Հայաստանի Քննչական կոմիտեն առաջարկում է համաներում կիրառել ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցագործությունը կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

«Նախագծի ընդունման արդյունքում կհայտարարվի համաներում, որը կտարածվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցած՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց վրա, որով կկարգավորվեն պետություն-քաղաքացի որոշակի իրավական փոխհարաբերություններ: Արդյունքում պետությունը, համաներում հայտարարելով, գնահատում է ռազմական գործողությունների ընթացքում իր զինված ուժերի կողքին կանգնելու քաղաքացիական պարտքի կատարման վեհ գործին նվիրումը, ինչին ի պատասխան ցուցաբերում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ»,- նշված է նախագծի բնութագրում:

«Սոցիալական արդարություն» ՀԿ ղեկավար, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը նշում է՝ պետությունն այս համաներումը կիրառելով ինչ-որ առումով փորձում է չբացահայտել պատերազմի ընթացքում  իր կողմից թույլ տված բացթողումները:

«Պետությունը ժեստ է անում: Այն դատապարտյալները, որոնք ուզել են գնալ սահման իրենք ավելի «լավն են», քան այն մարդիկ, որոնք ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու համար կալանավորվել էին կամ դատապարտվել էին, բայց չէին ցանկացել գնալ սահման: Սա մարդասիրական քայլ է համարվում, սակայն, ի սկզբանե ճիշտ չէր դատապարտյալներին ուղարկել սահման, քանի որ բազմիցս հայտարարվել է, որ հազարավոր մարդիկ գնացել են Արցախ՝ որպես կամավոր, բայց նրանց չի հատկացվել անհրաժեշտ պարագաներ, չի տրվել մարտական գործողություններ կատարելու հրաման:

Մարդիկ, որոնք իրենց հատկացված տարածքից առանց հրամանի դուրս են եկել համարվում է փախուստ մարտի դաշտից: Մեր քրեական օրենսգրքով հանցանք է համարվում: Հիմա իշխանությունը հասկանում է, որ պետությունը իր պարտավորությունները զինվորի նկատմամաբ չի կատարել՝ չի տրամադրել, զենք, զրահաբաճկոն, պաշտպանիչ գլխարկներ, չի տվել համապատասխան հանձնարարություններ, քարտեզներ…Այժմ հասկանում են, որ չարժի այդ մարդկանց քրեական հետապնդման ենթարկել, որովհետեւ պետության մեղավորությունն է, որ մարդիկ կռվելու փոխարեն փախել են: Դրանք կարող էին արտահայտվել  ոչ միայն փախուստով, այլ նաեւ հրաման չկատարելով, ոչ կանոնադրական պահվածքով եւ այլն: Եթե հարուցվեն գործեր, ապա հնարավոր է, որ այս մարդիկ բացահատումներ անեն, որոնք իշխանությանը հնարավոր է ձեռք չտա»,- ասում է Արշակ Գասպարյանը:

Համաներումը կտարածվի նաեւ մինչև սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, ովքեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողություններին:

Արշակ Գասպարյանը սա անարդար է համարում այն  կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցել պատերազմին: Փորձագետը շեշտում է՝ վաղաժամ ազատության չափանիշը ոչ, թե պետք է լինի պատերազմին մասնակցությունը, այլ օրենքով սահմանված դրույթները:

«Դատապարտյալը կատարել է հանցանք պետք է պատիժը կրեր այնքան՝ որքան իր համար նախատեսված է, եթե այդ մարդը դրական վարքագիծ ուներ եւ պետք է վաղաժամ ազատվեր, ապա պետք է սահմանված կարգով ազատվեր, բայց ոչ այն պատճառով, որ ինքն ավելի հայրենասեր է, քան 250 հազար դրամ գողացած մեկ այլ ազատազրկված, որը իր կամքով չի ցանկացել սահման գնալ:

Դատապարտված մարդու հասարակություն վերադարձը պետք է պայմանավորված լինի, թե որքանով նա կարող է վերաինտեգրվել հասարակությունում եւ զարծ մնալ հանցավոր վարքից: Պատերազմ մեկնելը ոչ միայն զերծ չի պահում հանցանք գործելուց, այլ մարդիկ որոնք պատրաստ չեն հասարակություն վերադարձին, ապա կարող է ստեղծվել իրավիճակ, որ ավելի ծանր հանցագործություն կգործեն»,- ասում է փորձագետը:

44-օրյա պատերազմին մասնակցելու նպատակով քրեակատարողական հիմնարկներում գտնվող 38 անձ ազատ է արձակվել։ Փոխվել է 12 կալանավորի խափանման միջոցը, իսկ 26 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել: ՀՀ արդարադատության նախարարության հայտնած տեղեկատվության համաձայն, 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ԱՆ քրեակատարողական հիմնարկներ ներկայացվել է ռազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ 1038 անձի դիմում։ Դիմողներից 491-ը կալանավորված անձինք են, 547-ը՝ դատապարտյալներ։  Արտակ Գասպարյանը նշում է՝ ազատազրկվածներին ռազմաճակատ ուղարկելու գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողություն չի իրականացվել, քանի որ պետական մարմինները պատշաճ վիճակագրություն չեն վարել:

«Պետությունը չունի լծակ հետեւելու, թե ազատազրկման վայրերից պատերազմ մեկնած մարդիկ ի՞նչ են արել: ՔԿ-ն վստա՞հ է, որ ազատազրկվածներից բոլորն են մեկնել առաջնագիծ, արդյո՞ք առաջնագծում իրենք կատարել են առաջադրանք, արդյո՞ք առաջադրանքը կատարել են արդյունավետորեն, որովհետեւ այսպիսի հսկողական մեխանիզմ չունի պետությունը: Որեւէ մեկը չգիտի՝ նրանից քանիսն են զոհվել, քանիսն են վիրավորվել, քանիսն են վերադարձել կրկին կալանավայրեր»,- ասաց նա:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest