ՀՀ քննչական կոմիտեն մամուլի հաղորդագրություն է տարածել այսօր Արարատի մարզի Երասխի հատվածում զոհված զինծառայողի վերաբերյալ։
«2021թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ ուսի հատվածում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայություն իրականացնող՝ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը, որը նույն օրը՝ ժամը 11:45-11:50-ի սահմաններում, բժշկական կենտրոնում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն», — ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: