«Բարոյական նորմերից ելնելով նախագահը, վարչապետը եւ ԱԺ նախագահը չպետք է ձրի ծառայություններից օգտվեն: Իրենք իրենց գրպանից ոչինչ չեն վճարելու, սա անթույլատրելի է»,- ասում է Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ հնարավոր է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի,  վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքների անդամների բուժսպասարկումից օգտվելու ծառայությունների համար վճարեն հարկատուները:

Օրենքի նման նախագիծ շրջանառության մեջ է դրել Ազգային անվտանգության ծառայությունը: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններով  առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին  ապահովել հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների ՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն ստանալը, ինչպես նաեւ անձնական բժշկով ապահովել ԱԺ նախագահին:

«Ինչու նրանց ընտանիքի անդամները պետբյուջեի հաշվին օգտվեն, երբ գիտենք, որ պետպատվերը սպառվել է, որից օգտվում են նաեւ պատերազմին վնասվածքներ ստացածները: Այս պայմաններում պետբյուջեի հաշվին նման ծախս թույլ տալն՝ անընդունելի է: Հիմա գուցե իրենք ասեն, որ այլ ծրագորվ են այս ծառայությունը ֆինասավորելու ոչ թե առողջապահության նախարարության, բայց բյուջեն մեկն է, կարեւոր չէ, թե որ ծրագրով է արվելու, դա գնալու է մեր բյուջեից»,- ասաց հակակոռուպցիոն ոլորտի փորձագետը:

Վարուժան Հոկտանյանը շեշտում է՝ Հայաստանում առակա են սոցիալական մի շարք խնդիրներ, աղքատություն, հիվանդությունների աճ եւ հետպատերազմական ծանր չլուծված հարցեր:

«Մենք չենք ապրում այնպիսի հարուստ երկրում, որ մեզ նման ծառայություններ թույլ տանք: Մեր երկրում միջոցները սուղ են, ունենք այսքան հաշմանդամներ պատերազմի հետեւանքով, հիվանդությունների աճ, կորոնավիրուսի տարածում: Ես չեմ ասում, որ նրանք գնան պոլիկլինիկաներ եւ հերթեր կանգնեն, բայց ինչու պետբյուջեի հաշվին: Այն ինչ-որ արվում է պետբյուջեի հաշվին, սա ենթադրում է, որ այն ծառայությունները, որոնք չեն մտնում պետպատվերի մեջ, օրինակ թանկարժեք վիրահատությունները, կորոշվի որ նման անվճար են վիրահատվելու»,- ասում է նա:

Նախագիծը թեեւ շրջանառության մեջ է դրվել ԱԱԾ-ի կողմից, բայց համահեղինակ է նաեւ առողջապահության նախարարությունն ու կառավարությունը: Համահեղինակներից առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որն այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր է նշում է՝ որ այս փոփոխությունները խնդրի կարգավորմանն են միտված եղել:

«Սա ոչ թե նոր առավելությունների տրամադրում է պաշտոնյաներին, այլ չկարգավորված խնդրի կարգավորում է: Պայմանավորված նոր սահմանադրությամբ ԱԺ նախագահի դերը ավելացել է, պետք է փաստենք, որ այդ պաշտոնյաներն այլ կարգավիճակ ունեն, քան այլ կառույցների ղեկավարները»,- ասաց նա եւ անդրադառնալով հարցին, թե ինչու են պետության հաշվին բուժսպասարկումից օգտվում նաեւ նշյալ պաշտոնյաների ընտանիքների անդամները, Թորոսյանը մեկնաբանեց.

«Սա տվյալ պաշտոնյաներին տրված սոցիալական երեշխիքների շրջանակներում է, պետական բյուջեի վրա ծախս չի առաջացնելու»:

Արսեն Թորոսյանին առաջարկեցինք մեկնաբանել՝ արդյո՞ք արդար է, որ վարչապետը կամ նախահագը, որ ստանում են մեկ մլն դրամից ավելի աշխատավարձ, նրանք պետության հաշվին անվճար բուժօգնություն ստանան, իսկ հաշմանադամություն ունեցող անձը, որ պետպատվերից օգտվելու արտանություն ունի՝ ամիսներով սպասի դժվարամատչելի հետազոտություն անցնելու համար, իշխանական պատգաամվորն ասաց. «Հարցը չմանիպուլացնենք: Այստեղ հարցը գումարի մասին չէ, այլ կարգավիճակով պայմանավորված: Վարչապետին եւ նախագահին տրվում է հատուկ տրանսպորտ, որ երթեւեեկեն, բայց նրանք կարող են իրենց միջոցներով էլ գնան, բայց քանի որ հատուկ կարգավիճակ ունեն տրվում է այդ փոխադրամիջոցը»:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest