Պատերազմից հետո Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածների ուղղություններ պետք էր փոխել, իշխանությունները չեն արել. քաղաքագետ

115

Երեկ՝ օգոստոսի 25-ին, կեսգիշերին տեղեկություն տարածվեց, որ  ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փակել են Շուռնուխ-Կարմրաքար համայնքերը կապող ճանապարհը։ Խոսքը Երևան-Մեղի-Թեհրան միջպետական՝ Մ2 ճանապարհի մասին է։ Առավոտյան արդեն հայտնի դարձավ, որ  ադրբեջանական ուժերը փակել են նաև նույն ճանապարհի Գորիս-Որոտան հատվածը։ Արդյունքում փակ է Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար ճանապարհը։

Օգոստոսի 26-ին այս տեղեկությունը հաստատեց նաեւ ՀՀ ԱԱԾ-ն՝ հավելելով, որ աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ադրբեջանցիների կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի՝ Դավիթ Բեկ գյուղի հատվածի, փակման միջադեպով հատուկ հաղորդումներ կուղարկի համապատասխան միջազգային մարմիններին: Թաթոյանը գիշերը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ փակել ու հրաժարվում են բացել ճանապարհը։

Գորիս-Որոտան-Շուռնուխ՝ 21 կմ հատվածի շուրջ Հայաստանը չունի եռակողմ փաստաթուղթ, այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով՝ փորձ է արվում ներկայացնել, թե Հայաստանի կառավարությունը ժողովրդի թիկունքում որևէ բան է արել։ Թե ի՞նչ է տեղի ունեցել այս գիշեր Գորիս-Կապանի միջպետական ճանապարհի Շուռնուխի հատվածում, վարչապետը մանրամասնեց․ — «Էդ հատվածում՝ 21կմ-ի մասին է խոսքը, որը Խորհրդային Միության քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել, էդ տեղերում եկել են ադրբեջանցիները փակել են….»։

Փաշինյանը հայտարարեց նաև, որ Սյունիքում կա այլ՝ Կապան-Աղվանի ճանապարհը. «Այն մեծ տեմպերով ասֆալտապատում ենք։ Նորմալ, գրունտային ճանապարհ կա։ Ես նկատի ունեմ՝ Սյունիքի մարզը, իհարկե, Հայաստանից կտրված չէ»

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը նշում է՝ թշնամական պետության ղեկավարությունը սպասում էր, որ Հայաստանի խորհրդարանը հաստատի Փաշինյանի կառավարության ծրագիրը, որպեսզի նման քայլի դիմեր:

«Մինչ կառավարության ծրագրի հաստատումը Նիկոլ Փաշինյանը լիազորություններ չուներ նման հարցեր կարգավորելու, որովհետեւ կառավարությունը որպես գործադիր մարմնի իրավուսու ուժ դառնում է այդպիսին իր ծրագիրը խորհրդարանի կողմից ընդունվելուց հետո:  Ադրբեջանն այս գործողություններով փորձում է զարկ տալ սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացներին: Սա ուժային շանտաժ է, որ Հայաստանն ընդունի Ադրբեջանի կողմից առաջ բերված տարբերակը»:

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ խորհրդային ժամանակներում Հայաստանի որոշ կոմունիկացիաներ անցել են խորհրդային Ադրբեջանի տարածքով: Մասնավորապես, Սյունիքում մի քանի հատված կա՝ Գորիս-Կապան ճանապարհը, մտնում է խորհրդային Ադրբեջանի տարածք: Այս հանգմանքը հիմա ադրբեջանական կողմը օգտոգործում է ՀՀ-ի դեմ:  

«Հայաստանի իշխանությունները, պատերազմից հետո՝ այս ժամանակահատվածում, ոչ մի բան չեն արել, որ այդ ճանապարհները չանցնեն Ադրբեջանի տարածքով: Որեւէ խնդիր չկար այս մեկ տարվա ընթացքում այդ ճանապարհների ուղղությունները փոխել, որը շատ մեծ երկարություն չէր ներառում՝ մի քանի հայրուր մետրի մասին է խոսք: Դրանց ուղղությունը պետք էր փոխել այնպես, որ անցնեին Հայաստանի տարածքով: Սրանով Ադրբեջանին կզրկեին որեւէ սադրանքի դիմելու եւ իր ցանկությունները պարտադրելու հնարավորությունից»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը եւ նշում, որ Հայաստանի իշխանությունները կամ բավարար գիտելիքներ չեն ունեցել այս իրավիճակը նախապես կանխորոշելու մասին, կամ դիտավորյալ անգործության են մատված եղել:

«Հայաստանի իշխանությունները հերթական անգամ ի օգուտ թշմանում գործողություններ են կատարում եւ դա ներկայացվում է հանարությանը որպես խաղաղության անհրաժեշտություն»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը:

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը վերջերս հայտարարել էր, որ հակառակորդը ոչ մի ձեւ չպետք է մտածի ներթափանցել մեր տարածք: «Դրա համար հրամանատարները ունեն բոլոր իրավունքերը կիրառել բոլոր միջոցները մեր սահմանները պաշտպանելու նպատակով»,- ասել էր նա, որի հայտարարությունից մի քանի շաբաթ անց թշնամին իր վերահսկողության տակ վերցրեց Գորիս-Կապան ավտոճանապարհը:

Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է ստացվում, որ նախարար հայտարարության ճիշտ հակառակ իրավիճակն է տեղի ունենում:

«Պետք է հասկանանաք, որ ՊՆ խոսքերը կես կոպեք չարժեն: Արդեն հայտ է, որ առնվազն մեկ վաշտի չափով ադրբեջանցիները վերցրել են հսկողությունը ճանապարհի մեկ հատվածում: Սա լրաջագույն ներխուժում է ՀՀ սուվերեն տարածք»,- ասաց նա:

Սյունիքի մարզային իշխանությունները հայտնում են բանակցությունների մասին, որոնց ադյունքերով ակնկալվում է բացել ավոտճանապարհը:

«Կապան–Տաթեւ ճանապարհն այս պահին արագ տեմպերով նորոգվում է, Շուռնուխից Որոտան, Որոտանից Խոտ այլընտրանքային ճանապարհները եւս գործում են։ Սյունիքի մարզը, մասնավորապես Կապանը, կտրված չէ արտաքին աշխարհից»,–ասաց մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը՝ հավելելով. «Իմ ունեցած տեղեկություններով՝ հիմա բանակցություններ են ընթանում»։

Սյունիքի մարզի որոտան համայնք հացի մեքենան մտել է մեծ դժվարությամբ՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ:

Նարեկ Կիրակոսյան