Հայաստանը սեպտեմբերի 16-ից մեկ տարի ժամկետով ստանձնեց հայ-ադրբեջանական կոնֆլիկտում Հայաստանին մշտապես միայնակ թողած ՀԱՊԿ-ի նախագահությունը: ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, եթե կազմակերպության աննդամ պետություններից մեկը հարձակման է ենթարկվում, ապա դա նշանակում է, որ հարձակման են ենթարկվում ՀԱՊԿ մնացած պետությունները: Օրինակ, եթե այժմ ադրբեջանական զինուժը ՀՀ սուվերեն տարածքում է, ապա դա նշանակում է, որ նաեւ Ռուսաստանի տարածքում է: ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանի հարավում իրավիճակի սրումը ` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, համարել էր «սահմանային միջադեպ», որը չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին:
Այժմ հարց է առաջանում՝ ի՞նչ է տալու Հայաստանի նախագահությունը մի կազմակերպության, որը անգամ չի դատապարտում ադրբեջանական կողմի անօրինականությունները:
«Ես չեմ կարծում, որ կոնկրետ օգուտներ կարող ենք ունենալ, բայց սա հնարավորություն է ՀԱՊԿ-ի օրակարգում հնչեցնել այն մտահոգությունները որը մենք ունենք: Ամեն դեպքում ձայնի իրավունքի հնարավորություն նախագահությունը տալիս է: Նախագահող երկրի հնարավորությունները որեւէ հարցեր դարձնել քննարկման առարկա՝ մեծ են: Սա չի նշանակում, որ ինչ-որ որոշումներ են ընդունվելու կամ ինչ-որ քայլեր են ձեռնարկվելու, որոնք նպաստավոր են Հայաստանի համար»,- ասում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարել է, որ Հավաքական անվտանգության տարբեր շրջաններում իրավիճակի զարգացման տրամաբանությունը հստակ ցույց է տվել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը: «Ակնհայտ է ճգնաժամային իրավիճակների մշտադիտարկման, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմների անհրաժեշտությունը: Գործնականում այս ամենը կձևավորվի, այդ թվում՝ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի լիարժեք գործունեության ապահովման միջոցով»,- ասել է Հայաստանի վարչապետը՝ հավանաբար նկատի ունենալով, որ ՀԱՊԿ պատշաճ չի արձագանքել ադրբեջանական սադրանքերին:
Բորիս Նավասարդյանը կարծում է , որ Փաշինյանի այս հայտարարությունն աննկատ չի մնա:
«Կարծում եմ՝ ամեն դեպքում որոշակի ուշադրության կարժանանա, քանի որ կան իրավիճակներ, երբ ՀԱՊԿ-ի անդրադարձը եւ կոնկրետ գործողություններ չեն հանդիսանում հակասությունների առարկա: Ամեն դեպքում այդպիսի մեխանիզմը օգտակար կլինի ՀԱՊԿ-ի համար: Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունն ուշադրության կարժանանա, սակայն, այն ինչը վերաբերում է Հայաստանին մտահոգող խնդիրներին, որեւէ գործնական օգուտներ չի բերելու
Մեզ առնչվող հարցերը կոնսենսուս չեն առաջացնում ՀԱՊԿ պետությունների մոտ եւ այդ երկրներում մեծամասնություն են կազմում այն պետությունները, որոնք ավելի մտերիմ են Ադրբեջանի հետ, քան՝ Հայաստանի»,- ասում է նա:
Նիկոլ Փաշինյանն առաջարկել է քայլեր ձեռնարկել միջազգային ասպարեզում ՀԱՊԿ հեղինակության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ շահագրգիռ այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնման միջոցով: «Այս առումով կարևոր է առավելագույնս օգտագործել և զարգացնել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքային փորձը»,- նշել է Փաշինյանը:
Բորիս Նավասարդյանն անդրադառնալով Փաշինյանի այս առաջարկին նշեց. «Արտաքին հարաբերություններում, միջազգային կառույցների անդամակցության շրջանակներում կան այնպիսի քայլեր, գործողություններ, որոնք պետությունը պարտավոր է անել, նույնիսկ չակընկալելով դրա գործնական հետեւանքները։ ՀԱՊԿ-ում մեր քաքաքական ղեկավարության ներկայացուցիչների նախաձեռնությունները եւ հայտարարությունները հենց այս բնույթի են»։
Որպեսզի ընդհանրական պատկերացմում լինի, թե հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հրահրմամբ տեղի ունեցող ռազմական գործողություններին ՀԱՊԿ-ն տարբեր տարիների ինչպես է արձագանքել, ներկայացնենք կառույցի կողմից խնդրի վերաբերյալ տարածված հայտարարությունները:
2014 թվականի հունվարի 23-ի երեկոյան ադրբեջանական զինուժը խախտել էր հրադադարի ռեժիմը և տարբեր զինատեսակներից ավելի քան 300 կրակոց արձակել Տավուշի մարզի Մովսես, Չինարի և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ: Հակառակորդի գնդակից ոտքից վիրավորվել էր Տավուշի մարզի Այգեպարի բնակչուհի, 16-ամյա Լիանա Անիկյանը։ Գնդակը նրան կպել էր տանը գտնվելու ժամանակ: Տավուշում խաղաղ բնակչի վիրավորվելու փաստին ՀԱՊԿ-ն ընդհանրապես չէր արձագանքել:
2014 թ հուլիսի 31-ից մինչև օգոստսի 4-ը ծավալվող մարտական գործողությունների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին, կրկին Տավուշի ուղղությամբ, ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներն իրականացրեցին 20 դիվերսիա, որոնց ադյունքում հայկական կողմը ունեցավ 5 զոհ, 4 վիրավոր։ Օգոստոսի 7-ին հայկական կողմից գերեվարվեց և սպանվեց մեկ քաղաքացիական անձ՝ Չինարի գյուղի բնակիչ, 31-ամյա Կարեն Պետրոսյանը։ ՀԱՊԿ-ից այս դեպքում էլ հասցեական հայտարարություն չեղավ։
Ադրբեջանի սանձազերծած հերթական սադրանքի արդյունքում խաղաղ բնակիչներ զոհվեցին նաև 2015 թվականին: Հունվարի 11-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհվել էր Ոսկեվան գյուղի բնակիչ, 1935 թվականին ծնված Սերյոժա Սարգսյանը, փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը գնդակոծությունների հետևանքով զոհվել էր Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 60-ամյա Վանիկ Ղուկասյանը, իսկ փետրվարի 4-ին ադրբեջանական զինված ուժերի դիպուպուկահարի կրակոցից վիրավորվել էր Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ 85-ամյա Լևոն Անդրեասյանը: Հենց փետրվարի 5-ին Երևանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանին ուղղված որևէ դատապարտող խոսք չհնչեցրեց։ Բորդյուժան միայն խորը մտահոգություն հայտնեց սահմանային լարվածության կապակցությամբ:
2016 թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձի արդյունքում հայկական ԶՈՒ-ն 3 զոհ ունեցավ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվեցին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, շարքայիններ Էդգար Նարայանը և Էրիկ Աբովյանը: Այս անգամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան արձագանքեց զինված միջադեպին՝ այն որակելով սադրիչ գործողություն, սակայն վերստին հրադադարի ռեժիմը պահպանելու կոչն ուղղված էր երկու կողմերին։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: