«Օգոստոսի 19-ին մեզ զանգահարեց Տարոնիս հրամանատարներից մեկը՝ Ավետիքը։ Ասաց՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Տարոնին հետմահու «Մարտական խաչ» շքանշան է շնորհել, ասաց՝ եկե՛ք, Տարոնին շնորհված պարգևը վերցրեք «Աշխարհազորային կամավորական ջոկատներ» ՀԿ-ից: Այնտեղից Տարոնը կամավոր մեկնել էր Արցախւ։ Այդ օրը՝ օգոստոսի 19-ին, մենք Երևանում չէինք։ Ես ասացի, որ դա նորմալ վերաբերմունք չէ իմ որդու և մեր նկատմամբ, ի՞նչ է նշանակում «եկե՛ք, շքանշանը վերցրե՛ք»։ Դրանից հետո հրամանատարը խոստացավ, որ օգոստոսի 23-ին շքանշանը կբերեն, կհանձնեն նորմալ, ընդունված կարգով, բայց հետո շատ վատ վարվեցին մեզ հետ», — ForRights.am-ին պատմեց Արցախյան պատրազմում զոհված Տարոն Գիվարգիզյանի մայրը՝ Լաուրա Սարգսյանը։
Տարոնը, զինվորական ծառայության պիտանի չլինելով, առանց զինվորական գրքույկի մեկնել էր Արցախ՝ հայրենիքը պաշտպանելու։
Տարոնի մայրը պատմեց՝ թեև համանատարը խոստացել էր, որ օգոտոսի 23-ին՝ ժամը 16-ին, Տարոնին շնորհված շքանշանը կհանձնեն, բայց հետո կրկին զանգել է ու ասել՝ եկե՛ք դուք ստացեք այն։
«Մենք սպասում էինք, որ երեկ պիտի լիներ շքանշանի հանձնման արարողությունը։ Ընտանիքով որոշեցինք, որ Տարոնի մոտ՝ այնտեղ, որտեղ ննջում է նա, կհանձնեն այդ պարգեւը։ Հոգևորական ու լրագրողների էինք կանչել, որպեսզի շքանշանի հանձնման արարողությունը օրհնվի ու լուսաբանվի, սակայն Տարոնի համանատարը՝ Ավետիքը զանգահարեց ու ասաց՝ չեն կարող շքանշանը բերել, քանի որ Արցախ են գնալու։ Ասաց՝ շքանշանը կարող է Տիգրանը՝ Տարոնի մարտական ընկերը փոխանցել մեզ, ես էլ շատ վիրավորվեցի, ասացի՝ այդպես լավ չէ, դրե՛ք տաքսու մեջ, այդպես ուղարկե՛ք, սովոր եք այդպես անել։ Ավետիքն ասաց․ «տիկի՛ն ջան, շնորհակալ եղեք, որ Տարոնին մեդալ է շնորհվել, քո տղայից լավ տղաներ էլ են զոհվել»։
Հետո Տարոնի հարազատներն իմացել են, որ մեդալը տարել են ՊՆ, իսկ ՊՆ-ից դեռ չեն հայտնել, երբ են հանձնելու:
Տիկին Լաուրան ընդգծեց, որ բոլորը գիտեն Տարոն հայրենասիրության, նրա կատարած սխրանքների մասին և, այնպես չէ, որ նա մեդալի համար է կռվել:
«Այդ պարգեւն էլ Արցախի նախագահի կողմից է շնորհվել, իսկ ինչո՞ւ Հայաստանի պետական պաշտոնյաները, պատկան մարմինները մեդալ չեն շնորհում Տարոնին, որպեսզի ինչ-որ թոշակ չտա՞ն այդ մեդալի հետ մեկտեղ։ Մեզ փող պետք չէ։ Ես իմ տունն էլ կտամ, ինչ ունենք-չունենք, կտանք, թո՛ղ իմ Տարոնին վերաձարձնեն։ Ինչպե՞ս կարելի է որդեկուրույս մոր հետ այդպես խոսել։ Հրամանատարն ինձ ասաց. «Քո տղայից լավ տղաներ էլ են զոհվել», իսկ ես ասում եմ՝ այդ հրամանատարը չի կարող դասվել մեր քաջերի շարքին։ Մեր տղաները անմահացել են, նրանք կան։ Ու մի փաստ էլ արձանագրեմ․ այն պահին, երբ ԱԹՍ-ն հարված է հասցրել և իմ տղան ու իր մարտական ընկերները զոհվել են, այդ ժամանակ նրանց կողքին հրամանատար չի եղել»,- ասաց տիկին Լաուրան։
Հասմիկ Բալեյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: