Առողջապահության նախարարությունը կտրուկ սահմանափակել է վիրավոր զինծառայողների թվաքանակը, որոնք բուժում են ստանում պետպատվերի շրջանակներում: Օգոստոսի 1-ից նախարարությունը պետության կողմից երաշխավորված բուժօգնություն է տրամադրում միայն 44-օրյա պատերազմի մասնակիցներին: Մյուսների հայտերը մերժում են:
ԶԼՄ-ներում շրջանառվում է առողջապահական գործակալության ղեկավարի նամակը ուղղված բուժհաստատությունների ղեկավարներին, որում վերջինս հայտնում է, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժսպասարկման գումարներում մինչև տարեվերջ ավելացում նախատեսված չէ և հրահանգվում է անվճար սպսարկման կարիք ունեցողներին հերթագրել:
Այսպիսով, նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին եւ հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (ՄՌՏ, ՀՏ):
Զինծառայողներից մեկը մեզ տրամադրեց իր ստացած պատասխանը, որում որպես մերժման պատճառ նշված է. «Վիրավորումը չի ստացել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ»։
Նա չնշեց իր անուն-ազգանունը, քանի որ գործող զինվորական է և մտավախություն ունի, որ կազատվի ծառայությունից:
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով բոլոր այն զինծառայողները, որոնք ծառայության ընթացքում հիվանդություն, խեղում կամ որեւէ այլ տիպի վնասվածք են ստացել, որոնց առողջությունը տուժել է ծառայության հետեւանքով՝ բանակում կամ պատերազմական գործողությունների մասնակցելիս, մարտական հանձնարարություններ կատարելիս բուժում են ստանում պետության հաշվին: Փաստորեն, օրենքը խախտվում է:
Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերով վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը ասում է. «Չէի ասի, որ դա օրենքի խախտում է։ Հավանաբար, կա ժամկետի խնդիր, այս պահին պետպատվերը սահմանված է միայն 44-օրյա պատերազմի մասնակիցների համար»:
Իսկ ի՞նչ են անում մյուսները:
Ըստ առողջապահության նախարարության չինովնիկների, նրանք պետք է հերթագրվեն ու սպասեն պետպատվերի շրջանակներում սպասարկվելու իրենց հերթին:
«Այս ընթացքում ԲԿ–ներում պետպատվերով բուժումը կիրականացվի հերթագրման եղանակով, մինչև գումարի վերաբաշխում կլինի»,- ասվում է ԶԼՄ-ներով տարածված նախարարության պատասխանում:
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, որ այս տարի, հաշվի առնելով հետպատերազմական վիճակը, այսինքն` ավելի մեծ թվով քաղաքացիներին սպասարկելու հանգամանքը, որոշ բուժհաստատություններում պետպատվերի տեղերը սպառվել են։
Կոպիտ ասած՝ բյուջեում զինծառյողների բուժումը կազմակերպելու համար գումար չկա, և պետպատվերի համար տրամադրվող գումարների մեծ դեֆիցիտ է առաջացել, որը նախարարությունը որոշել է լրացնել օրենքը խախտելով եւ զինծառայողներին դասակարգելով։
Սա այն դեպքում, երբ այս տարի պետական բյուջեից առողջապահությանը հատկացվող միջոցները ավելացվել են և կազմում է 117 մլրդ դրամ։ 2020 թվականին դրանք 113.7 մլրդ դրամ են եղել։ Ֆինանսական սխալ քաղաքականության համար պատժվում են ոչ թե չինովնիկները և նախարարության անբարեխիղճ, ոչ պրոֆեսիոնալ աշխատողները, որոնք պատասխանատու էին այդ քաղաքականության ճշգրիտ մշակման ու իրականացման համար, այլ պետպատվերով բուժվողները՝ սոցիալապես անապահով, կարիքավոր խմբերը:
Սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը ճոխ ու մաշտաբային նշելու համար գումար կա, իսկ զինծառայության հաշմանդամների համար՝ ոչ: ԱԺ պատգամավորների ահռելի պարգևատրումների համար փող կա, իսկ իրենց առողջությունը հայրենիքին զոհաբերած տղաներին բուժելու համար՝ ոչ: Նրանց փաստացի թողել են իրենց հույսին:
Հադրութցի Հրաչիկ Միրզախանյանը առաջին արցախյան պատերազմի մասնակից է, երրորդ կարգի հաշմանդամ: Նրա վեց զավակներից մեկը՝ Գառնիկը, զոհվել է 44-օրյա պատերազմի օրերին: Մյուսը՝ Գագիկ Միրզախանյանը 4 վիրահատություն է տարել՝ աղիքների, ձեռքի, ոտքի, մեջքի: Ձախ ձեռքի մատները չի կարողանում շարժել: Նրա կյանքը բժիշկներն են փրկել: Հիմա Ստեփնակերտում է: «Յոլա ենք գնում, փառք Աստծո», — ասում է Հրաչիկ Միրզախանյանը:
Հրաչիկ Միրզախանյանի ավագ որդին՝ Արարատը, նույնպես զինվորական է: 2007 թվականին վիրավորում էր ստացել, գլխի բեկորային վնասվածք: «Բեկորը վիրահատել, հանել են, բայց բեկորի տեղում ուռուցք էր առաջացել: Մի երկու տարի առաջ վիրահատեցին», — պատմում է հայրը:
Նա ամսական 40-45 հազար դրամի դեղեր է գնում Արարատի համար: Պետպատվերը սառեցնելու մասին լսել է, բայց ասում է, որ երբեք էլ հույս չի դրել պետության վրա: «Սկզբում մեզ պետպատվերով դեղեր տվեցին, բայց այնքան անորակ էին, երեխուս չէին օգնում, որ ես հրաժարվեցի էդ դեղերից: Հիմա գերմանական դեղեր եմ գնում: Օրը 9 հատ դեղ է խմում: Մի բան որ լինի, ես իմ հաշվին կանեմ» — ասում է Հրաչիկ Միրզախանյանը:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: