիրներն ունենալով Սամվել Շահնազարյանը չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից: Ավելին Սամվելը Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով հետազոտություններ անցնելուց հետո պիտանի է դառնում ծառայության համար, իսկ անկախ հետազոտության արդյունքերով՝ ոչ պիտանի: Զինկոմիսարիատն էլ, ըստ Սանվելի, որոշումներ է կայացնում ԿԲՀ-ի պահանջած հետազոտությունների հիման վրա:

Կենտրոնական բժշկական հանձնաժողովը Սամվելին տարկետում տրամադրելու որոշում է կայացրել, նախ 2015 թվականի զորակոչին՝ մեկ, ապա 2016-ին՝ 3 տարով։

«Այս երկու տարկետումների ընթացքում և առհասարակ վիրահատության չեմ ենթարկվել, ավելին՝ տարկետման ընթացքում  կրկին սկսել էր չբավարարել նախկին ակնոցը, և հետազոտվել ու նոր նշանակում եմ ստացել»,- ասում է Սամվելը։

Սամվելը փոխանցում է, որ 2019 թ․-ին N-2 զինկոմիսարիատի ուղեգրով 10 օրվա ընթացքում երկու հետազոտություն է անցել  «Մալայան» կլինիկայում։ Հետազոտությունների արդյունքերով Սամվելին ԿԲՀ-ն ճանաչում է սահմանափակումով պիտանի՝ զինվորական ծառայության։ «Համաձայն չլինելով ԿԲՀ-ի որոշման հետ՝ սահմանված կարգով հրաժարվում եմ ծանուցագիր ստանալուց և բողոքարկում եմ»,- նշում է Սամվելը եւ հավելում, որ բողոքարկելուց հետո Քննչական կոմիտեի ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ, որի  շրջանակներում դատաբժշկական փորձագետի հետազոտության ուղեգրով 2019 թվականի նոյեմբերին  Սամվելը եւս մեկ հետազոտություն է անցնում «Շենգավիթ» ԲԿ-ում: Սամվել Շահնազարյանն այստեղ ուշագրավ տեղեկություն է փոխանցում՝ նշելով, որ հետազոտության պատասխանն իրեն տրամադրում են  շուրջ մեկ ու կես տարի անց:

«Հետազոտությունից մեկուկես տարի անց, բազմիցս զինկոմիսարիատից և քննիչից հետաքրքրվելուց հետո, թե ինչ փուլում է իմ գործը, քննիչից հրահանգ եմ ստացել՝ անձամբ գնալ Շենգավիթ ԲԿ և բուժզննման պատասխանները տանել դատաբժշկին։ 2021 թվականի փետրվարի մեկին «Շենգավիթ» ԲԿ-ում շատ երկար սպասեցնելուց հետո բուժաշխատողներից մեկը ինձ է հաձնել բժշկական եզրակացություն, որում իմ աջ աչքի ամբլիոպիայի դիմաց դրված էր հարցական նշան, իսկ տեսողությունը կրկին «բարելավվել էր»։ Դատաբժշկական փորձագետը հիմք է ընդունում այդ փաստաթուղթը, իսկ ես անվստահություն եմ հայտնում մեկ տարի երեք ամիս անց «հայտնաբերված» փաստաթղթի նկատմամբ և խնդրում եմ՝ նոր ուղեգիր տրամադրել՝ որևէ այլ բուժհաստատությունում հետազոտվելու համար։

17.02.2021թ․-ին տրամադրված ուղեգրով Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ում 25-30 րոպեում արագ իրականացվում է բուժզննում, կազմվում է  եզրակացություն,  որ կրկին՝ արդյունքները դրական են»,- իր անցած շրջապտույտը ներկայացնում է Սամվելը եւ ավելացնում, որ դատաբժշկի նշանակած փորձաքննությանը զուգահեռ մի քանի օրվա տարբերությամբ հետազոտություն է անցնում Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի մեկ այլ բժշկի մոտ, որի արդյունքերն, ըստ Սամվելի, բացասական են եղել:

«24.03.2021թ․-ին Քննչական բաժնից ներկայացվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքը։ Դրանով հիմնավորվում է, որ իմ  վերաբերյալ «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոնում 2019-ին տրված ախտորոշումները հիմնավոր են եղել և ԿԲՀ-ի՝ 2019-ին կայացրած եզրակացությունն ախտորոշման մասով ճիշտ է եղել։ Դրանք համապատասխանում են նաև Շենգավիթ ԲԿ-ի 2019 թվականի հետազոտության (2021-ին տրված) և «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում 2021-ին տրված «արագացված» եզրակացություններին»,- ասում է Սամվելը եւ նշում, որ այս հետազոտությունների կողքին ունենալով անկախ հետազոտությունների արդյունքերը կրկին բողոքարկել է։

Անկախ ստուգումների փաստաթղթերը նախապես ներկայացվել էին քննիչին։ Քննչական կոմիտեն, սակայն, այս տարվա  հուլիսին, Սամվել Շահնազարյանին որոշում է փոխանցել, նախկին հետազոտության արդյունքները ճիշտ են՝ պիտանի է ծառայության, իսկ ԿԲՀ-ն այդ որոշումը օրինական է համարել: Սամվել Շահնազարյանը կրկին բողոքարկել է, գործի քննությունը շարունակվում է: Սամվելին արգելել են լքել երկիրը:

Ստեղծված իրավիճակին լուծում գտնելու եւ ԿԲՀ-տարածքային զինկոմ-ՔԿ-ԲԿ շրջապտույտին վերջ տալու համար Սամվելի մայրը դիմել է ՊՆ, երբ նախարարի պաշտոնը դեռ զբաղեցնում էր Վաղարշակ Հարությունյանը: Գերատեսրությունից փոխանցել են, որ Սամվել Շահնազարյանը ենթակա է զորակոչի: Սամվելն այժմ սպասում է ՔԿ-ում քննվող քրգործի որոշմանը, որպեսզի իր իրավունքերը վերականգնելու համար դատական գործընթաց սկսի:

Նարեկ Կիրակոսյան