Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր, BBC-ի ադրբեջանական ծառայությանն ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը: Այս մասին հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը»:
«Ողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը», — ասել է նա, հավելելով` ռուս խաղաղապահները տեղակայվել են Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի շրջանի որոշակի հատվածներում` նոյեմբերի 10-ի հայտարարությանը համապատասխան:
Նախագահ Ալիևի խորհրդականը նշել է, որ եռակողմ այդ հայտարարությունը սահմանել է խաղաղապահ ուժերի տեղակայման քաղաքական և որոշ չափով`իրավական շրջանակները։
«Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնություններին ու հավելյալ իրավական մեխանիզմներին, ապա կողմերի միջև այդ հարցի վերաբերյալ նախնական շփումներ եղել են, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են», — ասել է նա:
Թե կոնկրետ ում միջև են քննարկումները և ինչ ձևաչափով` Ադրբեջանի նախագահի խորհրդականը չի հստակեցրել:
Բանակցությունների ու քննարկումների մասին չեն խոսել նաև հայկական կողմից: Պաշտոնական Երևանը միայն հայտարարում է, թե Բաքուն մինչ օրս ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել, և լայնածավալ հակաքարոզչություն է իրականացնում նրանց դեմ: «Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը», — օրեր առաջ ասել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը:
Ղարաբաղյան հակամարտությանը հետևող միջազգային փորձագիտական խմբերից մեկը ամիսներ առաջ որոշ փակագծեր էր բացել` կուլիսային քննարկումների վերաբերյալ:
Ադրբեջանցի մի պաշտոնյա, մասնավորապես, անանուն մնալու պայմանով, Միջազգային ճգնաժամային խմբին պատմել էր, որ դեռ անցած տարվա դեկտեմբերին`պատերազմական գործողությունների ավարտից շաբաթներ անց, Մոսկվան մի փաստաթուղթ է ներկայացրել Երևանին և Բաքվին, որտեղ գրված է եղել, թե ինչ դեր են ստանձնելու ռուս խաղաղապահները և ինչ խնդիրներ են լուծելու Ղարաբաղում:
Ադրբեջանը մի շարք դրույթների հետ համաձայն չի եղել։ «Նրանք ցանկանում են, որ Ռուսաստանը հստակ հայտարարի` տարածքը, որտեղ տեղակայված են խաղաղապահները, գտնվում է Ադրբեջանում»,- Ճգնաժամային խմբին պատմել է հայաստանցի մի պաշտոնյա`հավելելով` այդ պահանջը մերժվել է Երևանի ու Ստեփանակերտի կողմից:
Ռուս պաշտոնյաներից մեկն էլ, կրկին անանուն մնալու պայմանով, փոխանցել էր, որ Կրեմլը չի ձգտում ստանալ այդ փաստաթուղթը`ամեն գնով:
«Մոսկվայի համար կարևոր է, որ խաղաղապահների իրավունքներն ու պարտականությունները ընդունելի լինեն թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար», — ասել է ռուս պաշտոնյան, հավելելով․ — «Մոսկվան նախընտրում է սպասել, մինչև Բաքուն կմեղմի իր դիրքորոշումը»:
Միջազգային ճգնաժամային խմբի այս զեկույցը հրապարակվել էր անցած հունիսին, անցել է առնվազն երեք ամիս, սակայն, այս հարցում առաջընթաց դեռ չկա:
Փաստացի, մոտ մեկ տարի է`նոյեմբերից ի վեր, հազարավոր ռուս խաղաղապահներ Ղարաբաղում են միայն եռակողմ հայտարարության համաձայն, որտեղ նրանց վերաբերյալ ընդամենը երեք նախադասություն կա: Ըստ այդմ, նշվում է, որ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից:
Պուտինի, Ալիևի և Փաշինյանի ստորագրած այդ հայտարարությունը, մինչդեռ, չի հստակեցնում`կոնկրետ ինչ լիազորություններ ու իրավասություններ ունեն ռուս խաղաղապահները, և ինչ կարող են անել, եթե, ասենք, շփման գծում լարվածությունը կրկին աճի:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: