Երևանի Ֆիզգորոդոկ թաղամասի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ։Երեկ հացադուլ էր հայտարարել գիտավանի բնակիչ, մասնագիտությամբ իրավաբան Հայկ Հարությունյանը, իսկ այսօր նրան է միացել թաղամասի երկրորդ բնակիչը՝ ինժեներ Կարեն Ամիրխանյանը։ Նույն թաղամասի բնակիչ Սեդա Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ խնդրի վրա հրավիրելով իրավապաշտպանների և լրագրողների ուշադրությունը։
«Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակիչները, բախվելով ՌԱՏԿՈ ՍՊԸ-ի` պետական կառույցների հանցավոր անգործությամբ երաշխավորված ապօրինությունների եւ ոստիկանական ահաբեկչության շարունակականությանը, ստիպված են դիմել իրենց բողոքի արտահայտման ծայրահեղ միջոցի` հացադուլի։
Հրավիրում եմ բոլոր իրավապաշտպանների ու լրագրողների ուշադրությունը»։
Երեկ շինհրապարակի մոտակայքից ոստիկանությունը բերման էր ենթարկել Կոսմոլոգիայի և աստրոֆիզիկայի կենտրոնի գիտաշխատող Հարություն Խաչատրյանին, իսկ քիչ անց ազատ արձակել։ Վերջինս Forrights.am-ին պատմեց, որ բերման է ենթարկվել «ոստիկանի օրինական պահանջը չկատարելու» պատճառաբանությամբ, իր նկատմամբ բռնություն չի եղել:
Ոստիկանությունից տեղեկացանք, որ Խաչատրյանը ձերբակալվել էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար։ «Կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, և ինքն ազատ է արձակվել», — հայտնեցին ոստիկանությունից։
Իսկ թե ինչպե՞ս է տեսնում «Ֆիզգորոդոկ»-ի հետ կապված խնդրի լուծումը, Խաչատրյանն ասաց.
«Հանրային գերակա շահ ճանաչեք»։ Քանի որ ապօրինի է սեփականաշնորհվել , եսիմ երբ է սեփականաշնորհվել, կարող են այդ ձևով լուծում տալ։ Դա Երևանի ամենահանգիստ թաղամասերից մեկն է, իրենք վերցնում ապականում են։ Եթե չեն կարողանում օրինական ձևով անել, օրենքը կա, թող հանրային գերակա շահ ճանաչեն։ Սեփականատերերին տան գումարը, որ տվել է այդ հողակտորի համար ու վերջ, վերացնեն այդ հարցը», — ասում է գիտաշխատողը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր թաղամասի բնակիչները պահանջում են դադարեցնել 12 հարկանի շենքի կառուցումը՝ նշելով, որ 3-4 հարկանի շենքերով թաղամասի ճարտարապետական տեսքը կփչանա բարձրահարկի կառուցման դեպքում, ինչպես նաև եզակի կանաչ տարածքի ծառերը են հատվելու, շինթույլտվության համար պետք է արվեր ՇՄԱԳ փորձաքննությունը, քանի որ տարածքը գերազանցում է 1500 քմ-ն։
Օգոստոսի 23-ին քաղաքապետարանում հանդիպում էր եղել թաղամասի մի քանի բնակչի, այդ թվում՝ իրավաբան Հայկ Հարությունյանի, քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանի, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանի մասնակցությամբ։
«Եվ ես պետք է ասեմ, որ մեր պահանջներից որևէ մեկը բավարարված չէ։ Եվ հանդիպման արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքապետարանը ոչ մի քայլ չի պատրաստվում ձեռնարկել այս ապօրինի գործունեությունը կասեցնելու և վերացնելու ուղղությամբ», — ասում է ակտիվիստ Սեդա Գրիգորյանը։
Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Իոսիֆ Կուբաթյանն ասաց, որ դատարանը պետք է այս հարցով որոշում կայացնի։ «Բազմիցս ասել ենք, որ կա շինթույլտվություն և բնակիչներին բազմիցս բացատրել ենք, որ քաղաքապետարանը իրավասություն չունի զբաղվել հողի օտարման իրավաչափությունը ստուգելով։ Դրանով պետք է զբաղվեն այլ մարմիններ», — նշեց նա։
Ֆիզգորոդոկի տարածքում կառուցապատում իրականացնող «Ռատկո» ընկերության տնօրեն ու համասեփականատեր Արթուր Մնացականյանն այս խնդրի հանգուցալուծումը տեսնում է օրենքին հետևելով։ «Մենք պարտավոր ենք ենթարկվել ՀՀ օրենսդրությանը, և քանի դեռ չկա որևէ կասեցում կամ արգելք, մենք չենք պատրաստվում կասեցնել շինարարությունը»։
Նշենք նաև, որ Օգոստոսի 21-ին տարածքի մոտակայքում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը անհամաչափ ուժ էր կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ։
Սերգեյ Առաքելյան
Լուսանկարը՝ Սեդա Գրիգորյանի ֆեյբուքյան էջից
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: