Գլխավոր դատախազությունն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրաժարվել է Մարտի 1-ի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից։ Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումից։:
Երևանի քրեական դատարանի 2008թ.-ի դատավճռով Արամ Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել մարտիմեկյան իրադարձությունների շրջանակներում և դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով: Վերաքննիչ քրեական դատարանն այնուհետև ուժի մեջ էր թողել այդ որոշումը:
Հետագայում՝ արդեն հեղափոխությունից հետո` 2019-ին, գլխավոր դատախազի տեղակալը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ միջնորդելով բեկանել և փոփոխել Արամ Բարեղամյանի վերաբերյալ դատական ակտերը՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը:
2021թ. սեպտեմբերի 6-ին Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատախազը հանդես է եկել հայտարարությամբ՝ հրաժարվելով 2008թ. մարտի մեկի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ինքն էր ՀՀ վճռաբեկ դատարանին դիմել Ա. Բարեղամյանի վերաբերյալ արդարացման որոշում կայացնելու համար: Արդյունքում դատարանի կողմից կայացվել է արդարացման դատական ակտ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: