Այսօր ԱԺ-ում ծեծկռտուքի ժամանակ, երբ անվտանգության աշխատակիցները ուժով հեռացնում էին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգմավոր Աննա Մկրտչյանին, նրա ինքնազգացողությունը վատացել է: Նրան բուժօգնություն ցուցաբերելու համար Ազգային ժողով է ժամանել շտապօգնության մեքենա ։ Աննա Մկրտչյանը պարանոցի, ձեռքերի եւ ոտքերի հատվածում տեսանելի վնասվածքներ է ստացել միջադեպի ժամանակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հաստատեց Աննա Մկրտչյանը։
«ԱԺ-ում գտնվող զինվորական համազգեստով մարդիկ որեւէ դեպքում Հայաստանի քաղաքացիների, անվտանգության պաշտպանության հետ ոչ մի կապ չունեն։ Այդ մարդիկ Նիկոլի հոգեկան աշխարհը հանգստացնելու համար են։ Զինվորական հագուստն ու զենքերը նրա համար են, որ Նիկոլ Փաշինյանն իրեն լավ զգա, հարմարավետ, նոպաների մեջ չընկնի»,- ասաց Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ իրեն վնասողները եւս եղել են ՊՊԾ-ի աշխատակիցները, որոնք ապահովում են խորհրդարանի անվտանգությունը։»,- նշեց նա։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ևս միջադեպի ընթացքում հարվածներ է ստացել ոտքերին, ճակատին, պատռվել է վերնաշապիկը: Նա պնդեց, որ իրեն հարվածներ են հասցրել ԱԺ-ի անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայության պետը և ծառայության մի խումբ աշխատակիցներ: Ըստ Մինասյանի՝ նա պատրաստվում է տեղի ունեցածին իրավական ընթացք տալ: «Ես հիմա այս հարցազրույցից հետո, երբ մտնեմ նիստերի դահլիճ, իմ հարցի ժամանակ խոսելու եմ այս մասին»,- նշեց Մինասյանը:
Իսկ այդ ընթացքում իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանը հրելով դահլիճի տարածքից դուրս էր հանում լրագրողներին, նշելով՝ «Լավ եմ անում»: Այդ անվտանգության աշխատակիցները NEWS.am-ի օպերատորից պահանջել են ջնջել ԱԺ դահլիճում ծեծկռտուքի տեսանյութը: Երբ NEWS.am-ի օպերատորը տեսել է, որ նիստերի դահլիճի դուռը բաց է, մուտք է գործել դահլիճ և տեսանկարահանել միջադեպը։ Այդ ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, մատնացույց անելով NEWS.am-ի օպերատորին, անվտանգության աշխատակիցներին ուղղորդել է, որ վերցնեն օպերատորին պատկանող հեռախոսն ու ջնջեն տեսանյութերը։ Անվտանգության աշխատողները վերցրել են հեռախոսն ու ջնջել միջադեպի տեսանյութը: Նրանք նաև սպառնացել են, որ ծեծռտուքի տեսանյութը հրապարակվելու դեպքում օպերատորը կզրկվի ԱԺ հավատարմագրից:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում էր հայտարարել, որպեսզի ԱԺ դահլիճից անվտանգության աշխատակիցները դուրս հրավիրեին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։ Ընդմիջման ժամանակ ԱԺ դահլիճ են մուտք գործել մեծ թվով անվտանգության աշխատակիցներ, տեղի է ունեցել քաշքշուկ, լսվել են հայհոյանքներ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: