«Ավրորա» մրցանակը կարձագանքի ամենահրատապ մարդասիրական ճգնաժամերին

47

Նախաձեռնությունը միջոցներ կուղղի այն վայրեր, որտեղ անհապաղ օգնության կարիք կա

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» մրցանակի հիմնական նպատակների բարեփոխման մասին․ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ֆոնդից այսուհետեւ միջոցներ կհատկացվեն նաեւ մարդասիրական անհապաղ օգնության համար։ 2022 թվականից սկսած մրցանակային ֆոնդի կեսն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կուղղի անհապաղ միջամտություն պահանջող ամենահրատապ մարդասիրական ճգնաժամերից որեւէ մեկի հաղթահարմանը: Բացի այդ, այս տարի, հաշվի առնելով 2020 թ. պատերազմից տուժած արցախցիների խիստ կարիքները, «Ավրորան» կառաջարկի 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրին մրցանակի 250.000 ԱՄՆ դոլարն (կամ 25%-ը) ուղղել Արցախի մարդասիրական հրատապ խնդիրների լուծմանը: «Ավրորայի» համահիմնադիրներն ստանձնում են հանձնառություն՝ կրկնապատկելու այդ նվիրատվությունը՝ գումարի չափը հասցնելով 500.000 ԱՄՆ դոլարի:

2016 թվականից սկսած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ամեն տարի 1 մլն ԱՄՆ դոլարի մրցանակ է շնորհում բացառիկ հերոսների՝ ճանաչման արժանացնելով նրանց կատարած մարդասիրական աշխատանքը: Այս մրցանակը «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի եզակի դրսեւորում է. մրցանակի դափնեկիրները շարունակում են նվիրատվության շղթան՝ գումարի 90%-ը նվիրաբերելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց:

Հինգ տարի անց մրցանակը Վերահսկող հանձնաժողովը, խորհրդակցելով «Ավրորայի» դափնեկիրների հետ, որոշել է փոփոխել դրա կառուցվածքը՝ արագ արձագանքելու համաշխարհային մարդասիրական ճգնաժամերին: «Ավրորայի» դափնեկիրները «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի եւ նախաձեռնության համահիմնադիրների հետ կորոշեն, թե հատկապես որ հրատապ խնդրին արձագանքել՝ ուղղելով միջոցներ:

«Որպես մարդ, որը երկար տարիներ աշխատել է հակամարտության գոտում շարունակվող մարդասիրական ճգնաժամի պայմաններում, ես գիտեմ, թե որքան խիստ է օգնության կարիքը: Այդ պատճառով ես լիովին աջակցում եմ նման խնդիրների հաղթահարմանը եւ դրանց դեմ պայքարող մարդկանց աջակցելուն առաջնահերթություն տալու որոշմանը»,- նշեց 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, բժիշկ Թոմ Քաթինան:

Վերջնական փուլում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կհամագործակցի այդ տարվա դափնեկրի հետ՝ ընտրելու կամ մշակելու մինչեւ երեք նախագիծ, որոնց կտրվի մասնակի կամ մեկնարկային ֆինանսական աջակցություն: Արդյունքում «Ավրորա» մրցանակից 500.000 ԱՄՆ դոլար կհատկացվի ընտրված ճգնաժամային գոտուն: Մրցանակի մնացած 500.000 ԱՄՆ դոլարը կբաշխվի՝ համաձայն «Երախտագիտությունն՝ ի գործ» սկզբունքի. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը կշարունակի նվիրատվության շղթան եւ գումարը կհատկացվի մինչեւ երեք մարդասիրական կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց: Գումարը կբաշխվի՝ ըստ դափնեկրի առաջարկած չափաբաժինների:

2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ դրան ուղեկցող միջոցառումները տեղի կունենան Վենետիկում (Իտալիա) 2021 թ. հոկտեմբերի 8-10-ը: Իսկ հիմա 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար թեկնածուների առաջադրումները շարունակվում են: Մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 31-ը ցանկացած ոք կարող է առաջադրել թեկնածուների, որոնք ուրիշներին օգնելու համար հաղթահարել են անձնական մեծագույն մարտահրավերներ եւ դրսեւորել են նվիրվածություն ու խիզախություն եւ ունեցել մեծ ազդեցություն:

* * *

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:

«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի  համաշխարհային  շարժման եւ «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի  փրկողների  շրջանակը, եւ ամենակարեւորը՝ կմեծանա փրկվածների թիվը:

Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը:

Այս հանձնառության նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությանը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Երեւան, Հայաստան):

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության:

Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ IMAGINE կազմակերպության համահիմնադիր նախագահ Փոլ Փոլմանը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը:  Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:

Պատվավոր համանախագահներն են խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը եւ օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին։ Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամներն են Կոստա Ռիկայի նախկին նախագահ եւ Նոբելյան դափնեկիր  Օսկար Արյասը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական եւ գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը:

Մենք հարգում ենք Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահ, Մարդասիրության «Էլի Վիզել» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր Էլի Վիզելի (1928-2016 թթ.) հիշատակը: