Արմավիրի մարզի Արմավիր գյուղում Շաքարյանների ընտանիքում, տարբեր անկյուններում, աչքի է ընկնում Արցախյան երկրորդ պատերազմում զոհված 18-ամյա Նարեկի ժպտացող նկարը: Իմ հարցին, թե կյանքում ինչն էր ամենաշատը սիրում Նարեկը, նրա հարազատներն արձագանքեցին. «Հենց կյանքն էր սիրում»:
Նարեկի մայրը՝ Քրիստինե Պապոյանը, զրույցի ժամանակ նշում է, որ որդուն զորակոչել են անցյալ տարվա հուլիսի 17-ին, սկզբում ծառայել է Մարտակերտում, մեկ ամիս անց տեղափոխել են Մատաղիս:
«Զանգում էր, միշտ ուրախ էր, ասում էր, որ շատ լավ է: Մի անգամ, պատերազմից առաջ զանգեց, հարցրեց, թե հեռուստատեսությամբ ինչ են խոսում, հայրն ասաց՝ ոչ մի բան: Վերջին անգամ զանգեց հոկտեմբերի 25-ին, ասաց՝ մա՛մ, երեք օր չսպասես զանգիս, որովհետեւ կապ չկա: Այդ օրը զանգեց, ծննդյանս օրը շնորհավորեց, զգացի, որ տխուր էր, առաջվա պես ուրախ չէր: Երրորդ օրը խաբարը եկավ, որ Նարեկս չկա, զոհվել է Թաղավարդում, Կարմիր շուկայի մոտ»,- պատմում է մայրը:
Հայրը՝ Արթուր Շաքարյանն էլ հիշում է, որ պատերազմից երեք օր հետո որդին զանգել է, ինքն էլ տեղեկացել է, որ հենց իրենց ուսումնական վաշտին են հարվածել, իրենք էլ փախչել են:
Արթուր Շաքարյանի հետագա զրույցը վերածվեց էքսպրոմտ ելույթի:
«Իրենց կորպուսի հրամանատարին՝ Կարեն Շաքարյանին, տվել են Արցախի հերոսի եւ գեներալի կոչումներ: Ես կյանքում այդքան ոգեւորված չեմ տեսել իմ երեխուն, ինքը ոգեւորված ասում էր՝ ո՞վ է նա, որ տվել են այդ կոչումները, ինքն անգամ զինվորի տեղը չի իմացել, թե որտեղ է զինվորը: Իրեն ինչո՞ւ են տվել այդ կոչումները: Վերջերս պարզվեց, որ Կարեն Շաքարյանի հրամանով տասնութ տարեկան անփորձ զինվորներին Մատաղիսից տեղափոխել են Թաղավարդ: Նարեկիս հետ երկու ամիս ծառայող տասնութ տարեկան տղաներ կան, որ պատմում են, թե ինչպես են իրենց տեղափոխել Թաղավարդ: Եվ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այդ մարդուն տվել է Արցախի հերոսի, գեներալ-գնդապետի կոչումներ: Նարեկիս հետ ծառայած տղաները զորացրվել են, եկել մեր տուն եւ պատմել ամեն ինչ: Նարեկս մի անգամ էր գնացել՝ կրակելու: Ամբողջ ծառայության ընթացքում ինքը մեկ անգամ է գնացել կրակելու, պետք է վարորդ լիներ, ինքը ԴՈՍԱԱՖ-ում սովորել էր որպես վարորդ: Տասնութ տարեկան երեխեքին լցրել են երեք <Կամազ>, տարել են Թաղավարդ, կանգնեցրել այն տեղերում, որտեղ նույնիսկ դիրք չի եղել, փոս չի եղել, որ երեխաս մտնի մեջը: Այդտեղ էլ զոհվել է իմ տղան: Ես ուզում եմ հարցնել Կարեն Շաքարյանին՝ դու քո երեխային, քո թոռանը կուղարկեի՞ր, դու կգնայի՞ր այնտեղ: Քեզ, որ տվել են Արցախի հերոսի կոչում, դու անգամ Արցախի … չարժես: Եվ հիմա իմ որդին, իմ մինուճարը չկա… »,- հուզմունքից խեղդվելով պատմում է Նարեկի հայրը:
Արցախի Հանրապետության նախագահի 2021թ. հրամանագրով Նարեկ Շաքարյանը հետմահու պարգեւատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով, Արիության մեդալով: Պարգեւները բերող մայորը նույնիսկ չի իմացել, որ Նարեկը երբ է զոհվել, ծնողներին ասել է, թե նա զոհվել է հոկտեմբերի 17-ին:
«Նույնիսկ զորամասի սպայական կազմը չգիտի, թե զինվորը ով է, երբ է զոհվել, որտեղ է զոհվել: Ես իրեն բացատրել եմ, որ իմ որդին զոհվել է Թաղավարդում, քանի որ իմ որդու ընկերը Թաղավարդում պատահական իմացել է, որ Մատաղիսի տղերքին այնտեղ են տեղափոխել: Նա այնտեղ կանչել է Նարեկին, Նարեկը նայել է, սակայն չի ճանաչել, հետո, երբ ճանաչել է, կասկան գլխից հանել-շպրտել է, եկել, փաթաթվել է, համբուրել ու ասել՝ բա Ռոբ ջան, եթե Մատաղիսից պրծել ենք, էստեղից էլ կպրծնենք: Բայց երեխաս չպրծավ էդտեղից: Մի օր էլ չեն եկել, մեր օջախը մտել, մեզնից հարցուփորձ արել>,- պատմում է մեր զրուցակիցը: Հետո նա հիշում է նաեւ, որ հոկտեմբերի սկզբին երեք օր մնացել են անտառներում, մի սպա չի եղել իրենց մոտ, եղել է միայն մի սերժանտ, որոշել են փախչել Հայաստան, ճանապարհին հանդիպել են սպայական <Վիլիս>-ին, սպան զանգել է ռացիայով, սպաներին տեղյակ է պահել, որ գան, զինվորներին տեր կանգնեն:
Արթուր Շաքարյանը պատմում է, որ իրենց ընտանիքն առ այսօր զրկված է բնական գազից: Պաշտպանության նախարարությունից եկել են, խոստացել, որ գազի հարցը կլուծեն, սակայն վեց ամիս է անցել, եւ ոչ մի պատասխան չեն ստացել: Հետո նա դիմել է Արմավիրի մարզպետարան, որտեղից էլ ասել են, որ իրենց գործառույթների մեջ չի մտնում զոհվածի ընտանիքին գազով ապահովելը:
Զոհված զինծառայողի հայրը հռետորական հարց է ուղղում՝ ո՞ր մի պաշտոնյայի, ԱԺ պատգամավորի որդին է կռվել Արցախյան պատերազմի ժամանակ, ո՞ր մեկն է զգում այն սուգը, ցավը, որ զգում են շարքային որդեկորույս քաղաքացիները:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: