Հատուկ քննչական ծառայությունը հեղափոխությունից երեք տարի անց ձերբակալել, ապա կալանավորվել է  Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին։ 45 տարի իրավապահ համակարգում աշխատած եւ առանցքային պաշտոններ զբաղեցրած Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման, կաշառք ստանալու, խարդախությամբ գույք հափշտակելու համար:

Ըստ իրավապահ կառույցի, 68-ամյա Հովսեփյանը, պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք։ Թե ինչ ընկերությունների և գույքի մասին է խոսքը, իրավապահները չեն բացահայտում։ ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Հովսեփյանին կալանավորելու համար։ Հովսեփյանի պաշտպանական թիմը պատրաստվում է բողոքարկել ՀՔԾ-ի միջնորդությունը:

Աղվան Հովսեփյանը 2004-2013 թվականներին գլխավոր դատախազի պաշտոնն է զբաղեցրել, ապա 2014 թվականին կառավարության որոշմամաբ ստեղծվել է  Քննչական կոմիտեն, որի նախագահ է նշանակվել Աղվան Հովսեփյանը՝ կառույցը ղեկավարելով մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Խիստ ուշագրավ է, որ հեղափոխությունից հետո՝ երեք տարվա ընթացքում, Աղվան Հովսեփյանը որեւէ անգամ քրեական հետապնդման չի ենթարկվել: Թե ինչով է պայմանավորված այս հանգամանքը, անհսկանալի է, այն ինչ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր տարիներին Մարտի մեկի մեղավորներից էր համարում նաեւ հենց Հովսեփյանին: Նա միայն որպես վկա հարցաքննվել է այս գործի շրջանակներում:

Աղվան Հովսեփյանի եւ որդիների միլիոնները

Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու տարիներին հայտարարագրել է խոշոր չափի դրամական միջոցներ՝ 135 հազար եվրո եւ 12 մլն դրամ: ՔԿ նախագահի պաշտոնը զբաղեցնելիս արդեն հայտարարգրել է ութ մլն դրամը գերազանցող նկարների հավաքածու: Պաշտոնավարումը դադարեցնելիս ունեցել է 48 հազար ԱՄՆ դոլար եւ 24 մլն դրամ:

Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակ Հովսեփյանը, 2011 թվականին շահաբաժնից ստացել է 9,3 մլն դրամի եկամուտ եւ գույքի վաճառքից ստացել է 47 մլն դրամի եկամուտ,  իսկ 2012 թվականի ընթացքում  ձեռք է բերել  78 մլն 750 հազար դրամ արժողությամբ հողամաս եւ շահաբաժնից ստացել է 25  մլն դրամի եկամուտ: 2017 թվականին Միսակ Հովսեփյանը երեք տարբեր բաժնեմասեր է հայտարարագրել, որոնց ընդահնուր արժեքը կազմել է 119 մլն դրամ: Հովսեփյանի որդին 2018-ին ներկայացրած հայտարարգրում նշել է, որ հսկայական գումաներ է փոխառությամբ (տոկոսով կամ պարտքով) տվել: Մասնավորապես, 295 մլն դրամ, 542 հազար դոլար, 3,9 մլն ռուսական ռուբլի, 20 հազար եվրո, 126 մլն դրամ, 22 մլն դրամ եւ 132 մլն դրամ:

Աղվան Հովսեփյանի մյուս որդին՝ Նարեկ Հովսեփյանը, 2011 թվականին ստացել է 51,792 մլն դրամի եկամուտ, որից 49,464 մլն դրամը շահաբաժնից, իսկ 2,3 մլն դրամն աշխատավարձից: 2012-ին արդեն շահաբաժնից ստավող եկամուտները նվազել են հասնելով 26,865 մլն դրամի:

Աղվան Հովսեփյանի ընտանիքի ընկերությունը պետությանը միլիոնավոր դրամների ծառայություններ է մատուցում

Աղվան Հովսեփյանի ընտանիքին է պատկանում 1996 թվականից հիմնադրված   «Տելիա-Մեդ»  ընկերությունը, որը զբաղվում է բժշկական սարքավորումների մեծածախ վաճառքով: Ընկերությունը մասնակցում է նաեւ պետական գնումներին ու մեծ շահույթ ստանում: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Տելիա-Մեդ» ՓԲԸ-ի տնօրենը տասը տարի՝ 2006-2016 թվականներին, եղել է Միսակ Հովսեփյանը՝ Աղվան Հովսեփյանի որդին: Այնուհետև ընկերության տնօրեն դարձել է Հրաչյա Արմենակի Հովսեփյան անունով քաղաքացի: Իսկ ահա 2019 թվականի մարտին էլ «Տելիա-Մեդ» ՓԲԸ-ի տնօրեն է դարձել Նորա Էմինի Բարսեղյանը: ՀՀ ընտրողների ռեգիստրից  տեղեկանում ենք,  որ Նորա Էմինի Բարսեղյանը հաշվառված է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստյա վարչական շրջանի Ծերեթելի փողոցի այն նույն հասցեի բնակարանում, ինչ Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակ Հովսեփյանը եւ Աղվան Հովսեփյանը: Հովսեփյանների ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցեցին, որ Նորա Բարսեղյանը Աղվան Հովսեփյանի հարսն է:

Գնումների պետական համակարգից տեղեկանում ենք, որ Աղվան Հովսեփյանի ընտանիքին պատկանող այս ընկերությունը 2021 թվականի  մայիսին 82 մլն 900 հազար դրամի ծառայություններ է  մատուցել Երեւանի քաղաքապետարանին՝ մատակարարելով հինգ ռենդգեն սարքավորում:

Առողջապահության նախաարարությունը «Տելիա-Մեդ» ՓԲԸ-ի հետ ութ պայմանագիր է կնքել, որից վեցը հեղափոխությունից հետո: Ընդանուր ԱՆ այս ընկերությունից 304 մլն դրամի գնումներ է կատարել 2017-21 թվականներին: Նախարարությունը ձեռք է բերել բժշկական ավտոմեքենաներ եւ սարքավորումներ: 2019 թվականի հոկտեմբերին, օրինակ,  295 մլն 850 հազար դրամի  յոթ հատ շտապ օգնության մեքենաներ է գնվել «Տելիա-Մեդ» ՓԲԸ-ից:

Շուրջ 12 մլն դրամի էլ պաշտպանության նախարարությունն է գնումներ կատարել 2017-18 թվականներին՝ այդ թվում իշխանափոխությունից հետո:

Անդրադառնալով Աղվան Հովսեփյանի կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների առնչությամբ հարուցված քրեկան գործի րջանակներում հիշելի դարձավ, թե ինչպես էր Հովսեփյանը 2019 թվականի մայիսի 28-ին, Ապարանում  արդեն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի,  ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերակցությամբ Ապարան այցելել եւ միասին տոնում էին 1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակը։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest