«Ֆիզգորոդոկի» բնակիչների բողոքի ակցիան․քննարկում քաղաքապետարանում

60

«Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում քաղաքապետարանի շենքի առջև։ Ակցիային զուգահեռ քաղաքապետարանում տեղի էր ունենում հանդիպում Ֆիզգառադոկի 3 բնակիչների, նրանց փաստաբանի, քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանի և այլ աշխատակիցների  հետ։ Նշենք, որ արդեն մի քանի օր է, բնակիչները բողոքի ակցիաներ են անցկացնում «Ֆիզգորոդոկ»-ի տարածքում կառուցվող 12 հարկանի շենքի կառուցման դեմ։

Բնակիչների խոսքերով՝ 3-4 հարկանի շենքերով թաղամասի ճարտարապետական տեսքը կփչանա բարձրահարկ շենքի կառուցման դեպքում, ինչպես նաև եզակի կանաչ տարածքի ծառերը են հատվելու, որը վնաս է հասցնելու կենսամիջավայրին։ Օգոստոսի 21-ին անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը անհամաչափ ուժ էր կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ։

Թաղամասի բնակիչ, ճարտարապետ Աշոտ Խաչատրյանը  լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս կառուցապատման նախագիծը խտության առումով նորմատիվը գերազանցում է մոտ 2 անգամ, որը Հայաստանի օրենքներն չի համապատասխանում։ «Դա սանիտարական խնդիր է, և պետք է նորմատիվը պահպանվի։ Առավել ևս այս կորոնավիրուսային հիվանդության պայմաններում կառուցապատման այս խտությունն անթույլատրելի է», — նշեց ճարտարապետը։

Թաղամասի բնակիչ Սեդա Գրիգորյանը, ով ակցայի ժամանակ հիմնական ելույթ ունեցողն էր, ասաց, որ այսօրվա հանդիպումը շատ դժվարությամբ էր կազմակերպվել։ Կառուցապատող «Ռատկո» ընկերությունից որևէ ներկայացուցիչ չի եղել հանդիպմանը, որը կազմակերպել էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը։

Սեդա Գրիգորյանը նաև ասաց, որ հանդիպմանը պետք է ներկա լիներ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը, սակայն չէր եկել։ «Բնակիչները ներկայացնում են բոլոր իրավական հիմքերը, որով որ պահանջում են կասեցնել այս աշխատանքները։ Տարօրինակաբար մենք ենք ներկայացնում, որը որ պետք է պետական կառույցներն անեին։ 2,5 տարի է, մենք բարձրաձայնում ենք այս խնդիրների մասին։ Իհարկե մեզ ստիպեցին գնալ ֆիզիկական դիմադրության, տվեցին ապօրինի շինթույլտվությունը, ոստիկաններին ուղարկեցին մեր վրա հարձակման, արդյունքում նոր սկսեցին աչալուրջ լինել այս պահանջներին», — հավելեց նա։

Վերջինս նաև ասաց, որ շինարարությունը կասեցվել է այն բանից հետո, երբ խնդրին միջամտել է Շրջակա միջավայրի նախարարությունը, և որ գերատեսչությունը կասեցրել է այն փաստաթղթերին ծանոթանալուց և պարզելուց հետո, որ կառուցապատման նախագիծը ՇՄԱԳ փորձաքննություն չի անցել։

Օգոստոսի 21-ին ոստիկանությունն ուժ էր կիրառել թաղամասի բնակիչների դեմ, բերման էր ենթարկել քաղաքացիներ մի քանիսին, ինչպես նաև ծեծի էր ենթարկվել 19-ամյա մի երիտասարդ։

«19 տարեկան երիտասարդին տարել բաժնում ծեծել են, վերջում էլ գործ են կարել երիտասարդի վրա պետական գույքի վնասման համար այն պարագայում, երբ որ իրենք մեքենան քշել են տղայի մոր վրա։ Ես ուզում եմ տեսնել այդ ոստիկանի դեմքը, եթե ինչ-որ մեկը մեքենա քշեր իր մոր վրա, ի՞նչ պիտի աներ այդ ոստիկանը», — հարցնում էր Սեդա Գրիգորյանը։

2 ժամից ավելի տևած հանդիպումից հետո թաղամասի բնակիչ, իրավաբան Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կոնստրուկտիվ հանդիպում է եղել քաղաքապետի խորհրդականի և քաղաքապետարանի այլ աշխատակիցների հետ։

«Ներկայացրել ենք, որ ակնհայտ հիմքեր կան պնդելու, որ հողը հափշտակվել է Հայաստանի Հանրապետությունից, բարեխիղճ ձեռքբերողն այդ առումով պաշտպանված չէ, և սեփականատերը կարող է այդ հողը հետ պահանջել։ Այո, կարող են լինել իրավական խնդիրներ, բայց այդ բոլոր իրավական խնդիրներն ունեն լուծումներ։ Եվ մենք համարում ենք, որ այդ հողատարածքը, որը հանրային նշանակության հողատարածք է եղել, և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք է ունեցել օգտվել այդ տարածքից, պետք է վերադարձվի պետությանը», — ընդգծեց նա։

Օգոստոսի 21-ին ոստիկանության կողմից ուժի կիրառման վերաբերյալ երեկ հայտարարության էր տարածել նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ ՄԻՊ «աշխատակազմի ուսումնասիրությունները, բաժին ու հիվանդանոց այցը, հրապարակային նյութերի ուսումնասիրությունը վկայում են, որ Ոստիկանության գործողությունները խախտում են բերվածների իրավունքները, այդ գործողությունները պետք է լինեն համաչափ»։

Իրավիճակի հետ կապված հայտարարություն էին տարածել նաև մի շարք իրավապաշտպան, քաղաքացիական հասարակական կազմակերպություններ՝ խստորեն դատապարտելով Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության ոլորտում վարվող քաղաքականությունը։

Սերգեյ Առաքելյան