Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժնի չորրորդ կուրսի ուսանող Գոռ Ավետիքյանը երազում էր զինծառայությունն ավարտելուց հետո նկարիչ դառնալ: Դեռեւս չորս տարեկանից է տարված եղել նկարչությամբ, գույները նրա տարերքն են եղել: Տասը տարեկանից հաճախել է «Հայորդաց տան » նկարչության դասերին, որտեղ էլ Գոռն իրեն բացահայտել է:
Մայրը՝ Փիրուզա Թեմուրյանը, նշում է, որ ունեցել է նկարչության լավ ուսուցիչ, եւ իր որդու նկարներում, որոնք նա խնամքով պահում է, Մինաս Ավետիսյանի գույներն են արտացոլված:
«Չորրորդ կուրսի առաջին կիսամյակից բանակ գնաց, մնացել էր տարիուկես, որ ավարտի: Պատերազմի ավարտից երկու ամիս անց պետք է վերադառնար », — պատմում է Գոռի մայրը՝ Փիրուզա Թեմուրյանը:
Մեկ տարի շարունակ Փիրուզան ապրում է հիշողություններով, թե պատերազմի ընթացքում որ օրն ինչ է խոսել որդու հետ, ինչ է նա ասել, ինչ նկար է ուղարկել:
Գոռը ծառայում էր Արցախի Մարտունի-3 զորամասում, մոտոհրաձգային վաշտի ավագ մեխանիկ-վարորդ էր: Բանակում զբաղվել է նաեւ քարտեզագրությամբ: Նա զոհվել է նեյեմբերի 9-ին ստորագրված համաձայնությունից հաշված օրեր առաջ՝ նոյեմբերի 3-ին: Այդ օրը նա զանգահարել է ընկերուհուն, տեղեկացրել, որ իրենց տանում են առաջնագիծ: Մայրը պատմում է, որ որդին պատերազմից առաջ եւ դրա ողջ ընթացքում լավ տեղեկացված է եղել, շատ բան է տեսել ու հասկացել: Պատերազմի մասին էլ են նրանք նախօրոք իմացել: Փիրուզայի ասելով՝ դեռեւս անցյալ տարվա հուլիսին, Տավուշի դեպքերից հետո, իր որդուն եւ նրա ընկերներին տասն օրով սահման էին տարել՝ նախապատրաստական, ինժեներական աշխատանքների: Իրենք էլ այդ ժամանակ տեղյակ են եղել, որ պատերազմ է լինելու, մի օր առանց զգուշացնելու տագնապի ազդանշան են տվել, եւ թվացել է, թե սկսվել է պատերազմը, նույնիսկ Գոռը մորն ասել է՝ օ՜ֆ, մա՛մ, զզվել եմ արդեն, ե՞րբ է սկսելու, որ պրծնի: Չէ՞ որ, նրանք անընդհատ լարված վիճակում են եղել:
«Դեռ այն ժամանակ, երբ հայտարարում էին, թե հազար զոհ ունենք, որդիս զանգելիս ասում էր, որ նրանք չորս հազարից ավելի են: Հետո նա դառնացած ասում էր՝ մա՛մ ջան, դեռ պատերազմից հետո կտեսնես, թե ինչեր են բացահայտվելու, ինչեր ենք իմանալու»,- ասում է մայրը: Որդուն կարողացել են բերել երկու օր անց, քանի որ այդ տարածքում դիպուկահարներ են աշխատել: Սակայն Գոռի մոր համար առեղծված է մնում այն հարցը, թե այդ դեպքում ինչպես են կարողացել դուրս բերել վիրավորներին: Այդ հարցի պատասխանը Փիրուզան չի ստացել նաեւ որդու՝ թեւը կորցրած հրամանատարից, որը հետմահու բերել էր նրա պարգեւը:
Երբ անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, հարվածի տակ է հայտնվել Գոռենց զորամասը. Գոռը դուրս է եկել, ուրախացել, որ արեւոտ օր է լինելու, այդ ժամանակ էլ լսել է պայթյունի ձայնը: Զորամասի մուտքը փլուզվել է, եղել են վիրավորներ, Գոռը մտածել է ուրիշներին օգնելու մասին, պատուհանով դուրս է բերել բոլորին եւ միայն վերջում դուրս եկել:
«Տղաս ամեն օր զանգում էր, որ մենք չանհանգստանանք: Զանգում էր եւ ասում, որ այդ օրն էլ հաղթեցինք: Միշտ ասում էր՝ մի քիչ էլ դիմացեք, կգամ, եւ ամեն ինչ լավ կլինի: Իսկ բանակային կյանքից ինքը ոչ մի բան չի պատմել: Հրամանատարները պատմում էին, որ ինքը միշտ մնացել է իրենց հետ, բոլոր գործերի ժամանակ օգնել: Երբեք ոչնչից չի տրտնջացել: Իսկ ազատ ժամանակը տրամադրել է գրքեր կարդալուն: Երբ գալիս էր արձակուրդ, ուսապարկով գրքեր էր տանում եւ բերում: Դեռ տասնհինգ տարեկանում ես իրեն տվեցի Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը », որ ինքը կարդա եւ փորձի նմանվել ճային, ձգտի առաջ գնալ, տարբերվել բոլորից: Ինքը շատ լավ հասկանում էր դա, շատ խելացի էր Գոռս»,- հիշում է Փիրուզան:
Հետո նա ցույց է տալիս մի մեդալիոն, որի վրա պատկերված նշանի մեջ որդին խորհուրդ էր դրել, ասես պատվիրաններ էր դրել իր համար, որոնցով էլ առաջնորդվում էր կյանքում:
«Ճառագայթները ընտանիքն են խորհրդանշում, ներքեւի գունդը նշանակում է երբեք չնահանջել, հետքայլ չանել կյանքում, երկրորդ գունդը նշանակում է օգնել մարդկանց, կանգնեցնել ճիշտ ուղու վրա, երբ Գոռը տեսնում էր, որ մեկն անօգնական է, նեղված է, անպայման հասնում էր օգնության, հոգեբանորեն օգնում: Երրորդը նշանակում է կանանց վրա երբեք ձեռք չբարձրացնել, կենդանիների մասին հոգ տանել, մեջտեղինը նշանակում է ապրել այնպես, որ ծնողներդ հպարտանան քեզնով: Ամեն տեղ ինքը նկարել էր այդ նշանը »,-նշեց Գոռի մայրը:
Հայաստանի անկախության օրը պաշտոնապես տոնակատարությամբ նշելը Փիրուզա Թեմուրյանը վիրավորանք է համարում:
«Եթե ուզում են հարգել զոհերի հիշատակը, թող մեկ առ մեկ ցույց տան զոհվածներին եւ հիշեն նրանց: Թող Հրապարակում, մեծ էկրանին, բոլորին մեկ առ մեկ ցույց տան եւ հիշեն նրանց, ներկայացնեն: Չէ՞ որ այս պատերազմը միայն մեր երեսուն տարիների անկախությունը չէ խորհրդանշում, այլ երեսուն տարիների մեր զրկանքները, անկախության համար պայքարը: Իմ տղան դպրոցում, Հայաստանի անկախության տոնին նվիրված դասին, ասել էր՝ Հայրենիքի անկախության գաղափարն ամենավեհ գաղափարն է եւ գիտեմ, որ միայն արյամբ եւ զոհողությամբ կարելի է պահպանել Հայրենիքի իրական անկախությունը: Եվ պատերազմի ժամանակ էլ նա ապացուցեց իր խոսքերին հավատարիմ մնալը: Այսօր անկախության խորհրդանիշը մեր զինվորներն են, որոնք իրենց կյանքն են նվիրել հայրենիքին: Քանի որ մեր երկրի ղեկավարի որդին էլ է կռվել, մասնակցել պատերազմին, ինքը պետք է հասկանա որդեկորույս ծնողներին »,- կարծում է Փիրուզան:
Գոռի ընկերներից Էդուարդ Պաջյանը եւս մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին, սակայն նա հրաժարվում է այդ մասին խոսել, որեւէ բան պատմել առհասարակ պատերազմի մասին: Միայն ասում է, որ Գոռը լավ ընկեր էր, մարդասեր, ոչ մի դժվարության առաջ չէր կանգնում:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: