Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Անկախության 30-ամյակի առիթվ շնորհավորական ուղերձ է հղել:
«Սիրելի’ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության հարգելի’ քաղաքացիներ,
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակը:
Լրանում է բարդ ու ճգնաժամային իրավիճակում, երբ առկա են բազում խնդիրներ ու մարտահրավերներ:
Լրանում է աղետաբեր պատերազմի տարելիցի նախօրյակին, հազարավոր երիտասարդների կորստի ցավի, գերության կամ անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների անորոշ ճակատագրերի, մեր հոգու և մարմնի չսպիացող վերքերի, ընդհատված երազանքների պայմաններում:
Լրանում է մի ժամանակ, երբ աշխարհի հետ միասին պարտադրված ենք դիմագրավել կորոնավիրուսի համավարակին:
Լրանում է մի ժամանակաշրջանում, երբ երկիրը մեր միասնական ուսի, մեր մտքի ու համատեղ ջանքի մեծագույն կարիքն ունի, երբ մեր ինքնությունն առավել խորությամբ հասկանալու և այն պաշտպանելու անհրաժեշտություն կա, երբ միասնականության ու միմյանց լսելու, հասկանալու, փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության, միմյանց ցավը կիսելու և միմյանց սատար լինելու խիստ կարիք կա:
30 տարի առաջ նույնպես, ինչպես այսօր, մեր ժողովրդի համար բարդ ժամանակահատված էր, և կրկին նույն հարցադրումը՝ կկարողանա՞նք հաղթահարել և ինչպե՞ս:
Եւ հաղթահարեցինք. 1991թ.սեպտեմբերի 21-ին իրականություն դարձրեցինք մեր բազմամյա երազանքը՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակեցինք անկախ պետություն:
Ընդ որում, ոչ ոք մեզ անկախությունը չնվիրեց: Մենք ինքներս ձգտեցինք, պայքարեցինք և հասանք: Հասանք ոչ միայն կամքի ու նվիրվածության, այլև մեր հայրենակիցներից շատերի կյանքի գնով:
Վերստին խոնարհվում եմ բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց զոհաբերեցին Հայաստանի անկախության, ինքնիշխանության, Արցախի ազատության և անվտանգության համար:
Խորին հարգանքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել անկախության ձեռքբերման մեջ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
30 տարվա ընթացքում տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել լիարժեք իրացնել
անկախության ընձեռած հնարավորությունը, չենք կարողացել զարգացնել հաղթանակն ու հաջողությունը:
Կարծես թե դրա համար ամեն ինչ առկա էր՝ երազանքից մինչև գաղափար, ոգևորությունից մինչև կամք, անցյալի փորձից մինչև ապագայի ձգտում:
Մինչդեռ այսօր պարզվում է, որ ըստ արժանվույն չենք գնահատել այն, ինչ ունեինք: Ավելին, թերագնահատել ենք ինչպես ձեռքբերումները, այնպես էլ կորուստները:
Մեր ոգին ծառայեցրել ենք ոչ այնքան իրական հաջողություն ստեղծելուն, որքան ցանկալի հաջողությամբ ուրախանալուն:
Շուրջ երեսուն տարի անց ստացած հարվածը, ցավոք, նոր պատերազմի տեսքով էր…
Այսօր միահյուսվում են մեր երկրի և ժողովրդի պատմությունը, ներկան և ապագան: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից: Միևնույն ժամանակ, չպետք է թույլ տանք, որ անցյալը կաշկանդի մեզ առաջ քայլել:
Մեր հայրենիքի կարեւորագույն խնդիրը մնում է և դեռ երկար ժամանակ լինելու է ազգային անվտանգությունը։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել մեր անվտանգության համակարգն ամրապնդելու համար:
Առանց ուժեղ անվտանգության համակարգի չի կարող լինել ո՛չ զարգացում, ոչ էլ առաջընթաց:
Պետք է ավելի շատ ջանքեր ուղղենք մեր Հայրենիքի՝ Հայաստան ու Արցախի ապագային միտված զարգացմանը: Բայց նախ և առաջ պետք է իրականության մեջ, այլ ոչ թե զգացմունքային դաշտում գնահատենք ու գիտակցենք անկախ պետականության կենսական արժեքը:
Պետականությունը դառնում է իրողություն, երբ ապրում է մեր մեջ, մեր աշխատանքում, մեր կենսակերպում, մեր ընտանիքում, մեր մտածողության մեջ:
Մենք պետք է ունենանք ազգային և պետական հստակ օրակարգ, տեսլական և ծրագիր, որոնք պետք է նաև ուղղորդեն մեր գործողությունները մեր գործընկերների հետ շփումներում և ընդհանրապես միջազգային հարաբերություններում:
Մեզ անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խորին գիտակցում:
Անհրաժեշտ է միասնություն՝ Հայրենիքը դարձնելու անվտանգ, պաշտպանունակ, ուժեղ և բոլոր առումներով առողջ պետություն:
Անհրաժեշտ է համբերություն և այն բանի գիտակցում, որ դժվարությունները ժամանակավոր են, և մենք
կարող ենք դրանք հաղթահարել:
Անհրաժեշտ է հեռատեսություն՝ անգամ ներկայիս իրավիճակում տեսնելու նոր հնարավորություններ:
Անհրաժեշտ է իրատեսություն, իրականության վերարժևորում. վերամեկնարկի կարիք ունի ոչ միայն պետությունը, այլև պետականության մեր զգացողությունը, այն կորցնելու հնարավոր վտանգի հետևանքների գիտակցումը:
Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և շարժվել առաջ՝
համերաշխության ու հանդուրժողականության, ազգային համաձայնության մթնոլորտում,
միմյանց աչքերին արժանապատվորեն, ուղիղ և ազնվորեն նայելու համարձակությամբ,
ձևականությունից, ամբոխահաճությունից հրաժարվելու և իրական քայլեր անելու հաստատակամությամբ,
Հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը, անվտանգ և բարգավաճ դարձնելու նպատակաուղղվածությամբ:
Պատմությունը հիշում է թե՛ պարտություննները, թե՛ հաղթանակները: Պետք է կարողանանք որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես հասարակություն ապրել այնպես, որ պատմությանը պարտադրենք մեր մասին վկայել միայն ձեռքբերումների և հաղթանակների միջոցով:
Անկախության տոնը միավորում է բոլորիս՝ Հայաստանից մինչև Արցախ ու Սփյուռք:
Թող միասնության այս զգացումը մեզ օգնի հասնելու համազգային, համահայկական ու համապետական նպատակներին:
Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: