«Չենք ասում ազատեք, արդարացրեք, ասում ենք՝ խափանման միջոցը փոխեք»․ Բժիշկների բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

26

Քիչ առաջ դատախազության շենքի մոտ բժիշկները բողոքի ակցիա էին իրականացնում՝ ի աջակցություն «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի։

Ակցիայի մասնակից, բժիշկ Սամվել Սահակյանի խոսքով՝ հավաքվելու նպատակն է հայտնել մտահոգությունը ՀՀ քաղաքացու առողջական վիճակի վատթարացման մասին։ «Քաղաքացու, ով արդեն ուներ ծանր հիվանդություն, և անազատության մեջ մնալով՝ խորացել է դա, և բազմաթիվ բարդություններ են ի հատ եկել»։

Բժշկի պնդմամբ՝ Արմեն Չարչյանն ունի ինսուլինակախյալ շաքարային դիաբետ հիվանդություն, որը շատ ծանր ախտաբանություն է, բայց կառավարելի: Եթե ժամանակին կանխարգելվում են բարդությունները, այս հիվանդության հետ մարդն ապրում է երկար՝ առանց խնդիր ունենալու: Համարյա բոլոր օրգան համակարգերը ախտահարված են, ընդ որում՝ ծանր ախտահարումներ են:

«Այսօր իմացա, որ նաև աչքն է ախտաբանական գործընթացի մեջ մտել: Գոյություն ունի կառավարության որոշում, որտեղ հստակ սահմանվում են այն հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են քաղաքացու կալանքի հետ: Այս ցանկի մեկ հոդվածին էր համապատասխանում Արմեն Չարչյանի առողջական վիճակի բարդացումները, այսօր իմացա, որ արդեն 4-ի է հասել: Խոսքը ծանր բարդությունների մասին է: Մեկ շաբաթ հետո այս 4-ը կդառնա 8»,- նշել է Սամվել Սահակյանը:

Ըստ բժշկի՝ դատախազության մոտ հավաքվելու իմաստն այն է, որ հանդիպեն գլխավոր դատախազի հետ՝ առանց բանավիճելու միտման: Նրա խոսքով՝ մեկ շաբաթ հետո կարող է ուշ լինել։

 «Եթե ժամանակին Առողջապահության նախարարությունը ականջալուր լիներ մեր խնդրանքներին, այսպես չէր լինի։ Մենք չենք ասում՝ ազատեք, արդարացրեք, մենք ասում ենք՝ խափանման միջոցը փոխեք, որ կարողանանք կազմակերպել պատշաճ բուժում»,- հավելեց բժիշկը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպելուց հետո՝ բժիշկը նշեց, որ դատախազը կողմ է իրենց դիրքորոշմանը, պարզապես համապատասխան ախտորոշուներ է պետք ներկայացրելու։ «Ներկայացնելու դեպքում հավաստիացրեց, որ մեզ կօգնի և կմիջնորդի հրատապ նիստ հրավիրել և խնդրանքը բավարարել»։

Դատախազի հետ հանդիպելուց հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Առողջապահության նախարարություն։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակված ձայնագրության համաձայն՝ Արմեն Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու բոլոր նրանց նկատմամբ, որ ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը Հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։  Արդեն հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Ավելի ուշ, Չարչյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։