Ոստիկաններն այսօր ուժով բերման են ենթարկել 4 քաղաքացիների, որոնք քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով կասեցնել «Ֆիզգորոդոկի» շինարարությունը։
Նրանք բերման են ենթարկվել ոստիկանների՝ քաղաքապետարանի հարակից փողոցը բացելու վերաբերյալ պահանջը չկատարելու համար։
Ակցիայի մասնակիցները նաև պահանջում էին, որ քաղաքապետն ու ավագանու անդամները դուրս գան և ներկայացնեն իրենց այն բոլոր իրավական հիմքերը, համաձայն որի՝ «ֆիզգորոդոկում» իրականացվող շինարարությունն օրինական է։
Բացի այդ, բերման է ենթարկվել նաև «Ֆիզգոռոդոկի» բնակիչ Հայկ Հարությունյանը, որը 20 օր հացադուլ և 2 օր ջրադուլ էր իրականացնում։
Նշենք՝ որ ակցիայի մի քանի մասնակիցներ մտել են քաղաքապետարան քննարկումների համար։
Հիշեցնենք՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչներն արդեն երկու ամիս է, ինչ բողոքում են այնտեղ իրականացվող շինարարության դեմ՝ համարելով այն ապօրինի։ Օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարել էր, որ «Ֆիզգորոդոկ»-ում շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Երևանի քաղաքապետարանի հրահանգով՝ ժամանակավորապես պետք է դադարեցվեր շինարարությունը, բայց այն շարունակվել է։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: