«Ադրբեջանը պետք է անհապաղ եւ անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված խաղաղ բնակիչներին»․ ԱՄՆ կոնգրես

49

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կարգապահության կանոնների հարցերով կոմիտեն ճանապարհ է հարթել Ներկայացուցիչների պալատում ANCA-ի կողմից աջակցվող փոփոխության ամբողջական վերանայման համար՝ ներկայացուցիչներ Թոնի Կարդենասի (D-CA), Ադամ Շիֆի (D-CA) եւ Բրեդ Շերմանի (D-CA) գլխավորությամբ, ովքեր Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Փոփոխությունը պահանջում է հետաքննություն անցկացնել անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ, որոնք 2020 թվականին օգտագործվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումների ընթացքում խաղաղ բնակիչներին թիրախավորելու համար, հաղորդում է ANCA-ն:

Հանձնաժողովը նաեւ կողմ է քվեարկել, որպեսզի Ներկայացուցիչների պալատին թույլ տրվի լիարժեք քվեարկել Արցախ/Հայաստանի օգտին փոփոխությունների հարցով՝ ներկայացուցիչներ Ֆրենկ Փալոնեի, Դեյվիդ Վալադաոյի, Դինա Տիտուսի եւ Ջիմ Մաքգովերնի գլխավորությամբ:

Փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա Ներկայացուցիչների պալատի կողմից «2022 ֆինանսական տարում ազգային պաշտպանական լիազորությունների մասին օրենքի» (H.R.4350) քննարկման ժամանակ, որը կարող է սկսվել սեպտեմբերի 21-ին:

Կարդենաս-Շիֆ-Շերմանի փոփոխության մեջ նշվում է, որ Կոնգրեսը կարծում է, որ «Ադրբեջանը պետք է անհապաղ եւ անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված խաղաղ բնակիչներին»: «Չափազանց կարեւոր է, որպեսզի մենք փաստերի մասին ամբողջական ​​զեկույց ստանանք, քանի որ ձգտում ենք պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում անցած տարի կատարած գործողությունների համար»,- ասել է ներկայացուցիչ Կարդենասը:

«Ուրախ եմ, որ սերտորեն համագործակցել եմ ներկայացուցիչներ Շիֆի եւ Շերմանի հետ` փոփոխությունը մտցնելու համար, որը հենց դա է անում: Այս զեկույցը վճռորոշ նշանակություն ունի Ադրբեջանի գործողությունների մասշտաբի եւ միջազգային իրավունքի ցանկացած հնարավոր խախտման վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար: Բացի այդ, դրանում հստակորեն կնշվի, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսն ակնկալում է, որ Ադրբեջանը կկատարի մնացած բոլոր հայ ռազմագերիներին անվերապահորեն Հայաստան վերադարձնելու իր պարտավորությունը: Ես երախտապարտ եմ համահովանավորների երկկուսակցական խմբին, որը միացավ մեզ այս ջանքերում, եւ քրտնաջան կաշխատեմ, որպեսզի զեկույցը պատրաստ լինի»: