Կրկին նկատողություն ու դահլիճից հեռացում․ Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի քննարկումը հարթ չի ընթանում։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Աննա Մկրտչյանը նախքան վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելը նախ դիմեց հանրությանը․
«Սիրելի հայրենակիցներ, ձեզ իհարկե որևէ կերպ հնարավորություն ընձեռված չէ տեսնելու այն իրականությունը, որը կա էս դահլիճում, հիմա ուզում եմ ձեզ պատմել․ հիմա էս անձնավորությունն իր հետ դահլիճ է բերել ախրանիկներ, որոնք երբևէ Ազգային ժողով չեն մտել»։ Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնայնը ընդհատեց նրա ելույթը, զսպվածության կոչ արեց, ապա նկատողություն տվեց։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նախ հետաքրքրվեց վարչապետից, թե ինչպես է «վերաբերվում իր թիմակիցների կողմից հնչող ռեպլիկներին», Փաշինյանն էլ պատասխանեց, թե իր թիմակիցները բավականին զուսպ են արձագանքում, «ես կասեի, որ նույնիսկ մեղմ են արձագանքում»։
Մկրտչյանը տեղից արձագանքեց, Ալեն Սիմոնյանն էլ նրան հեռացրեց դահլիճից։ «Ես խնդրում եմ անվտանգության աշխատակիցներին տիկին Մկրտչյանին ուղեկցել դուրս՝ կանոնակարգ օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան», — ասաց Սիմոնայնն ու 20 րոպե ընդմիջում հայտարարեց։
Ընդմիջման ժամանակ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ ծեծկռտուք է սկսվել։ Պատգամավորներն իրար հարվածում էին անգամ նիստերի դահլիճ աթոռներով։
Դահլիճ էին մտել նաեւ անվտանգության աշխատակիցները, որոնք փորձում են բաժանել պատգամավորներին։
Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությանը, հիշեցնենք, Մկրտչյանը կրկին հեռացվել էր դահլիճից վարչապետին որակումներ տալու համար։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: